«Առավոտի» հոկտեմբերի 29-ի համարի 8-րդ էջում տպագրված
«Վտանգի առաջին գծում» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Տավուշի
մարզի Գոշ գյուղի սողանքները սպառնում են ոչ միայն գյուղին, այլ նաեւ Մխիթար Գոշի դամբարանին եւ Գոշավանք համալիրին: Ցավոք, սողանքը այս շքեղ համալիրին սպառնացող միակ վտանգը չէ:
Հռչակավոր Գոշավանքի հարեւանությամբ հսկա մի փոս կա, շինության հիմքեր են գցված՝ իրար ագուցված մետաղալարերի երկար շարքերով: «Գոշավանք» պատմա-ճարտարապետական արգելոցի տնօրենի տեղակալ Սուրեն Գրիգորյանն ասաց, որ փոսի տեղում նախկինում մատուռներ են եղել: Անցյալ դարի 30-ական թվականներին մատուռները քանդել, տեղում դպրոց են կառուցել: Գոշ գյուղում միջնակարգ դպրոցի նոր շենք կառուցելուց հետո հին դպրոցի շենքը տրվել է Անահիտ Բաբինյանին: Ծագումով դիլիջանցի Ջահան Մայիլյանը դեռ 1992-93 թվականներին նրանից գնել է այդ տունը: Անահիտ Բաբինյանը հիմա Ռուսաստանում է: Ուկրաինայի քաղաքացի Ջահան Մայիլյանը այստեղ ցանկանում է ստեղծել Մխիթար Գոշի անվան ինչ-որ կենտրոն, որի շինարարությունը ներկայումս ընդհատված է: Ըստ Սուրեն Գրիգորյանի՝ Գոշավանքին կից տարածքը 2000 թվականի քարտեզագրման ժամանակ համարվել է անձնական սեփականություն, բայց այդտեղ շինարարություն կատարելու համար Ջահան Մայիլյանը պետք է ունենար Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության թույլտվությունը, ինչը չի ունեցել: Կառույցի շինարարությունը մի քանի անգամ արգելվել է:
Գոշի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Լենա Արզումանյանն էլ ասաց, որ Ջահան Մայիլյանը ժամանակին այդ տունը գնել է վերակառուցելու նպատակով եւ ցույց տվեց գյուղապետ Հովսեփ Վերանյանի գրությունը՝ ուղղված Ջահան Մայիլյանին, ուր ասվում է. «Զգուշացնում եմ Ձեզ, որ Գոշավանք վանական համալիրի հարեւանությամբ Ձեր կողմից կատարված հողային աշխատանքների արդյունքում փոսորակը մեծ վնաս է հասցնում վանական համալիրին եւ շրջակա միջավայրին: Պահանջում ենք դադարեցնել շինարարությունը՝ մինչեւ համապատասխան մարմինների համաձայնությունն ունենալը»: Լենա Արզումանյանի վկայությամբ՝ գրությունը գրվել է վերջերս: Սակայն գրության վրա նշված է՝ 09.10.2005 թվական: Ակնհայտ էր, որ վրիպում էր տեղի ունեցել, որի պատճառով դիմումի օրը 4 տարի «առաջ էր ընկել»: Բանասիրական բարձրագույն կրթությամբ քարտուղարը այդ փաստից շփոթահար էր: Գյուղապետի սեղանին մի գրություն կար, որ նա դեռ չէր մակագրել, ասել է թե՝ նոր էր ստացել: Այս գրությամբ Ջահան Մայիլյանի լիազոր անձ Աշոտ Հովհաննիսյանը գյուղապետին խնդրում էր քաղաքաշինության նախարարության հետ համաձայնեցնել կառույցի նախագիծը:
Իսկ տխրահռչակ փոսի մոտ ռուսալեզու մի ցուցանակ կա. «Այստեղ եղել է քանդված տուն: Այն կառուցել են խորհրդային շրջանում: Վիճակը սարսափելի է: Ցավոք, այդ տան պատերում եղել են հին խաչքարերի եւ գերեզմանասալերի կտորներ: Շենքը քանդվել է: Յուրաքանչյուր քարը ստուգվել է: Սեղանատանը դուք կարող եք տեսնել այդ տան պատմական մասունքների ավելի քան 400 կտոր: Այժմ ճարտարապետները մշակում են շենքի վերակառուցման մի քանի նախագիծ՝ միջնադարյան ճարտարապետության ոճով: Երբ նախագիծը համաձայնեցվի՝ շինարարությունը կշարունակվի»: Նախ հասկանալի չէ, թե ինչպես է քանդված շենքը նորից քանդվել: Եվ առնվազն տարօրինակ է, որ Հայաստանի գյուղերից մեկում միայն օտար լեզվով են գրություն փակցրել: Եվ եթե բացակայում է հայերենը, ապա ինչո՞ւ հենց ռուսերեն եւ ոչ, ասենք, անգլերեն, չինարեն, արաբերեն կամ միջազգային հարաբերություններում ընդունված այլ լեզուներով: Պարզ չէ, թե ինչու է վիճակը սարսափելի: Վերջապես նշված չէ, թե ե՞րբ է փակցվել այս գրությունը՝ մինչեւ Ջահան Մայիլյանին ուղղված գյուղապետի զգուշացո՞ւմը, թե՞ դրանից հետո:
Մխիթար Գոշի անունը, Գոշավանքի հռչակավոր վանական համալիրը տարեկան տասնյակ հազարավոր զբոսաշրջիկների է այստեղ բերում: Հասկանալի է, որ վանքի մատույցներում տարածք ունենալը շատ շահեկան է: Բայց պարզից էլ պարզ է, որ համալիրի նկատմամբ ոտնձգություններ չպետք է լինեն: Հակառակ դեպքում՝ համալիրից բան չի մնա: Իրավասու մարմինները դեռեւս չեն կարողացել այս վիճահարույց հարցում հստակություն մտցնել: Երեւի մոռացել են ոչ միայն Գոշ գյուղի, այլեւ Մխիթար Գոշի եւ նրա հռչակավոր «Դատաստանագրքի» մասին: