Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

1 մլն 500 հազար դրամ տուգանք՝ «Ալեքս Գրիգին»

Նոյեմբեր 06,2009 00:00

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկ քննարկել է «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից թույլ տրված անբարեխիղճ մրցակցության դեպքերը: Մասնավորապես, «Մանուկյան եւ գործընկերներ» ընկերությունը դիմում է ներկայացրել հանձնաժողով, որտեղ նշել է, որ «Ալեքս Գրիգը» արտադրում է օղիներ, որոնց ապրանքային նշանները շփոթության աստիճան նման են «Սլավյանսկայա», «Պառլամենտ գրուպ», «Պառլամենտ դիստրիբյուշն» եւ «Ռուսկիյ Բրիլիանտ» ընկերությունների արտադրած օղիների ապրանքային նշաններին: Ըստ դիմումի, տվյալ ապրանքային նշանները վերոհիշյալ ընկերությունների կողմից միջազգային գրանցում են ստացել եւ ենթակա են պահպանման նաեւ Հայաստանի Հանրապետությունում:
Վարույթի շրջանակներում ապրանքանիշների հնարավոր շփոթության աստիճանի նմանության հանգամանքը պարզելու նպատակով՝ կատարվել է փորձաքննություն, որով հաստատվել է, որ, իսկապես, «Ալեքս Գրիգի» կողմից արտադրվող օղիները գրաֆիկական եւ իմաստային առումով նման են այլ տնտեսվարողների պատկանող ապրանքային նշաններին:
Անբարեխիղճ մրցակցության համար, «Ալեքս Գրիգը» տուգանվել է ընդհանուր առմամբ 1 մլն 500 հազար դրամով: Ընկերությունը պարտավորվել է նաեւ հետագայում բացառել օղու ապօրինի արտադրությունն ու իրացումը, մեկամսյա ժամկետում հանել այն շրջանառությունից:
Հանձնաժողովի լրատվական ծառայության տեղեկացմամբ, ուսումնասիրություններ են սկսվել նաեւ բենզինի եւ դիզելային վառելիքի, շաքարավազի, կարագի եւ բուսական յուղի եւ դեղերի շուկաներում՝ գների բարձրացման հիմնավորումների կամ դրանց համար պատճառ հանդիսացած գործոնները պարզելու համար:
Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հանձնարարությամբ, աշխատակազմի մասնագետներն այսուհետեւ շուկաների վերլուծություններն իրականացնելիս պետք է հատուկ ուշադրություն դարձնեն նոր տնտեսվարողների համար շուկայի մուտքի խոչընդոտների բացահայտմանն ու վերացման խնդիրներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել