Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեհերը վախենում են Ռուսաստանի հնարավոր ագրեսիայից

Նոյեմբեր 06,2009 00:00

\"\"Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին (նկարում) ԱՄՆ-ին կոչ է արել իր երկրում զորքեր տեղակայել՝ Ռուսաստանի կողմից հնարավոր ագրեսիայից պաշտպանելու համար: «Reuters»-ի փոխանցմամբ, Վաշինգտոնում տեղի ունեցած խորհրդաժողովում Սիկորսկին հիշեցրել է, որ վերջերս Ռուսաստանն ու Բելառուսը Լեհաստանի տարածքից ոչ հեռու ռազմական համատեղ վարժանքներ են իրականացրել, որին մասնակցել են հարյուրավոր տանկեր՝ այն դեպքում, երբ ներկայումս Լեհաստանում կա ընդամենը 6 ամերիկացի զինվորական: «Եթե դուք ունենայիք մի կողմից՝ 900 տանկ, իսկ մյուս կողմից՝ վեց զինծառայող… Դա ձեզ համար համոզի՞չ կլիներ»,- հռետորական հարցադրում է արել լեհ նախարարը: Նա նաեւ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Լեհաստանի անդամակցության ժամանակ Ռուսաստանը խոստում է կորզել, որ Հյուսիսատլանտյան դաշինքը Արեւելյան Եվրոպայում մեծաքանակ ռազմական ուժեր չի տեղակայի: «Բայց այն ժամանակ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ զորքեր ընդհանրապես չէին տեղակայվի: Կարծում եմ, որ դա անհրաժեշտ է անել»,- շեշտել է Սիկորսկին:
Վերջինիս այս հայտարարությանն օպերատիվորեն արձագանքել է Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը: Նա նկատել է, որ Սիկորսկիի հայտարարությունը կարող է փոխել ռուս-լեհական հարաբերություններում առկա շեշտադրումները: «Որպես քաղաքական գործիչ, կարծում եմ, որ նման հայտարարությունները երկուստեք, մեղմ ասած, չեն բարելավում երկկողմ հարաբերությունները»,- ասել է Կոսաչովը՝ կարծիք հայտնելով, թե այդպիսի հայտարարությամբ Լեհաստանը փորձում է լուծել իր ներքին խնդիրները, եւ դա այդ երկրի համար «կոմերցիոն հետաքրքիր նախագիծ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել