Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյուղական 19 համայնք ջրազրկում են

Նոյեմբեր 06,2009 00:00

Արթիկ քաղաքի ջրամատակարարման համակարգի բարելավումը Շիրակի մարզի բնապահպանության վրա էժան չի նստում:

Դեռեւս հուլիսին Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը իր կատարած աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացնելիս՝ հպարտորեն շեշտեց, որ այսուհետեւ արթիկցիները ճանճերով համեմված ջուր չեն խմի, քանի որ պետությունը Ասիական զարգացման բանկի վարկավորմամբ $1 248 759 է ծախսում այս համայնքի ջրամատակարարման բարելավման համար: Չանցած 2 ամիս՝ Գյումրիի «Բիոսոֆիա» բնապահպանական կազմակերպությունը դատի տվեց մարզպետին՝ պահանջնելով դադարեցնել «ապօրինի» շինաշխատանքները: Բանն այն է, որ ըստ «Բիոսոֆիայի» ղեկավար Գ. Պետրոսյանի, մարզպետը մրցույթ է հայտարարել ու շինթույլտվություն տվել առանց բնապահպանների համաձայնության՝ ՀՀ «Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության մասին» օրենքի 12-րդ հոդվածը խախտելով: Գ. Պետրոսյանի պնդմամբ՝ այդ ծրագիրը բնապահպանական մեծ ռիսկեր է պարունակում. ջրատարն անցկացնելով Մանթաշի ջրամբարը սնուցող ստորգետնյա աղբյուրների ջրերի ակունքից՝ ջրազրկում ու ճահճացնում են ջրամբարը եւ Արթիկի շրջանի 19 համայնքի բնակիչներին զրկում մաքուր ջուր խմելու իրավունքից: Բացի այդ, ըստ մասնագետի, «բարելավման» ծրագրի արդյունքում Արթիկին մատակարարվող ջրի ծավալները կրկնակի կրճատվում են, այսինքն՝ եթե ներկայումս այս քաղաքը նույն Մանթաշի ջրամբարից 350/ լիտր/վայրկյան ջուր է ստանում, ապա նոր ծրագրով նախատեսվում է 110 լ/վրկ: «Իսկ սա նշանակում է, որ ծրագիրը չի կարող բարելավել Արթիկի ջրի պահանջը, այս դեպքում մենք շատ լուրջ պրոբլեմի առաջ կկանգնենք: Երբեք հաշվի չեն առնում, որ բնակչության քանակը այստեղ կարող է ավելանալ, ջրամատակարարման ներկայիս քանակը նույնիսկ չի բավարարում արթիկցիներին, մեծ մասը ապրում է առանձնատներում ու ներկայումս խմելու ջուրը օգտագործում է նաեւ ոռոգման նպատակներով»,- ասում է Գ. Պետրոսյանը՝ պահանջելով անհապաղ դադարեցնել շինաշխատանքներն ու վերանայել ծրագիրը: «Մանթաշի ջրամբարը իր հարակից տարածքներով շատ լուրջ հարստություն է ներկայացնում, եւ ներկայումս բնապահպանության նախարարությունը քննարկում է, որ այն դարձնի հեռանկարային բնության հատուկ պահպանվող տարածք, սակայն այդ ծրագիրն իրականացնելու դեպքում այստեղ կենսաբազմազանության շատ լուրջ խնդիրներ առաջ կգան, եթե փոխում ենք տարածքի ջրաբանական ռեժիմը, կփոխվի կենդանական ու բուսական աշխարհը, տարածքը կկորցնի իր կենսաբանական նշանակությունը, տարիների ընթացքում այստեղ ձեւավորվել են որոշակի հողային, ջրային, օդային ռեժիմներ, որոնց հարմարվել է բնությունը: Եթե էս ամեն ինչին նայում ենք կլիմայի փոփոխության հեռանկարներով, մեր արարքը պարզապես անթույլատրելի է, սա հակաբնապահպանական ծրագիր է»,- մեկնաբանում Է «Բիոսոֆիա» կազմակերպության ղեկավարը: «Առավոտը» հետաքրքրվեց, թե խոսքը ի՞նչ կենդանիների ու բույսերի մասին է: «Էս տարածքը լավ ուսումնասիրված չէ, դեռեւս հստակ չենք կարող ասել, թե կենսաբազմազանության ինչպիսի հարստություն ունենք այնտեղ: Էսօր չեմ կարող ասել, թե էստեղ կա էս հազվագյուտ տեսակը ու դրա համար չի կարելի շինարարություն անել, բայց «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը պետք է բարի լիներ՝ ուսումնասիրություններ կատարեր, դա հենց իր խնդիրն է, տեսներ, թե ինչպիսի ռիսկեր կան ու ինչ հաղթահարման ձեւեր: Հնարավոր է, որ այդ դեպքում շինարարի դեմ պահանջներ ներկայացնեին, որոնք նա պարտավոր կլիներ պահպանել, բայց հիմա եթե նրանք տան դրական եզրակացություն՝ որոշակի սահմանափակումներով, ուշ է, էդ սահմանափակումներն արդեն չեն կատարվել»,- ասում է Գ. Պետրոսյանը: Ըստ նրա, եթե Շիրակի մարզպետարանի աշխատակիցները բարի լինեին եւ մարզի բնապահպանների առաջարկությունները հաշվի առնեին, ապա նման պատմություն չէր լինի: Գ. Պետրոսյանի առաջարկով՝ կա խնդրի լուծման ավելի էժան տարբերակ. անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մաքրման կայանի հզորացմանը: Մենք Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանին հարցրինք, թե ինչո՞ւ են առանց բնապահպանական փորձաքննության շինաշխատանքներ սկսել: Նա ցույց տվեց «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի դրական եզրակացությունը, որը ստացել էին հոկտեմբերի 1-ին, այսինքն՝ շինաշխատանքների մեկնարկից ուղիղ 5 ամիս անց: Այս մասին տեղյակ պահելով «Բիոսոֆիա» կազմակերպության ղեկավարին՝ հարցրինք, թե նա հետ կվերցնի՞ իր հայցը վարչական դատարանից: «Իհարկե, ոչ»,- ասաց Գ. Պետրոսյանը՝ պատճառաբանելով, որ մարզպետարանին տրված թույլտվությունը ուշացած է եւ ձեւական: Նա կասկած ունի, որ մրցույթը շահած կազմակերպությունը՝ «Շինաշխարհը» գոյություն չունի: Գ. Պետրոսյանն արդեն 2-րդ անգամ է հարցում ուղղում այս կազմակերպությանը, սակայն նամակը հետ է գալիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել