Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՈՐՍԱԼԻ ԱՆԱՍՆԱԳՈՂԵՐԸ

Նոյեմբեր 06,2009 00:00

Չկա ամիս, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում անասնագողություն չլինի: Որպես կանոն, այս գողությունների հետքերը տանում են Ադրբեջան: Ամեն անգամ տեղեկացնելով անասնագողության մասին, արձանագրում ենք այն տարօրինակ իրողությունը, որ սահմանագոտում արածող մոլորված անասունները պայթում են ականների վրա, իսկ ահա անասնագողերը հաջողությամբ հատում են սահմանը եւ անցնում Ադրբեջան:
Նոյեմբերի լույս 4-ի գիշերը գողացել են Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչ Ալվարդ Նազարյանի 5 խոշոր եղջերավոր անասունը եւ 1 հորթը: Ալվարդը Կիրանցի գյուղապետ Հմայակ Նազարյանի հարազատ քույրն է: Նույն գիշեր հարեւան Աճարկուտ գյուղում գողացել են գյուղապետ Ռաֆիկ Օհանյանի 3 հորթերը: Հորթերից մեկը մեկ ամսական է եղել: Հետաքրքիր է, որ 13 տարի առաջ, 1996 թվականի հոկտեմբերի 26-ին գողացել էին նույն Ռաֆիկ Օհանյանի 12 խոշոր եղջերավոր անասունը: Տավուշի մարզխորհրդի վերջին նիստում ոստիկանության մարզային վարչության պետ, գնդապետ Խաչիկ Ասատրյանը հավաստիացրեց, որ սահմանամերձ գյուղերում կատարվող անասնագողությունները բացահայտվելու են: Սակայն առայժմ անասնագողերն անորսալի են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել