Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Օրանժը» եկավ

Նոյեմբեր 06,2009 00:00

Երեկվանից Հայաստանում իր գործունեությունը սկսեց Հայաստանի բջջային կապի 3-րդ օպերատոր «Օրանժ Արմենիա» ընկերությունը: Շուրջ 1 տարվա ընթացքում ընկերությունը կատարել է ավելի քան 100 միլիոն եվրոյի ներդրում եւ այսօր ունի մոտ 300 աշխատակից: Երեկ, գործունեության մեկնարկի առիթով հրավիրված ասուլիսում ընկերության ղեկավարները ներկայացրին, թե հատկապես ինչ առավելություններով ու նորույթներով են պատրաստվում գրավել հայ սպառողին: Նախ, «Օրանժ» ընկերության նախագահ Դիդիե Լոմբարը նշեց, որ Հայաստանին եւ Ֆրանսիային միավորում է ֆրանսահայ համայնքը, ինչը եւս դեր է խաղացել «Օրանժը» Հայաստանում ներկայացնելիս: «Օրանժի» առավելությունը բջջային կապի մյուս օպերատորներից, ըստ Դ. Լոմբարի այն է, որ ընկերությունն ունի իր հետազոտական լաբորատորիաները աշխարհի 18 երկրներում, ինչն էլ հնարավորություն է տալիս, նոր տեխնոլոգիաների ներմուծման շնորհիվ, անընդհատ հանդես գալ նորարարական ծրագրերով: «Օրանժի» փոխնախագահ Օլաֆ Սուանտին էլ, անդրադառնալով ընկերության ֆինանսական գործունեությանը, նշեց, որ նախորդ տարի ընկերության վաճառքը կազմել է 53,5 մլրդ եվրո: «Աշխարհի բոլոր երկրների շուկաները տարբեր են, բայց հավակնությունները նույնն են: Օրինակ, Մոլդովայում ներդրեցինք լայնաշերտ ինտերնետ եւ ընդամենը 6 ամսում դարձանք առաջատար»,- նշեց Օ. Սուանտին՝ հավելելով, որ ակնկալում են նաեւ գերարագ ինտերնետի եւ մատչելի գների միջոցով առաջատար լինել նաեւ Հայաստանում:
Հայաստանում «Օրանժի» գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան էլ նշեց, որ իրենց ընկերություն աշխատանքի անցնելու համար արդեն ստացվել է 15 հազար դիմում, իսկ ավելի քան 70 հազար բաժանորդ գրանցվել է կայքում՝ «Օրանժի» բաժանորդը դառնալու համար: Պարոն Դյութուան առանձնացրեց նաեւ 5 կարեւոր կետ, որոնց շնորհիվ ակնկալում են գրավել հայ սպառողին՝ բջջային եւ ինտերնետային կապի՝ բոլորի համար հարմարեցված ծառայություններ, լայն ապրանքների եւ ծառայությունների փաթեթ, լավագույն սակագներ, գերարագ ինտերնետ եւ բարձր սպասարկում: Նա հավելեց նաեւ. «Այսօր մենք կարող ենք ասել, որ ունենք ամենամեծ 3G+ ցանցը Հայաստանում»:
«Օրանժի» լիցենզիան չի տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա: Այնտեղ կգործի ռոումինգ ծառայությունը:
Նշենք, որ «Օրանժը» ներկայացված է աշխարհի 31 երկրներում եւ ունի մոտ 189 մլն հաճախորդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել