Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻ ԴԵՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 06,2009 00:00

Պետական կառույցի անգործության արդյունքում տուժում են քաղաքացին, գործարարը, բժիշկը
«Առավոտի» ստացած բողոքը արտառոց էր այնքանով, որ եւ բողոքողը, եւ բողոքում ներկայացված փաստերը պարզաբանողը օգտվեցին «Առավոտի» էթիկայի կանոնների 7-րդ կետից եւ խնդրեցին չհրապարակել իրենց անունները: Սակայն բողոք-պարզաբանում շրջանակում ձեւավորված իրականությանը արժե եւ պետք է մեծ ուշադրություն դարձնեն պատկան կառույցները:
Իտալական «Փֆայզեր» ընկերությունը արտադրում է «դոստինեկս» դեղը: Այն   հղիանալ փորձող կանայք օգտագործում են հորմոնալ խանգարումների դեպքում: Ըստ մեր զրուցակից դեղատան սեփականատիրոջ, Հայաստանում գրանցված է միայն «Փֆայզերի»՝ ռուսական շուկայի համար արտադրված եւ ռուսերեն մակնշված դեղը՝ Հայաստանի դեղատներում այս դեղը արժե 23-25 հազար դրամ: Հայաստանում կան նաեւ նույն «Փֆայզերի»՝ հունական, իսպանական եւ այլ շուկաների համար եւ համապատասխան լեզվով մակնշված «դոստինեկսներ», որոնք, մեր զրուցակցի հավաստմամբ, մեր երկրում գրանցված չեն եւ վաճառվում են մոտ 38 հազար դրամով: Ըստ դեղատան սեփականատիրոջ՝ Հիպոկրատի «Մի վնասիր» պատգամը մոռացած որոշ գինեկոլոգներ  իրենց հաճախորդներին ստիպում են գնել միայն ոչ ռուսական «դոստինեկս» եւ միայն իրենց մատնանշած դեղատնից, հավաստիացնելով, որ ռուսական դեղը կեղծ է: «Մեր դեղատան մշտական հաճախորդներից մեկը եկավ ու նեղացած տոնով մեզ ամոթանք տվեց, թե այսքան տարի է ձեզանից եմ դեղ առնում, իսկ դուք հիմա ինձ կեղծ դեղ եք տվել: Հարցնում եմ՝ ո՞վ է ասել, ասում է՝ բժիշկը: Սա եզակի դեպք չէ: Ես լսել եմ, որ նման խնդիրներ ունեն ռուսական «դոստինեկս» վաճառող շատ դեղատներ: Ստացվում է, որ մի քանի հոգու «պայծառ ապագայի» համար, քաղաքի շատ դեղատներին հանիրավի պախարակում, փնովում, սեւացնում են ու չարախոսում մեր հասցեին: Տեղեկություններ չունեմ, բայց կարող եմ պատկերացնել, թե ինչ կլինի մարզում աշխատող որեւէ դեղատան հետ, եթե Երեւան բուժման գնացածը հետ գա ու ասի՝ կեղծ դեղ ես տվել: Մարզերում մարդիկ ավելի ջերմ են իրար հետ, շատ հաճախ ազգակցական կապեր կան»,- նկատեց մեր զրուցակիցը:
«Առավոտի» հետ զրույցում գինեկոլոգները բնականաբար հերքեցին պնդումները, թե իրենք քաղաքացուն ստիպում են դեղ գնել կոնկրետ դեղատնից: «Ես ինչպե՞ս պետք է ստիպեմ: Իմ խնդիրը մարդկանց բուժելն է, մայրության բերկրանքը պարգեւելը»,- ասաց բժիշկը: Մեկ այլ գինեկոլոգ ներկայացրեց այլ մանրամասներ: Գինեկոլոգները, բնականաբար, գիտեն, որ թե՛ ռուսերեն, թե՛ իսպաներեն, ֆրանսերեն կամ իտալերեն մակնշված դեղերը նույնն են, մեկը արագ է ազդում հորմոնալ խանգարումների դեպքում, մյուսը՝ դանդաղ: Այլ խնդիր կա. Հայաստանում շատ են կեղծ դեղերը: «Ես չեմ կարող իմ հիվանդին ասել գնա 25 հազար դրամով դեղ առ եւ վստահ չլինել, որ դեղը կօգնի: Իսկ ոչ ռուսերեն լեզուներով «դոստինեկսի» կեղծ տարբերակը չկա: Ես հասկանում եմ, որ 25 հազարի եւ 38 հազարի տարբերությունը էական է, բայց իմ հիվանդներին կեղծ դեղերից հեռու պահելու այլ ելք չկա: Եթե հիվանդը վստահ է, որ իր գնած ռուսական «դոստինեկսը» իսկական է, կեղծ չէ՝ խնդիր չկա»,- հավաստիացնում է բժիշկը: Կեղծ կամ չգրանցված դեղերի դեմն առնելու համար ստեղծվել է ՀՀ առողջապահության նախարարության ստորաբաժանումներից մեկը՝ «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ն: Մեզ դիմած քաղաքացին այս կենտրոնից պաշտոնապես տեղեկացել է, որ Հայաստանում գրանցված է միայն ռուսերեն մակնշված «դոստինեկսը», իսկ թե ինչպե՞ս են Հայաստանում հայտնվում ոչ ռուսերեն մակնշված կամ կեղծ «դոստինեկսներ»՝ կարող է կամ պետք է իմանան «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ում:
Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարողանում բացառել կեղծ դեղերի մուտքը Հայաստան եւ արդյունքում տուժում են ՀՀ քաղաքացին, գործարարը եւ բժիշկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել