Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂԱՆԴՆԵՐՆ ԱԿՏԻՎ ԵՆ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

Նոյեմբեր 06,2009 00:00

Չնայած ԼՂՀ օրենքն արգելում է կրոնական բոլոր  կազմակերպություններին, բացի Հայ առաքելական եկեղեցուց,         քարոզել հանրապետության տարածքում

Ըստ վիճակագրության, այսօր ԼՂՀ-ում գործում է 12 կրոնական կազմակերպություն, որոնցում ընդգրկված է շուրջ 3500 մարդ։ Նրանցից 2000-ը «Եհովայի վկաներ» են։ Աղանդավորների շարքերը համալրելու նպատակով գործունեություն են ծավալում 280 հաստիքային քարոզիչներ, որոնք ֆինանսավորվում են արտերկրից եւ յուրաքանչյուր նոր մարդու ցանցը գցելու համար պարգեւատրվում են 20 000 դրամով։
Բերձորում հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Լաուրա Թորոսյանը խիստ մտահոգված է արցախյան պատերազմի արդյունքում ազատագրված ու վերաբնակեցված հողում զանազան աղանդների գործունեությունից։ Ըստ նրա՝ Քաշաթաղի շրջանում «բույն են դրել» «Արթնացե՛ք», «Կյանքի ուղի», «Եհովայի վկաներ» աղանդները, ինչպես նաեւ բազմաթիվ անհայտ խմբավորումներ. դրանց անդամները հույժ գաղտնի են պահում աղանդի անվանումը։ Լ. Թորոսյանի բոլոր աղանդավոր աշակերտները պարտաճանաչ են, կյանքի դասերը լավ են սովորում, պատասխանում են բոլոր հարցերին, բայց նրանց արդեն անհնար է դեպի Հայ առաքելական եկեղեցի դարձի բերելը, որովհետեւ չափից ավելի են խրվել «ճահճի» մեջ։ Բանն այնտեղ է հասել, որ աղանդավորության մեջ ներքաշված երեխաները այն վերածել են բիզնեսի. գումար ստանալու ակնկալիքով փորձում են հավաքագրել  դասընկերներին, խաղընկերներին, հարեւաններին եւ այլն։ Հայտնի է, որ իրենց «հոգեորսությունը» աղանդավորները սկսում են «Ի՞նչ է Աստծո անունը», «Ճանաչո՞ւմ ես ճշմարիտ Աստծուն», «Ծանո՞թ եք Աստվածաշնչին» հարցերով, եւ շատ կարեւոր է, թե ինչ կպատասխանեն պոտենցիալ «զոհերը»։ «Ուստի հայ եկեղեցու պատմության հենց առաջին դասին ես աշակերտներիս թելադրում եմ «Հայր մերը» եւ առաքելական եկեղեցու դավանանքը՝ «Հավատամքը»։ Հետագայում իմ սաներից շատերը խոստովանել են, որ դրանք իմանալով՝ պատասխանել են «հոգեորսների» բոլոր հարցերին, բանավիճել նրանց հետ եւ խուսափել աղանդի մեջ ներքաշվելուց»,- ասում է Լաուրա Թորոսյանը։
Այլադավան խմբավորման մեջ հայտնվելով՝ իր բարեկեցիկ կյանքն ու ընտանիքն է քայքայել, օրինակ, Ծովինար Պասկեւիչյանը։ Նա Երեւանում լքել է ամուսնուն ու երեխաների հետ մեկնել Քաշաթաղ։ Երբեմնի բարետես ուսուցչուհուց ոչինչ չի մնացել. անխնամ արտաքինով նա դեգերում է Բերձորի փողոցներում, երբեմն մարդկանցից գումար խնդրում։ Տարիներ առաջ Քաշաթաղի շրջանի հոգեւոր հովիվ Աթանաս վարդապետ Մովսիսյանն այցելել է նրան, փորձել դարձի բերել, սակայն՝ անօգուտ։ Զոմբիացած տիկնոջը թվում է, որ ինքը հիմա երանելի կյանքով է ապրում եւ մերժում է ցանկացած միջամտություն։
Քաշաթաղի հոգեւոր հովիվը փորձում է քայլեր ձեռնարկել աղանդավորության տարածման դեմ եւ իր տանը կազմակերպում է Հայ առաքելական եկեղեցու հավատացյալների հավաքներ, անցկացնում է ճանաչողական զրույցներ կրոնական թեմաներով, բայց դա քիչ է աղանդավորության հզոր ալիքի դեմ պայքարելու համար։ Ընդհանրապես, եկեղեցին պիտի քայլ անի դեպի ժողովուրդը եւ ոչ թե հակառակը։ Իսկ Բերձորի սբ. Համբարձում եկեղեցին ժողովրդից հեռու է ոչ միայն փոխաբերական, այլեւ՝ բուն իմաստով, որովհետեւ կառուցվել է քաղաքից դուրս՝ հեռավոր մի վայրում, եւ այնտեղ հասնելու համար ոտքով մի քանի կիլոմետր պետք է քայլել։
Ցավոք, ՀՀ-ում եւ ԼՂ-ում աղանդավորությունն այնքան է տարածվել, որ արդեն դրա դեմ պայքար պետք է տարվի ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու, այլեւ՝ պետական մակարդակով։ Դրա քայքայիչ գործունեությունը սպառնում է ազգային անվտանգությանը, խարխլվում են ոչ միայն ընտանիքները, այլեւ՝ պետության հիմքերը։
Բարեբախտաբար, Արցախում հակազդեցությունը չուշացավ. այս տարվա հունվարին վերջնականապես ընդունվեց «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ԼՂՀ օրենքը, որի 8-րդ հոդվածի համաձայն՝ «Հանրապետության տարածքում քարոզել արգելվում է կրոնական բոլոր կազմակերպություններին, բացի Հայ առաքելական եկեղեցուց՝ իր ավանդական կազմակերպություններով հանդերձ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել