Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԺԲԱԽՏ ԴԵՊՔԵՐԸ ԿԿԱՆԽԱՐԳԵԼԵՆ

Նոյեմբեր 06,2009 00:00

Արդեն 4 տարի է, ինչ մեր երկրում գործում է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքը: Սակայն «Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած պայթյունը ցույց տվեց, որ դեռեւս այդ ոլորտում շատ անելիքներ կան եւ օրենսդրությունը շատ թերություններ ունի: «Մեր իրականության մեջ շատ տարածված է «գնա մեռի՝ արի սիրեմ» հայտնի արտահայտությունը, երբ տեղի են ունենում վթարներ, խլում են մարդկանց կյանքեր, հետո նոր մենք սկսում ենք մտածել՝ բա ինչո՞ւ էսպես եղավ»,- երեկ տեխնիկական անվտանգության ապահովման թեմայով հրավիրած քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ըստ նրա, մեր օրենսդրական դաշտը բավականին թերի է եւ պետք է լրջորեն բարեփոխումներ արվեն. «Պիտի ոչ թե աղետը լինի՝ մտածենք ինչ անել, այլ՝ պետք է դժբախտ պատահարները կանխարգելենք: «Նաիրիտի» գործն արդեն ուղարկվել է դատախազություն: Նախաքննությամբ պարզվել է, որ գործարանում մինչ վթարը տեխնիկական անվտանգության կազմակերպությունը հետազոտություն չէր կատարել, դա արել էր մի մասնավոր կազմակերպություն, այն էլ՝ ձեւական: Որովհետեւ, եթե նորմալ աներ՝ դեպքը չէր լինի»: Արտակարգ իրավիճակների փոխնախարար Էդիկ Բաղդասարյանն էլ դեպք նշեց, երբ մեքենան լիցքավորելու ժամանակ գազի բալոնը պայթել է եւ մարդկային կյանք խլել. «Սա նշանակում է, որ այն, ինչ պիտի կատարվեր՝ չի կատարվել, որ պիտի ստուգվեր՝ չի ստուգվել, դրա համար էլ դժբախտ դեպք էր եղել: Հետո էլ հարցնում են՝ ինչի՞ եղավ դա՝ ժամանակին որակյալ փորձաքննություն չանելու եւ չկանխարգելելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել