Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

10. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Նոյեմբեր 06,2009 00:00

\"\"
Կալանավայրը՝ արբանյակից։

Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը ընդառաջեց ինձ եւ հնարավորություն տվեց կատարելու իմ ճանապարհորդությանն անհրաժեշտ ուսումնասիրությունները (այս գործում նախապես խմբագրությանը ընդառաջել էր ՀՀ քրեակատարողական վարչության ղեկավարությունը): Ինձ ուղեկից տվեցին կալանավայրի անվտանգության ապահովման (ռեժիմի) պետ կապիտան Սեդրակ Արթենյանին: Վերջինս առաջարկեց վերեւի հարկից սկսել կալանավորների հետ հանդիպումներն ու աստիճանաբար ցած իջնել: Արդեն ծանոթ էի բանտի յուրահատուկ մետաղյա դռների շրխկոցով բացվել-փակվելուն:
– Հինգերորդ հարկը ցմահ բանտարկյալներինն է,- ասաց ուղեկիցս,- 83 այդպիսի դատապարտյալ ունենք:
– Լավ,- ասացի ես, չնայած նրանց հետ հանդիպումը իմ այսօրվա ծրագրի մեջ չէր մտնում,-  հետաքրքիր է, թե ի՞նչ հոգեբանական վիճակում են նրանք:
Սկզբում առաջարկեցին առանձին սենյակում հանդիպել, սակայն ցանկություն հայտնեցի հենց նրանց խցիկում իրականացնել հանդիպումը:
Խցիկում երեք հոգի էին՝ Արսեն Արծրունին, Դերենիկ Բեջանյանն ու Էդվարդ Գրիգորյանը: Հետաքրքիր էր, որ արտաքինից նրանք ցմահ բանտարկյալի տեսք չունեին: Ասես թե պատահաբար են այստեղ հայտնվել ու վաղը դուրս կգրվեն: Սենյակի մի անկյունում սառնարանն էր, պահարանը, իսկ աջ կողմի պատի մոտ, սեղանին՝ համակարգիչն է ու հեռուստացույցը: Էդվարդ Գրիգորյանը համացանցն էր տնտղում: Արսենը նստեց դիմացս: Ես գիտեի Արսենի գործի մասին: Նա բեյրութցի է: Բանտարկվել է «Դրոյի գործով» սպանության մեղադրանքով: Ձերբակալվել է 1994 թվականին:
– Բանտային պայմանները մեզ չեն կարող փոփոխել,- ասաց Արսենը,- երբ ձերբակալվեցի՝ 33 էի, հիմա 45 եմ: Միայն տարիներն են փոփոխություն մտցնում: Ես կտրված չեմ հասարակությունից, ճիշտ է՝ լիարժեք գործել անհնար է, բայց հրապարակումների միջոցով խոսքս տեղ եմ հասցնում:
Պատրաստվում էի լուսանկարել երեքին էլ, երբ մեկուսարանի հսկող դատախազ Ալեքսան Մուրադյանը հայտնվեց դռան մոտ ու արգելեց լուսանկարել: Հետո նա առաջարկեց դատապարտյալների հետ հատուկ խցիկում հանդիպել, ինչից ես հրաժարվեցի: Հետո դատախազն ասաց, որ հսկիչների պակաս կա այս հարկում: Մի հսկիչը հաճախ ստիպված է լինում վազքով անցնել կլոր միջանցքը: Նա բացատրեց, որ պետք է հարկը, ըստ վտանգավորության աստիճանի՝ «կարմիր», «նարնջագույն» եւ «կանաչ» գոտիների բաժանել, որը հնարավոր կդարձնի պահպանության ու սպասարկման ճիշտ կազմակերպումը: Ցույց տվեց ՊԱՉ-ի (պատժի առավելագույն չափ) ցուցակը, որտեղ նշված են խցերի համարները, կալանավորների անուն-ազգանուններն ու լուսանկարները:
– Եթե ցանկանում ես կոնկրետ որեւէ մեկի հետ հանդիպել, խնդրեմ, կարող եմ կազմակերպել, – առաջարկեց դատախազը:
– Չէ, չեմ ցանկանում,- պատասխանեցի,- ես սխալմամբ եմ այս հարկում հայտնվել:
Չորրորդ հարկում առանձին սենյակում պետք է զրուցեմ դատապարտյալների հետ: Առաջին դատապարտյալը հրաժարվեց զրույցից եւ խնդրեց իր մասին ոչինչ չգրել, որին ես համաձայնեցի: Հաջորդ դատապարտյալը՝ Վարուժան Հարությունյանը, նման կարծրատիպ չուներ: Պատմեց, որ երեք անչափահաս երեխա ունի, ամբողջ երկու տարի աշխատանք չգտնելով՝ բնակարանային գողության էր դիմել, ու անմիջապես բացահայտվել եւ ձերբակալվել է, դատապարտվել 5,5 տարվա ազատազրկման:
–  Ցավոք, իմ հոդվածը համաներմանը չհամապատասխանեց, – ասաց նա:
– Հետաքրքիր է, այստեղ ինչո՞վ են դա բացատրում:
– Համաներումը քաղաքական նպատակ ուներ,- պատասխանեց կալանավորը,- այն արել են հատուկ մարտի 1-ի դեպքերի մասնակիցների համար:
– Իսկ երեխաներիդ ո՞վ է պահում:
– Կնոջս հայրը:
– Ծնողներդ կա՞ն:
– Մահացել են:
– Ինչպե՞ս ես պատկերացնում ազատությունը:
– Չգիտեմ: Դուրս գամ՝ շատ դժվար է լինելու: Զրոյից պետք է սկսեմ: Չեմ էլ պատկերացնում…Հասարակությունն ունի՞ իմ կարիքը, եւ հակառակը՝ ես ունե՞մ պետության, հասարակության կարիքը:
– Քանի՞ հոգի եք ձեր խցում:
– Տասներկու:
– Մակերեսն ինչքա՞ն է:
– Երեւի 25 քառակուսի մետր:
– Ու քանի՞ անկողին կա:
– Տասը: Դե ոչինչ, քնելու հերթ ենք սահմանել:
– Տասներկու հոգի մի սենյակում, դժվար չի՞:
– Բախտակից ընկերներ ենք, համակերպված ապրում ենք:
Իմ հաջորդ զրուցակիցը 18-ամյա Գոռ Ասլանյանն էր:
– Ինչպե՞ս ես այստեղ հայտնվել, տղա ջան,- դիմեցի ես:
– Զինկոմից ծանուցագիր եմ ստացել ու չեմ ներկայացել:
– Ինչո՞ւ: Բանակը նաեւ քո ընտանիքը, քո հարազատներին, այն միջավայրը, որտեղ ապրում ես, պաշտպանում է արտաքին սպառնալիքներից: Ուրեմն, անկախ քո հավատքից, համոզմունքներից, պարտական ես ծառայել:
– Ես չեմ հրաժարվում հայրենիքին իմ պարտքը կատարելուց, ուղղակի ես եվրոպական ժողովրդավարության չափանիշներին համապատասխան այլընտրանքային քաղաքացիական ծառայություն էի պահանջում: Պահանջս համապատասխանում է երկրի Սահմանադրությանը: Դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, սակայն հենց իմ դիմումով էլ գործ են սարքել ու դատապարտել երկուսուկես տարվա ազատազրկման:
– Դպրոցը ավարտե՞լ ես:
– Այո, գերազանցիկ եմ: Բայց նյութական միջոցներ չունենալով՝ հնարավորություն չունեի շարունակել ուսումս: Ես հանցագործ չեմ, ապրում եմ աստվածաշնչյան սկզբունքներով, որի իրավունքն ունեմ:
– Եհովական աղանդի՞ն ես հետեւում:
– Դա աղանդ չէ, այլ քրիստոնեության հավատքի լիարժեք ուղղություն:
– Նոր կտակարանում Քրիստոսը հրեա լինելով՝ երբեք Եհովայի անունը չի տվել, քանի որ Եհովան զուտ ազգային, հրեական աստվածություն է:
– Համաձայն չեմ, վերականգնել են հին աղբյուրներից Աստվածաշնչի թարգմանությունը, 150 անգամ Քրիստոսը տալիս է Եհովայի անունը:
– Վերականգնողները Եհովայի վկանե՞րն են: Իսկ ես համոզված եմ, որ այդ աղանդը հատուկ տարածում են, որ հոգեւոր ուղղությամբ թուլացնեն մեր երկիրը: Ահա հենց քո օրինակով պարզ է, որ փորձում են թուլացնել եւ երկրի պաշտպանունակությունը, իհարկե, օգտվելով նաեւ մեր եկեղեցու՝ ժողովրդի հետ կապի թուլացումից:
– Ես այդպես չեմ մտածում,- ասաց պատանի կալանավորը:- Ես հասարակության համար ոչ մի վտանգ չեմ ներկայացնում, ուստի եւ ճիշտ չէ ինձ բանտարկելը:
– Ինձ մտահոգում է 2,5 տարվա ընթացքում բարոյահոգեւոր ջարդվելը, – ասացի ես:
– Ե՞ս ջարդվեմ: Դա անհնար է: Իմ հավատքն այնքան խորն է, որ ես ավելի կամրանամ, շատ ավելի ուժեղացած դուրս կգամ կալանավայրից,- ասաց պատանի եհովականը, -բայց ինձ կալանավորելը սխալ է: Ես ուղղակի եվրոպական չափանիշներով այլընտրանքային ծառայություն եմ պահանջում:
Դատապարտյալներից 21 հոգի ընդգրկված են հիմնարկի տեխնիկատնտեսական սպասարկման համակարգում: Նրանք աշխատանքի դիմաց աշխատավարձ են ստանում: Ցանկություն հայտնեցի զրուցել այս աշխատանքներում ընդգրկված կալանավորի հետ:
– Ուզո՞ւմ ես նկարչի մոտ տանեմ, – դիմեց ուղեկիցս:
– Նկարիչ է՞լ ունեք,- զարմանքով հարցրի ես:
– Էն էլ ի՜նչ նկարիչ:
Հայտնվեցի շուրջ 80 քառակուսի մետր մակերես ունեցող սենյակում: Ընդարձակ ու ճաղապատ լուսամուտի մոտ, սեղաններին յուղաներկի տասնյակ պարկուճներ են կանոնավոր շարված: Իհարկե, նման կարգ ու կանոն գեղանկարիչների մոտ չես հանդիպի: Պատին պլակատներ են, ռեպրոդուկցիաներ, լուսանկարներ: Անկյունում մոլբերտն է, իսկ կտավին մատիտանկար էր ուրվագծված: Պատուհանագոգին գեղանկարչության վերաբերյալ ալբոմներ էին: Առաջինը իսպանացի հռչակավոր գեղանկարիչ Սալվադոր Դալիի ալբոմն էր: Կտավի մոտ Սալվադոր Դալիի «Փղերով արտացոլվող կարապներ» աշխատանքի վերարտադրանկարն է: Պատի մեխից կախված էին սեւ ու սպիակ կոստյումներ՝ խնամքով ծածկված ցելոֆանով: Սենյակի հեռավոր անկյունում պարանից կախված են սրբիչներ:
Եկավ գեղանկարիչը, որը հիսունին մոտ տղամարդ էր:
– Ազատ Վազգենի Ազատյան,-ներկայացավ նա:
– Վազգեն Ազատյան…
– Այո, ահա հորս լուսանկարը՝ Հովհաննես Շիրազի հետ:
– Ինչպե՞ս ես այստեղ հայտնվել, Ազատ,- դիմեցի ես:
– Մեկին լավություն անելու համար միջնորդել եմ, «Կաշառքի դրդում» հոդվածով են դատապարտել, հիմա չորս տարի է՝ այստեղ եմ: Մի գեշ կին էր ինձ դատում: Ասում էր. «Ամոթ չե՞ս անում, նման բաներով ես զբաղվում»: Ասացի՝ «Աղջի, էս մեղադրյալներին թալանում եք, լափում, ի՞նձ եք ամոթանք տալիս»: Թե՝ «Տարեք սրան»: Երկաթե կապանքներով տարան: Եթե կալանավորելու փոխարեն տուգանք դնեին ինձ վրա, 105 կտավներս կվաճառեի ու կտայի տուգանքը: Ես հայ եմ, սիրում եմ իմ հայրենիքը, իմ բանակը: Չորս հավ գողանալու համար չորս տարի են տալիս, իսկ ողջ երկիրը թալանի տակ են դրել, չեն թողնում, որ մարդ շունչ քաշի: Դեռ խորհրդային ռեժիմի ազդեցության տակ ենք: Հիշո՞ւմ ես, Վիգեն Բաբայանին «Սեւ մեծ ագռավը» թարգմանելու համար բանտարկեցին: Օրենքով գողերից Ձեթոն օգնեց, որ հայրենասերը ԱՄՆ տեղափոխվի:
– Ազատ, ընտանիքդ, կինդ ի՞նչ են անում, այցելո՞ւմ են քեզ:
– 20 տարի է, ինչ նրանք Ամերիկայում են: Հիմա ես հարսնացու ունեմ: Շքեղ հագնվում եմ, նվերներով այցի գնում: Ասում եմ՝ պետական գաղտնի ծառայության մեջ եմ, ռազմական շինարարություն եմ իրականացնում: Ես մասնագիտությամբ ճարտարապետ եմ, Երեւանի պոլիտեխնիկականն եմ ավարտել: Իսկ մինչ այդ Թերլեմեզյանի անվան ուսումնարանում էի սովորում, հետո տեղափոխվեցի Կոջոյանի ուսումնարան: Աշխատել եմ Հակոբ Հակոբյանի արվեստանոցում: Երկար տարիներ եղել եմ «Դիզայն» հիմնադրամի տնօրենը:
– Ներկեր գնելու հնարավորություն ունե՞ս այստեղ:
– Երբ պետք է, մեքենայով տանում են քաղաք, գնում եմ անհրաժեշտ նյութերն ու վերադառնում: Այստեղ սիրում, հարգում են ինձ: Ընդհանրապես, արվեստագետին այս կոլեկտիվը հարգում է: Նրանց շնորհիվ է, որ այստեղ ստեղծագործելու հնարավորություն է ստեղծվել: 105 աշխատանք եմ ստեղծել: Իմ առանձին աշխատանքների մասին էսսեներ էլ եմ գրում: Ես նատյուրմորտների մեջ եմ մասնագիտացած: Բայց կարող եմ ասել, որ Դալիագետ եմ: Երեկ ավարտեցի Ռուբենսի «Պերսեւս եւ Անդրոմեդա» գեղանկարի պատճենը: 45 օրում եմ նկարել այն: Հիմա Դալիի «Ռաֆայելյան Մադոննայի գլխի կործանումը» կտավի վրա եմ աշխատում: Նախապատրաստում եմ հոլանդացի Վիլլեմ Կլայս Հեդայի «Նատյուրմորտ օմարով», Դալիի «Թռչող դետալները», «Լեդի Ատմիկան», Լեոնարդո դա Վինչիի «Կզաքիսով կինը» աշխատանքների պատճենները: Հենց դուրս գամ, հանդիպելու եմ քեզ։ Երեւի այն ժամանակ ավելի շատ բան պատմեմ։
Հաջորդ հանդիպումների համար ինձ ուղեկցեցին փաստաբանների եւ կալանավորների հանդիպման հարկաբաժինը: Շրջանաձեւ հատակագծով աշտարակի միջանցքով անցնելիս՝ խցիկներից մեկի պատուհանը բաց էր: Մոտեցա, որ ներս նայեմ: Ուղեկիցս անմիջապես ետ քաշեց, ասելով.
– Գործ չունես այդ արվամոլների հետ:
– Ի՞նչ է, արվամոլներին հատուկ խցիկո՞ւմ եք պահում:
– Չէ, բայց վտանգավոր է…
Սենյակներից մեկում էլ պետք է հանդիպեմ բանակի սպա Հենզել Մկրտչյանին: Մինչ սպասում էի կալանավորին, ճաղապատ պատուհանից դուրս նայեցի: Շինություններն իրարից բաժանում էր փշալարե պատերով միջանցքը, որի վրա, ըստ երեւույթին, դեռեւս խորհրդային ժամանակներից ժանգոտած ցուցանակի վրա ռւսերեն եւ հայերեն գրված էր. «Стой, высокое напряжение.Կանգնի՛ր, բարձր լարում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել