Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցականները պատարագ են երգում

Նոյեմբեր 06,2009 00:00

Եվ յուրովի պայքարում աղանդների դեմ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գահակալման տասնամյակի կապակցությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը (ՔԴԿ) ՀՀ տասը մարզերի որոշ դպրոցների աշակերտների հետ իրականացնում է «Պատարագը մանուկների շուրթերով» ծրագիրը: Նախաձեռնությանը, որն անցկացվում է Վեհափառի հովանու ներքո, աջակցում է նաեւ ՀՀ ԿԳ նախարարությունը: Եռափուլ այս նախաձեռնության առաջին փուլը միջդպրոցականն էր, որից հետո նոյեմբերի 2-ին եւ 4-ին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում 8 դպրոցների երգչախմբերի միջեւ անցկացվեց մարզային փուլը: Այստեղ էին Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի եւ Թումանյանի տարածաշրջանի դպրոցները:
«Տարածքային փուլին մասնակցել են չորս՝ Շիրակամուտի թիվ 1, Կաթնաջուրի, Արեւաշողի եւ Սպիտակ քաղաքի թիվ 4 միջնակարգ դպրոցները: Վերջին երկուսն անցել են մարզային փուլ,- ասաց Էջմիածնի ՔԴԿ-ի Սպիտակի տարածաշրջանի պատասխանատու, մանկավարժ Կլիմենտ Ռստակյանը:- Դժվար էր միջնակարգ դպրոցներում այս աշխատանքների կազմակերպումը, բայց, փառք Աստծո, կարողացանք»,- ուրախությամբ նշեց մեր զրուցակիցն ու հավելեց, որ կազմակերպչական գործում մեծապես աջակցել են Սպիտակ քաղաքի հոգեւոր հովիվ հայր Ավետիք աբեղան եւ Արեւաշող գյուղի հոգեւոր հովիվ տեր Մովսեսը:
Արդի իրականությունն այնպիսին է, որ հավատավոր մարդու հոգին փառավորվում է, երբ առաքելական եկեղեցու հարկի տակ հավաքված է տեսնում մոտ 100 երեխա: Նորից ծնվում է հույսը, թե աղանդախեղդ եղած այս ժամանակաշրջանում դարերի հավատավոր հայ ժողովուրդը, չնայած բազում մոլորություններին, իր հոգու անաղարտ մի անկյունում դեռ պահում է քրիստոնեական հավատի նկատմամբ դարավոր պաշտամունքը:
«Էսքան երեխա եթե շարական է երգում, եթե Աստվածաշնչից գաղափար է կազմում, էլի մեր հաղթանակն է»,- համոզված է Կ. Ռստակյանը: Մեր զրուցակիցը նաեւ վստահեցրեց, որ «միտում չեն ունեցել որեւէ դպրոցի զրկել մարզային փուլին մասնակցելու հնարավորությունից, պարզապես որոշ դպրոցների պարագայում առկա թերությունները թույլ չեն տվել»:
Սպիտակի թիվ 4 միջնակարգ դպրոցի հայ ժողովրդի, ընդհանուր եւ հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Մանուշ Կոստումյանը հայտնեց. «Դասի ավարտին մնում էր մեկ րոպե, երբ մտա դասարան եւ հայտնեցի, որ պատարագ երգելու համար աշակերտներ են պետք: Քանի որ 10-րդ դասարան էր, հատկապես տղաներին դժվար է պարտադրելը եւ հարցրի ըստ ցանկության: Մեծ էր զարմանքս եւ հիացմունքս, երբ տղաները միաձայն համաձայնեցին պատարագ երգել: Ընտրել ենք այն աղջիկներին, ովքեր երաժշտական կրթություն ունեն, նոտագրություն գիտեն: Աշակերտների հետ պարապող Նարինե Միրզաբեկյանն էլ մասնագիտական կրթություն չուներ, դրանում էլ մեզ օժանդակել է հայր Ավետիքը»:
Արեւաշողի միջնակարգ դպրոցի հայոց, ընդհանուր եւ հայ եկեղեցու պատմության ուսուցչուհի Տաթեւիկ Ադամյանը հայտնեց, որ աղանդավորներն իրենց գյուղում «էնքան էլ շատ չեն», գյուղի եկեղեցում գործում է 20 հոգանոց երգչախումբ, որն այստեղ միջնակարգ դպրոցի եւս 13 աշակերտների հետ ներկայացնում էր համայնքը: «Մասնակիցները ոգեւորված են, ամեն տնից մեկ երեխա է գալիս ու Աստծո խոսքը տանում տուն,- պատարագ երգելու բարերար ազդեցությունն է ներկայացնում Տ. Ադամյանը,- շատ աղանդներ հերքվեցին, շատ երեխաներ դուրս եկան իրենց աղանդավոր մեծերի դեմ, սուրբ գործ էր իսկապես»:
«Շատ ուշ է մեզ ասվել, ընդամենը 7 օր ենք պարապել»,- հայտնեց Արեւաշողի եկեղեցու երգչախմբի ղեկավար Վարդիթեր Հարությունյանը, ում վստահվել է աշակերտներին պատրաստելու գործը: Նա նաեւ նշեց, որ տեղի միջնակարգ դպրոցի աշակերտները չունեն երաժշտական կրթություն (Արեւաշողում երաժշտական դպրոց չկա) եւ շատ դժվար էր նրանց պատրաստելը: Վ. Հարությունյանն էլ ուրախությամբ շեշտեց, որ պատարագ երգելը մեծ խթան է մատաղ սերնդին եկեղեցուն մոտեցնելու գործում:
«Ինչ խոսք, շատ լավ նախաձեռնություն է,- ասաց ժյուրիի անդամ, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի երաժշտության բաժնի դասախոս Սերգեյ Հարությունյանը,- մատաղ սերնդին Եկմալյանի եւ Կոմիտասի պատարագներին հաղորդակից դարձնելն արդեն իսկ մեծ գործ է. սա միջոց է, որ նրանք դուրս գան օրըստօրե նոր ոլորտներ նվաճող ցածրաճաշակ ռաբիսը բարձրորակ արվեստ համարելու մոլորությունից եւ գնան դեպի վեր՝ ճանաչելով ազգային արժեքները՝ ընդհանրապես եւ դասականը՝ մասնավորապես»:
Ժյուրիի ընտրությամբ Ստեփանավանի թիվ 3 միջնակարգ դպրոցը Լոռու մարզը կներկայացնի նոյեմբերի 10-ին Էջմիածնում կայանալիք հանրապետական փուլին: Սահմանված են մրցանակներ հետեւյալ անվանակարգերում՝ «Լավագույն սցենար», «Լավագույն կատարում», «Լավագույն բեմադրություն» (200 000 դրամ) եւ «Հայրապետական մրցանակ» (500 000 դրամ):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել