Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՊԱՐՏՎԵՑԻՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Նոյեմբեր 06,2009 00:00

Հայրենադարձների «Երկիր» միության նախագահ
Սեւակ Արծրունին չի բացառում «էքստրեմալ» լուծումները

– «Առավոտը» տեղեկացրել է, որ Վրաստանի թե առաջին, թե երկրորդ ատյանի դատարաններում 10 տարվա ազատազրկման դատապարտվեց «Միասնական Ջավախք» ժողովրդական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանը, իսկ նրա հայրն ու անչափահաս եղբայրը խոշոր չափի գումար-տուգանքի ենթարկվեցին: Ինչո՞ւ պարտվեցիք դատարանում:
– Եթե հարցը դիտարկենք միայն Վահագն Չախալյանի անձի եւ ակտիվիստի իրավունքների մասով, կարելի է հստակ ասել, որ, այո, մենք պարտվեցինք դատարանում: Փաստաբանների աշխատանքի առումով էլ եթե նայենք, այո, փաստորեն, պարտվեցինք:
Պարտվեցինք, քանի որ առիթ չտրվեց պաշտպանվելու: Վրաստանի դատարանները բոլոր միջոցներով խանգարեցին պաշտպանական կողմին, սկսած Ֆրանսիայի փաստաբան Պատրիկ Արապյանի նշանակման հարցից, զենքերի փորձաքննության իրականացնելուց (զենքի ապօրինի պահման մեղադրանքի համար- Ռ. Մ.), վերաքննիչ դատարանում մինչ այդ չլսված վկաներին հարցաքննելու միջնորդությունները մերժելուց՝ մինչեւ ոստիկանապետին չհարցաքննելը: Բնականաբար, դատավճիռը մնաց անփոփոխ: Վահագն Չախալյանը չկարողացավ հետեւել իր դատավարությանը, քանի որ հրաժարվեց դատարան ներկայանալ: Մենք դժգոհ ենք ընդհանուր առմամբ փաստաբանների աշխատանքից, ինչը չի նշանակում, թե փաստաբանները որակապես լավը չէին: Պարզապես, իրենք զգալով Վրաստանի իշխանությունների ճնշումը, ինչ-որ չափով կոորդինացնելու խնդիր ունեցան: Այնուամենայնիվ, պարտված չենք այն իմաստով միայն, որ եթե Վրաստանի իշխանությունները ցանկանում էին Վահագն-ակտիվիստին ներկայացել խուլիգանի, նույնիսկ Գուրգեն Շիրինյանի գործի հետ կապել նրա գործը, ձախողվեցին: Այսօր պարզ է, որ Վահագնը քաղբանտարկյալ է: Եվրոպայի խորհրդարանականները ընդունել են այդ եւ իրենց մտահոգություններն ու հայտարարություններն արտահայտել այդ կապակցությամբ: Վրաստանը պարտվեց ոչ թե Վահագն-անձի հետ կապված, այլ Ջավախքի, որի խնդիրը բարձրաձայնվեց:
– Չախալյանների դատավճիռը հրապարակվել է դատարկ դահլիճում: Ջավախահայությունը չի՞ մասնակցել դատական նիստերին:
– Ընդհանրապես, Վահագն Չախալյանը ցանկացավ, որ իր մերձավորների, իր գաղափարական ընկերների նկատմամբ «հաշիվ մաքրելու» գործընթացը դադարեցվի: Մենք գիտենք, որ Ախալքալաքում «հաշիվ է մաքրվում» այս տղաների նկատմամբ, բոլոր նրանց նկատմամբ, ովքեր քաղաքական դիրքորոշում ունեն: Հստակորեն, Վահագնը հասկացավ, որ ով իրեն աջակցելու է՝ հայտնվելու է բանտում: Դրա համար բոլորին հ
եռացրեց դատարանից
: Ասել, թե Վահագնը լքված է, այդպես չէ: Որպես արդյունք, բոլորը վախենում են փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելուց: Հասարակական գործիչներն այդ իմաստով շատ զգույշ են:
– Իսկ Հայաստա՞նը:
– Հայաստանում հանրային կարծիքը ձեւավորվեց միայն լրատվամիջոցների միջոցով: Իսկ Ֆրանսիան, հանձին Ռաֆի Գալֆայանի փաստաբանական գրասենյակի, ուներ ոչ միայն Ֆրանսիայի փաստաբանների, այլեւ՝ Հայաստանի փաստաբանների միության արտոնագիրը:
– Դուք 3 օր առաջ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեցիք, որ Վահագնի գործով տուժեց Վրաստան պետությունը: Ի՞նչը նկատի ունեիք:
– Մենք 2005թ.-ից հետո հավատում էինք, որ այս գործընթացը միջազգային իրավունքի նորմերից է բխում: Վերջիվերջո, Վրաստանի ներքին կայունացման համար է: Վրաստանը, լինելով բազմազգ պետություն, միշտ շահել է, տարածվել, աշխարհով մեկ ճանաչվել, երբ կարողացել է այդ բազմազգ կարգավիճակը ներդաշնակորեն տանել: Երբ սկսել է ազգային փոքրամասնություններին ճնշել, ինքը ետ է գնացել, փոքրացել: Այն, ինչ անում են Չախալյանի, հայերենի, հայկական եկեղեցիների նկատմամբ, այդ ազգայնամոլ վերաբերմունքով իրենք պառակտում են իրենց պետությունը, վտանգում են իրենց տարածքը եւ կրկնում այն, ինչը արել են Օսեթիայի, Աբխազիայի հետ: Այսինքն, մղում են մարդկանց, որպեսզի գնան էքստրեմալ լուծումների: Հավատում եմ, որ ջավախահայերը սպասում են, որ օրենքի սահմաններում կարելի է այս հարցում ինչ-որ բանի հասնել: Երբ համոզված լինեն, որ Վրաստանն իրոք ոչ մի բանի առաջ չի կանգնում, համոզված եմ, որ սոցիալական անհանգստություններ կսկսվեն:
– Վրաստանի ներքաղաքական իրավիճակը սայրի վրա է: Արդյո՞ք տեղի ընդդիմադիրները Վահագնի դատավարությունը չօգտագործեցին իշխանությունների դեմ:
– Բացի Վահագնի վրաց փաստաբանի գրասենյակից, տեղի որեւէ լրատվամիջոց եւ ընդդիմադիր կազմակերպություն չի զբաղվել այս դատավարությամբ, այս քրեական գործով: Զգուշություն են ցուցաբերում, չնայած իրենք բոլորը տեղյակ են ինտերնետի միջոցով եւ մտահոգ են, պահպանելով վրացական սխալ այն մոտեցումը, թե «հայ եղբայրները չպետք է դավաճանեն մեզ»:
– «Միասնական Ջավախք» կազմակերպությունը գործո՞ւմ է:
– Չի գործում, որովհետեւ կազմակերպության ղեկավարները կամ բանտերում են, կամ փախել են տարածաշրջանից: Փաստորեն, կազմակերպությունը կազմալուծված է:
– Վճռաբեկ դատարան մտադի՞ր եք դիմելու:
– Մենք Եվրոպա դիմելու ճանապարհին ստիպված ենք ներպետական ընթացակարգերն անցնել: Մասնավորապես, դիմել Վճռաբեկ դատարան: Տեղեկացնեմ նաեւ, որ Պատրիկ Արապյանի դիմումն էլ Վրաստանի ՍԴ-ում է: Մենք վիճարկում ենք այն օրենքը, համաձայն որի՝ օտարերկրյա փաստաբաններն իրավունք չունեն Վրաստանում գործեր ստանձնելու, ինչը, ի դեպ, Վրաստանի ստանձնած միջազգային պարտավորություններում կա:
Ֆրանսիայում ստեղծվել է իրավաբանների խորհուրդ՝ Ստրասբուրգ դիմելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել