Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

12 ՔԱՂԱՔ ԵՎ 28 ԳՅՈՒՂ

Նոյեմբեր 06,2009 00:00

Այս տարվա սեպտեմբերի 15-ին՝ «Լավագույն համայնք-2009» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ սկսած 1996 թվականի նոյեմբերից, երբ ՀՀ-ում առաջին անգամ անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ, ամեն տարի նոյեմբերի 1-ին, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն ու ՀՀ համայնքների ասոցիացիան նշում են Տեղական ինքնակառավարման օրը: Արդեն չորրորդ տարին է, որ անցկացվում է նաեւ «Լավագույն համայնք» մրցանակաբաշխություն եւ լավագույն են ճանաչվում մեկական գյուղ եւ քաղաք: Տեղեկացրել ենք նաեւ, որ այս տարի, բացի նշված մրցույթից, նաեւ դպրոցական շարադրությունների, լրագրողական աշխատանքների եւ գիտական վերլուծությունների մրցույթներ են անցկացվելու: ՀՀ համայնքների ասոցիացիայից տեղեկացանք, որ այս տարի «Լավագույն համայնք» մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 քաղաք եւ 28 գյուղ: Լավագույն քաղաք ճանաչվելու հայտ չեն ներկայացրել Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի երեքական քաղաքներից եւ ոչ մեկը: Մրցույթին մասնակցում են Գավառ (Գեղարքունիք), Տաշիր (Լոռի), Արթիկ (Շիրակ), Ագարակ, Կապան, Գորիս (Սյունիք), Չարենցավան, Բյուրեղավան (Կոտայք), Արարատ (Արարատ), Վայք (Վայոց ձոր), Դիլիջան (Տավուշ) քաղաքները:
Այս տարի լավագույնը ճանաչվելու համար պայքարող 28 գյուղերի մեջ էլ ոչ մի հայտ չկա Վայոց ձորի 41 գյուղերից: Մեկական հայտ կա Սյունիքից (Սյունիք) եւ Արմավիրից (Փարաքար), երկուական՝ Արագածոտնից (Բյուրական, Արագած), Տավուշից (Ոսկեւան, Ակնաղբյուր), Գեղարքունիքից (Ծաղկունք, Լճաշեն), Շիրակից (Նոր Կյանք, Ախուրյան): Հինգը Կոտայքի մարզի գյուղերն են՝ Նոր Երզնկա, Մեղրաձոր, Արզական, Արտավազ, Քարաշամբ, չորս գյուղ «լոռեցի» է՝ Արեւաշող, Շիրակամուտ, Օձուն, Լեռնապատ, ինը գյուղ՝ «արարատցի»՝ Նորաշեն, Վանաշեն, Նարեկ, Հովտաշատ, Լուսառատ, Հայանիստ, Շահումյան, Ոսկետափ, Մխչյան:
Լրագրողական աշխատանք է ներկայացրել ինը լրատվամիջոց, որոնցից յոթը՝ մարզերից: Գիտական աշխատանքներ չեն ներկայացվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել