Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գրադարանը յուրահատուկ հաստատություն է

Նոյեմբեր 06,2009 00:00

ՀՀ մարզային գրադարանները հիմնականում համակարգիչ եւ ինտերնետ են ուզում

«Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը հենց առաջին ասուլիսի ժամանակ՝ 2008-ին, հայտարարեց, որ Հայաստանի գյուղական շրջանների զարգացմանը նպաստելը «Սիվիլիթասի» չորս գերակա ուղղություններից մեկն է: Այս ամռանը հիմնադրամը գյուղտեխնիկա է նվիրել Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղին, իսկ հիմա ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ ՀՀ մարզերի քաղաքային գրադարանների համար «Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ» դրամաշնորհի մրցույթ է հայտարարել: Հայտերի ընդունման ժամկետն ավարտվել է եւ, ինչպես տեղեկացանք հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանից, Հայաստանի 48 քաղաքներից (առանց Երեւանի) ստացվել է մոտ երկու տասնյակ հայտ՝ բոլոր տասը մարզերից:
Մեկ անգամ չէ, որ «Առավոտը» գրել է ՀՀ մարզերի թե քաղաքային, թե գյուղական գրադարանների անմխիթար վիճակի մասին ու «Սիվիլիթասի» նախաձեռնությունը հետաքրքիր էր հենց այս հարթությունում: Բայց մինչ գրադարաններին անդրադառնալը, Սալբի Ղազարյանը մեր խնդրանքով մանրամասնեց գյուղերին տեխնիկա կամ անասուն նվիրելու առանձնահատկությունները: Նվերը դասական առումով նվեր չէ, դրա դիմաց գյուղացին մաս-մաս վճարում է, բայց նրա վճարած գումարով նույնանման նվեր է արվում նրա համագյուղացուն՝ եւ այսպես շարունակ: «Մեր նպատակն է, որ նրանք կարողանան զարգանալ: Գյուղացու տված փողը մի քանի անգամ շրջանառության մեջ մտնելով՝ կայուն օգնություն է դառնում, փորձում ենք այնպես անել, որ իրենք իսկապես ինքնաբավ դառնան»,- հայտարարեց «Սիվիլիթասի» տնօրենը:
Սալբի Ղազարյանը իր կարիերան սկսել է գրադարանավարից եւ մեր մարզերում լինելով՝ մեկ բան է արձանագրել. եթե գրադարանը այն չէ, ինչ պետք է լինի՝ ազատ, հյուրընկալ, անվճար, տրամադրող միջավայրով, ուր քաղաքացին կանջատվի առօրյա հոգսերից, ուրեմն համայնքը համայնք չէ: Ու գրադարանն էլ, ըստ նախկին գրադարանավարի, միակ հաստատությունն է, որի աշխատանքի ժամերը այնպես են, որ մեկը կարող է օրվա թերթերը կարդալ, մյուսը՝ գեղարվեստական գրականություն, «իսկ դրա համար գրադարանը պիտի աշխատի»:
Հայաստանի մարզային գրադարաններից «Սիվիլիթասի» ստացած մոտ երկու տասնյակ հայտերում գրադարանները հիմնականում շեշտը դրել են տեխնիկական ապահովվածության վրա՝ համակարգիչ, ինտերնետ: Սակայն հիմնադրամը հայտատուներից պահանջելու է հիմնավորումներ, թե ինչպես են պահպանելու հնարավոր ներդրումները, քանի որ դրամաշնորհով գրադարանը տեսքի բերելուց հետո՝ գրադարանն ինքը պետք է հոգա պահպանման ծախսերը: «Պիտի համայնքն էլ մասնակցություն ունենա ծրագրին՝ ոչ անպայման դրամական»,- նկատեց Սալբի Ղազարյանը:
«Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ» դրամաշնորհի ամբողջ գումարը 100 հազար դոլարից քիչ ավելի է, բայց կաղապարներ չկան, ու գումարները հավասարաչափ չեն բաժանվելու: Ամեն ինչ կախված է հայտից, դրա հիմնավորումներից ու «Սիվիլիթասի» տնօրենը խոստանում է՝ «հնարավորինս արդյունավետ օգտագործել այս ռեսուրսը»: «Գրադարանը միակն է, որ իր հաճախորդի դիմաց պահանջներ չի դնում: Գրադարանավարը կողմնակի փող աշխատելու ձեւ չունի, եթե նա գրադարանավար է աշխատում, ուրեմն մտածում է, որ այս հաստատությունը պետք է համայնքին: Եթե մենք կարողանանք օգնել ծառայությունը մատուցողին եւ ծառայության կարիք ունեցողին՝ քաղաքացիական հասարակություն ձեւավորելուն նպաստելու ավելի լավ ձեւ չի լինի: Քաղաքացիները կսկսեն գրադարանը ազատ օգտագործել հենց բուն նպատակով»,- ամփոփեց Սալբի Ղազարյանը:
«Սիվիլիթասում» հուսով են, որ կկարողանան նման ծրագիր էլի իրականացնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել