Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկացիներն աշխուժացել են

Նոյեմբեր 06,2009 00:00

\"\" Ամերիկացի բռնցքամարտիկ Անդրե Ուորդը, որը գերմիջին քաշայինների «Super Six World Boxing Classic» մրցաշարի մասնակիցներից է, օրերս իր երկրի լրատվամիջոցներին հայտարարել է, թե երազում է չեմպիոնական առաջին գոտին տանել Ամերիկա: Բայց մինչ իր այդ երազանքը կատարելը, Ուորդը դեռ պետք է կարողանա նոյեմբերի 21-ին իր մեկնարկային մենամարտում հաղթահարել գերմիջին քաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն Միգել Քեսլերի արգելքը:
Մեկ ուրիշ ամերիկացի՝ կիսածանր քաշային կարգում աշխարհի կրկնակի չեմպիոն Չեդ Դոուսոնը, «Fightnwes.ru»-ի հավաստմամբ, մտադիր է «Super»-ի կազմակերպիչներին առաջարկել մասնակցության իր թեկնածությունը: Նա պատրաստ է փոխարինել իր հայրենակից Ջերմեն Թեյլորին, որին օրերս 12-րդ ռաունդում ծանր նոկաուտի ենթարկեց Արթուր Աբրահամը՝ կասկածի տակ դնելով վերջինի՝ պայքարը շարունակելու նպատակահարմարությունը:
Մարզասերներին տեղեկացրել էինք, որ Թեյլորին այդ մարտից անմիջապես հետո տեղափոխել էին Բեռլինի հիվանդանոցներից մեկը, որտեղ բժիշկները ուղեղի ցնցում էին ախտորոշել եւ խորհուրդ տվել մի քանի օր եւս մնալ Եվրոպայում, քանի որ այդ ժամանակ Թեյլորին դեռ արգելվում էր ինքնաթիռ նստել: Բայց նա չէր հետեւել բժիշկների խորհրդին ու մեկնել էր ԱՄՆ: Սակայն ժամանելուն պես բռնցքամարտիկը հարկադրված է եղել անմիջապես գնալ հիվանդանոց ու այնտեղ բժիշկների հսկողության տակ եւս մի քանի օր անցկացնել:
Հիմա լուրեր են շրջանառվում, թե գերմրցաշարի նախաձեռնող ու կազմակերպիչ «Showtime» հեռուստաընկերությունը արդեն իսկ սկսել է Ջերմեն Թեյլորին փոխարինող որոնել: «Ես պատրաստ եմ մասնակցել այդ մրցաշարին, եթե ինձ այդպիսի հնարավորություն ընձեռվի: Ես առանց խնդիրների կարողանում եմ քաշ գցել: Այնպես որ, հեշտությամբ կտեղավորվեմ գերմիջին քաշի շրջանակներում»,- Դոուսոնին մեջբերում է «boxingscene.com»-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել