Քիք-բռնցքամարտիկ Սամվել Արթենյանը վստահ է, որ իր հաղթանակներով
աշխարհին ապացուցել է, թե հայերը ուժեղ են եւ նպատակասլաց:
2000 թվականին Հայաստանից հեռացած Սամվել Արթենյանը միայն երկու պարգեւ ուներ. լինելով Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող՝ հինգ անգամ դարձել էր քիք-բռնցքամարտի Հայաստանի չեմպիոն, մասնակցել աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների, եղել Կովկասի չեմպիոն: Հենց 2000 թվականին էլ Սամվելը նվաճեց Եվրոպայի պատանիների չեմպիոնի կոչումը եւ Գերմանիայում մարզվելու առաջարկ ստանալով՝ մեկնեց Հայաստանից: «Բայց վեց ամիս անց մի տեսակ հոգնեցի ու պայմանագիր կնքեցի բելգիական ակումբներից մեկի հետ: Մարզիչս ալբանացի էր ու Մու-Թայ-քիք-բռնցքամարտի չեմպիոն՝ բարձր պրոֆեսիոնալ: Հենց նրա մարզչական հմտություններն էլ ինձ օգնեցին մեծ նվաճումների հասնել: Ես քիք-բռնցքամարտով սկսել եմ զբաղվել 1995 թվականից: Առաջին մարզիչներս եղել են Հմայակ Թադեւոսյանն ու Վարդան Գեւորգյանը, որոնց երախտապարտ եւ շնորհակալ եմ երեկ, այսօր եւ հավերժ»,- մեզ հետ զրույցում ասաց Սամվել Արթենյանը:
2004 թվականից Սամվելն ընդգրկվել է քիք-բռնցքամարտի Բելգիայի հավաքականի կազմ եւ 10 լավագույնների մեջ միակ հայն է: «Հենց Բելգիայի հավաքականի կազմում էլ մեկ տարում մոտ 50 մենամարտ շահեցի, կարողացա դառնալ թե մարզիկների, թե մարզիչների լավ ընկերը: Մի քանի անգամ դարձա Գերմանիայի եւ Բելգիայի բաց առաջնությունների չեմպիոն, իսկ 2005-ին Կանադայում նվաճեցի աշխարհի չեմպիոնի կոչումը, Նյու Յորքում հաղթեցի «Ինտերկոնտինենտալ» առաջնությունում եւ նվաճեցի չեմպիոնի գոտին»,- պատմեց Սամվել Արթենյանը՝ հավելելով, որ քիք-բռնցքամարտիկ լինելով՝ միշտ երազել է դառնալ առանց կանոնների մարտերի չեմպիոն:
Բազմաթիվ պարգեւներին միակ երազածը գումարել՝ հայ մարզիկը կարողացել է այս տարվա հոկտեմբերին: ՄՄԿ «Կ1» ֆեդերացիան տարեկան երկու անգամ, մեկը՝ Ամստերդամում, մյուսը՝ Տոկիոյում, կազմակերպում է «Մարտեր առանց կանոնների» սուպերմրցաշար: 2009 թվականի հոկտեմբերի 2-ին Ամստերդամում հաղթելով գերծանր քաշային կարգում՝ Սամվել Արթենյանը դարձել է նաեւ «Մարտեր առանց կանոնների» չեմպիոն: «Հակառակորդս հասակով ինձնից 20 սմ բարձր էր եւ մինչ այդ անցկացրել էր 175 մարտ: Մեր դիմակայությունը տեւեց 40 վայրկյան, բայց այդ ընթացքում նա գլխին 28 հարված ստացավ եւ կորցրեց գիտակցությունը: Հետո պարզվեց, որ նաեւ ուղեղի ցնցում էր ստացել: Մրցելույթների ժամանակ ես միշտ էլ Հայաստանի մասին հիշատակել եմ ու կարողացել եմ ապացուցել, որ հայերը ուժեղ են եւ հասնում են իրենց նպատակներին՝ բոլոր բնագավառներում: Ես սպորտում հասել եմ այն ամենին, ինչին հնարավոր էր ու կրկնում եմ, որ դրա համար պարտական եմ իմ մարզիչներ Հմայակ Թադեւոսյանին, Վարդան Գեւորգյանին, Նաիմ Կրասինգին, Ռուդի Վան դեն Բրուելին»,- չի մոռանում Սամվելը: Միայն 2005 թվականին Արթենյանն ավելի քան 50 միջազգային մենամարտ է ունեցել, Բելգիայի բաց առաջնության ժամանակ մեկ օրում հինգ հաղթանակ տարել: Ի տարբերություն պրոֆեսիոնալ բռնցքամարտի, քիք-բռնցքամարտում եւ «Առանց կանոնների մարտերում» հնարավոր է՝ մարզիկը մեկ օրում երկու-երեք ռաունդանոց մինչեւ 10 մարտ անցկացնի:
Այս ընթացքում Սամվել Արթենյանը նաեւ հասցրել է Բելգիայում խանութների ցանց հիմնել, ամուսնանալ, ունենալ արու զավակ ու նրան Արթուր Արքա կոչել: Բազում բարձունքներ նվաճած բելգիահայ Սամվել Արթենյանը ոչ պակաս բարձունքներ նվաճած ավստրալահայ Վիկ Դարչինյանի հետ այսօր սովորում է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի հեռակա բաժնում, իսկ Բելգիայի համալսարաններից մեկում միջազգային օրենք եւ միջազգային հարաբերություններ է ուսանում: