Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բելառուսը մտադիր է չեղյալ համարել «քաղաքական» հոդվածը

Նոյեմբեր 06,2009 00:00

Բելառուսի իշխանությունները հարթում են Արեւմուտքի հետ իրենց հարաբերությունները եւ հենց այդ համատեքստում են դիտարկում նաեւ չգրանցված կազմակերպությունների գործունեությանը մասնակցելու համար սահմանված քրեական պատասխանատվությունը չեղյալ համարելու հարցը: Այդ մասին «Reuters»-ին ասել է Բելառուսի արդարադատության նախարար Վիկտոր Գոլովանովը: Աղբյուրը հիշեցնում է, որ նախկինում բելառուս ընդդիմադիրները, որոնք գործունեություն են ծավալել չգրանցված կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների կազմում, տարբեր ժամկետների ազատազրկման են դատապարտվել Քրեական օրենսգրքի հենց այդ հոդվածով, որը մինչեւ երկու տարվա ազատազրկում է նախատեսում: «Մենք ուսումնասիրում ենք այդ հարցը եւ առաջարկություններ ենք նախապատրաստում այս տարի օրենսգրքի հիշյալ հոդվածը ամբողջությամբ չեղյալ համարելու նպատակով: Դրանից հետո հարցը կքննարկեն երկրի խորհրդարանն ու նախագահը»,- ասել է Բելառուսի արդարադատության նախարարը:
Հիշեցնենք, որ Եվրամիությունը, որը կասեցրել էր Լուկաշենկոյի եւ նրա մերձավոր շրջապատի նկատմամբ վիզային պատժամիջոցները, ավելի վաղ հայտարարել է, որ քաղաքական գործունեության համար քրեական պատասխանատվություն նախատեսող այդ հոդվածի չեղյալ համարումը Արեւմուտքի եւ Բելառուսի հետագա համագործակցության պայմանն է:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, Բելառուսի խորհրդարանը հատուկ աշխատանքային խումբ է ստեղծել, որը քննարկելու է «վրացական խռովարար տարածաշրջանների՝ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելու նպատակահարմարության» հարցը: Երկրի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մասկեւիչն ասել է, թե քննարկման ժամկետների հարցն առայժմ որոշակիացված չէ: Փոխարենը հայտնի է, որ աշխատանքային խումբը նախատեսում է նոյեմբերի 17-20-ը այցելել Աբխազիա, Հարավային Օսեթիա եւ Վրաստան, իսկ նոյեմբերի վերջերին մտադիր է այդ հիմնախնդիրը քննարկել ՌԴ Պետդումայի պատգամավորների հետ:
Հիշեցնենք, որ Եվրամիությունում պաշտոնական Մինսկին հստակ հասկացնել են տվել, որ Բելառուսի կողմից վրացական հիշյալ երկու տարածաշրջանների անկախության ճանաչումը կբարդացնի Մինսկի եւ Բրյուսելի հարաբերությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել