Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՈՆՅԱՆ ՆԱԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆ» Է

Նոյեմբեր 06,2009 00:00

Պետական պաշտոնյաների՝ գիտական աստիճան ստանալու հարցը միանշանակ չի ընդունվում հասարակության շրջանում

Մեր հասարակության մեջ յուրահատուկ մոլուցք է դարձել ոչ միայն բուհական դիպլոմ ստանալը, այլեւ՝ հետագայում գիտական աստիճանի արժանանալը: Խոսքը գիտությունների թեկնածուի կամ դոկտորի աստիճան ձեռք բերելու մասին է: Սա ընդունված է հատկապես պաշտոնյաների շրջանում: Հայաստանում հաճախ է պատահում, երբ անձը այս կամ այն պաշտոնը զբաղեցնելուց հետո հանկարծ որոշում է բարձրագույն կրթություն ստանալ, կամ եթե այդ կրթությունն արդեն ունի, հիմա էլ ուզում է, ոչ ավել, ոչ պակաս, դառնալ գիտությունների թեկնածու: Դա, սակայն, ոչ միանշանակ է ընդունվում հասարակության եւ գիտական շրջանակների կողմից: Պատճառը թերեւս այն ցցուն դեպքերն են, երբ, օրինակ, պաշտոնյան մեկ-երկու նախադասություն սահուն իրար հետեւից կապել չի կարողանում, սակայն հանկարծ դառնում է գիտությունների թեկնածու կամ, որ ավելի զավեշտալի է՝ ակադեմիկոս: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ ձեզ օրինակ, որն այս տարի մայիսին դարձավ Ռուսաստանի բնական եւ հասարակական գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ: «Առավոտը» բարձրագույն որակավորման հանձնաժողովից (ԲՈՀ) փորձեց պարզել, թե հասարակության շրջանում առավել մեծ հետաքրքրություն առաջացնող մի շարք անձինք, արդյոք, ունե՞ն գիտական աստիճան եւ ի՞նչ մասնագիտությունների գծով: ԲՈՀ-ում չցանկացան սեւեռվել անունների վրա, սակայն տեղեկացրեցին, որ 2009-ին տարբեր մասնագիտությունների գծով մինչ այժմ գիտական աստիճան է շնորհվել պետական պաշտոն զբաղեցնող 4 անձի: Եգիպտոսում ՀՀ դեսպանը ստացել է դոկտորի աստիճան՝ պատմական գիտությունների գծով, առաջին ատյանի դատարանի դատավորներից մեկին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի աստիճան, ՀՀ մշակույթի (ժամանակին՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի) փոխնախարար Արթուր Պողոսյանին եւ քաղաքաշինության նախարարին՝ թեկնածուի աստիճան՝ տնտեսագիտության ոլորտում: 2008-ին պետական պաշտոն զբաղեցնող 2 անձի է շնորհվել գիտությունների թեկնածուի աստիճան. մեկը մանկավարժությունից՝ ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովին, մյուսը անասնաբուժությունից՝ Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանին: ՀՀ գլխավոր դատախազության բաժնի պետերից մեկն էլ ստացել է դոկտորի աստիճան իրավաբանության գծով։
Զարմանալի է, բայց ժամանակին մասնագիտական խորհուրդ կրկնական քննարկման է ուղարկվել իրավաբանության գծով աշխատանքներից այն մեկը, որը պատկանում էր պետական պաշտոնյայի: «Առավոտը» ԲՈՀ-ից ճշտեց նաեւ մի շարք այլ հայտնիների գիտական աստիճանների վերաբերյալ տեղեկատվությունը: Օրինակ՝ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ունի մանկավարժական գիտությունների թեկնածուի աստիճան, բայց նա պաշտպանել է ՌԴ-ում, իսկ 2003-ին գիտական աստիճանը համապատասխանեցվել է ՀՀ գիտական աստիճանի վկայագրին: ՀՀ որեւէ գիտական աստիճան չունի ոչ միայն վերոնշյալ «ակադեմիկոս» Վ. Ղուկասյանը, այլեւ՝ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, որը հաճախ հանդես է գալիս որպես քաղաքական գիտությունների թեկնածու: «Առավոտին» հետաքրքրած անձանց շարքում իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան ունի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, որը եւս այդ աստիճանին արժանացել է արտասահմանում՝ 1998-ին, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը 2005-ին ստացել է սոցիոլոգիական գիտությունների թեկնածուի աստիճան, իսկ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը դեռեւս 1999-ին է ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի աստիճան:
Կա երկու կարծիք, թե պետական պաշտոնյաները գիտության մարդիկ չեն եւ պետք էլ չէ, որ նրանք ձգտեն գիտական աստիճանի, եւ՝ հակառակը: «Առավոտը» այս հարցի վերաբերյալ մեկնաբանություններ ստացավ ԲՈՀ-ի նախագահ Արմեն Թռչունյանից: Նա նշեց. «Կան բնագավառներ, որտեղ կարեւոր է գործնական աշխատանքը: Եթե մենք հնարավորություն ունենք գործնական աշխատանքը կամ փորձը ամփոփելու եւ գիտության համար կարեւոր դրույթներ ձեւակերպելու, որը հաշվի է առնվելու հետագա գիտական գործունեության մեջ, դա գովելի է: Եվ հետո՝ գիտական աշխատանքը հատկապես հասարակագիտական ոլորտում միայն գրականության մշակումն ու տեսական վերլուծությունները չեն, կարեւոր է, որ գործ ունենանք պրակտիկայից եկած մարդկանց հետ, որոնք հաճախ կարող են բարձրացնել լուրջ հարցեր: Հետո՝ միօրինակ եւ մոդելային մարդ չկա, պետական պաշտոնյան էլ է անձ, որն ունի իր աշխատանքային պարտականություններն ու նախասիրությունները: Շատ դեպքերում նույնիսկ անհրաժեշտ է, որ մարդը կարողանա ներկայացնել իր մոտեցումներն ու փորձը, վերլուծության մակարդակները, բայց երբեւիցե պաշտոնական դիրքը չօգտագործվի դրա համար: Մյուս կողմից էլ պաշտոնը հավերժ չէ, եւ կարեւոր է, թե հետագայում նույն պաշտոնյաներն ինչպես կվարվեն իրենց գիտելիքների փոխանցման խնդրում՝ մանկավարժական աշխատանքներում: Իսկ եթե պիտի ասեն, թե գիտությունների թեկնածու եմ կամ դոկտոր, եւ վերջ, սա իրոք վերջ է այդ մարդու՝ դեպի գիտելիք, դեպի պետություն եւ ազգ ճանապարհին»: Հետո էլ պարոն Թռչունյանը հավելեց. «Մեր խնդիրն է բոլորի նկատմամբ հավասար մոտեցումներ ցուցաբերել: Դա է վկայում այն, որ բոլորի համար սահմանված է նույն ընթացակարգը. բաց, հրապարակային ձեւով թող ներկայացնեն իրենց հետազոտական աշխատանքի արդյունքները»: Մեր այն դիտարկմանը, թե երբ գործ ունեն պետական պաշտոնյաների հետ, գուցե նաեւ ճնշումներ կամ գործարքի մեջ մտնելու տարբերակներ էլ լինեն, ԲՈՀ-ի նախագահն այսպես պատասխանեց. «Մենք, չգիտես ինչու, մտածում ենք, որ եթե պաշտոնյա է, ապա պիտի թերի աշխատանք ներկայացնի, կամ նրա նկատմամբ մասնագիտական դաշտը պիտի թերպահանջկոտություն դրսեւորի: Թող չթվա, թե մասնագետները, գիտությունների դոկտորները, պրոֆեսորները, ակադեմիկոսները նստած սպասում են, թե երբ մի պաշտոնյա կգա, որ իրենք էլ ծափ տան: Այս մտայնությունը գալիս է նրանից, որ մեր ժողովուրդը սկսել է ինչ ասես խոսել: Նույնիսկ սկսել են կտրուկ գնահատականներ տալ: Այնինչ, բանիմաց մարդը երբեք սուր գնահատականներ չի տալիս. սա գալիս է նրա իմացությունից, քանի որ գնահատականներ տալիս վերլուծում, քննարկում է շատ փաստեր: Իսկ քիչ բան իմացող մարդիկ մեկ փաստից տիեզերական եզրակացություն կարող են անել՝ վստահ լինելով, որ իրենք ճիշտ են: Կարծում եմ՝ այս ամենի կանխարգելումը ժամանակն է եւ պատասխանատվությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել