Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուզում են փակե՞լ «Սեբաստիան»

Նոյեմբեր 06,2009 00:00

Երեկ «Առավոտը» «Սեբաստիա» կրթահամալիրի մսուր-մանկապարտեզի սաների մի խումբ ծնողներից ստացել է բաց նամակ՝ հասցեագրված ՀՀ նախագահին,  վարչապետին, ԱԺ նախագահին, Երեւանի քաղաքապետին, ԿԳ նախարարին եւ  Մալաթիա-Սեբաստիա համայնքի վարչական ղեկավարին: Նամակում, մասնավորապես, ասվում է. «Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ Լենինգրադյան փողոց 33 հասցեում, դեռեւս ԽՍՀՄ տարիներից բնականոն ռեժիմով գործում էր հայտնի «Սեբաստիա» կրթահամալիր մսուր-մանկապարտեզը: Մանկապարտեզն ունի բարձրակարգ մանկական կրթօջախի բարի համբավ: Այս մանկապարտեզ են հաճախում երեխաներ տարբեր թաղամասերից, քանի որ երեխաներին առավոտյան 7.00-ից՝ ոչ հեռու անցյալում մինչեւ 21.00-ն հանգիստ եւ ապահով կարելի էր թողնել կրթօջախում՝ փորձառու մանկավարժական կոլեկտիվի հոգատար ձեռքերում: Մոտ մեկ տարի առաջ երեխաների ծնողները բարի լուր ստացան. մանկապարտեզն ունի հովանավոր, եւ երեխաները մանկապարտեզ կհաճախեն անվճար: Խորին շնորհակալություն հովանավորներին: Ամռանը, վերանորոգման պատճառաբանությամբ, մանկապարտեզը երկու ամսով փակվեց: Երբ սեպտեմբերին երեխաները սկսեցին կրկին հաճախել մանկապարտեզ, նրանց ծնողները ցավով տեղեկացան, որ այն աշխատելու է մինչեւ 17.00-ը: Մեր բազմաթիվ բողոքները մատնվեցին անտարբերության. «Եթե պայմանները չեն բավարարում, տեղափոխեք ձեր երեխաներին», եղավ պատասխանը: Երեխաներին մանկապարտեզ են տանում հիմնականում այն ծնողները, ովքեր աշխատում են: Ինչպե՞ս կարող է աշխատող ծնողը 17.00-ին վերցնել երեխային, եթե աշխատանքն ավարտվում է լավագույն դեպքում 18.00-ին: Մի՞թե գոյություն չունի մանկապարտեզների աշխատաժամանակը կանոնակարգող որեւէ որոշում, փաստաթուղթ կամ կարգ, որով անվերապահորեն պետք է ղեկավարվեն բոլոր մանկական կրթօջախների տնօրենները, թե՞ եթե մանկապարտեզն անվճար է, հովանավորն է որոշում աշխատաժամերը: Եթե այո, ապա խնդրում ենք մանկապարտեզը դարձնել վճարովի եւ աշխատեցնել նախկին ռեժիմով, իսկ եթե ոչ, ապա խնդրում ենք ձեր հանձնարարականը՝  խնդրին շուտափույթ լուծում տալու համար: Մեզ համար ընդունելի է նաեւ հերթապահ խումբ ստեղծելու տարբերակը:
Բացի այդ, մանկապարտեզը դադարեցրել է իր իսկ առաջարկով նախապես հերթագրված երեխաների ընդունելությունը՝ տեղ չլինելու պատճառաբանությամբ: Սահմանափակվել է նաեւ երեխաների ընդունելությունը տարածքային առումով. ընդունում են միմիայն Մալաթիա-Սեբաստիա համայնքում գրանցված ծնողների երեխաներին: Այսպիսով, արհեստականորեն նվազեցվում է մանկապարտեզ հաճախող երեխաների քանակը, ինչն էլ ուշ թե շուտ կհանգեցնի բարի ավանդույթներով հարուստ այս մանկական կրթօջախի փակմանը: Հարկ ենք համարում նշել, որ մանկապարտեզում գրանցված երեխաների թիվը զգալիորեն գերազանցում է փաստացի հաճախողների քանակը: Անհամեմատ վատացել է նաեւ երեխաների սնունդը՝ ինչպես քանակի, այնպես էլ որակի առումով: Տպավորություն կա, որ բարեգործությունը ամենեւին էլ երեխաների  շահերից չի բխում եւ ունի այլ հեռահար նպատակներ՝ տարածքի սեփականաշնորհում եւ օգտագործում այլ նպատակով: Մեծարգո պետական այրեր, լիահույս ենք, որ մեր խնդրանքը չի մերժվի, եւ հնարավորինս կարճ ժամկետում խնդիրը կստանա արդարացի լուծում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել