Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԶԱՏ, ԱՆԿԱՇԿԱՆԴ, ԲԱՐՎՈՔ

Նոյեմբեր 06,2009 00:00

 NEWS.am-ի թղթակիցը Մարդու իրավունքների պաշտպանին հարցրել է, թե ինչպե՞ս է նա վերաբերվում Հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի մտքին, թե ՄԻՊ-ն իր զեկույցներով քննադատելով Հայաստանում մարդու իրավունքների վիճակը՝ ջուր է լցնում Ադրբեջանի ջրաղացին: Ի պատասխան՝ Արմեն Հարությունյանն ասել է. «Եթե մենք կարողացանք Ղարաբաղի օմբուդսմենին եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի լիիրավ անդամ դարձնել, եթե ես կարողացա այդ մարմնի կառավարման խորհրդի անդամ դառնալ, թեեւ մենք 5 տարվա ինստիտուտ ենք, իսկ Ադրբեջանը՝ 12 տարվա, եւ եթե այս ամենի արդյունքում մենք կարողացել ենք այն հեղինակությունը վայելել, որ Հայաստանում օմբուդսմենն, այնուամենայնիվ, հնարավորինս գործում է, եւ եթե այս ամենը նշանակում է Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել, ապա ես այդ ջուրը կշատացնեմ»:
Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի, եթե երկրում օմբուդսմենը կարողանում է ազատ, անկաշկանդ մարդու իրավունքների խնդիրներից խոսել, ուրեմն այդ երկրում տոտալիտար համակարգ չէ, եւ հնարավորություն կա խոսելու. «Այն, ինչ ես ասում եմ, դրա կեսն էլ իրեն չի կարող թույլ տալ Ադրբեջանի օմբուդսմենը: Նույնիսկ՝ մեծ ցանկության դեպքում: Արդեն սա չափանիշ է, եւ արտասահմանից նայում ու ասում են, որ ուրեմն Հայաստանում իրավիճակը ավելի բարվոք է, քան Ադրբեջանում: Որքանով է օմբուդսմենը կարողանում անկաշկանդ խոսել, դրանով եզրակացություն է արվում, թե ինչպիսին է իրավիճակը երկրում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել