Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԵՍԳԻՇԵՐԻՑ ՀԵՏՈ ՄԻ ԿԱՐԴԱՑԵՔ ԴԱՆԻԵԼ ԴԵՖՈ

Նոյեմբեր 06,2009 00:00

\"\"Թերեւս դժվար է որոշել՝ ո՞ր ձեւակերպումն է ավելի ճիշտ. երբ նայեցի լուսնին՝ սայթաքեցի, ընկա ու կոտրեցի ո՞տքս, թե՞, երբ սայթաքեցի, ընկա, կոտրեցի ոտքս եւ տեսա լուսինը: Անշուշտ, դժվար է որոշել, եթե հատկապես դեռեւս գնալու ճանապարհ ունես եւ կեսգիշերին ցանկանում ես կարդալ Դանիել Դեֆո, որի գիրքը, չգիտես ինչու, գրապահարանի ամենավերջին շարքում էր: Գիրքը վերցնելուց՝ ընկնում ես աթոռից, որի վրա կանգնած ես, եւ ցավից անմիջապես էլ հասկանում, որ կեսգիշերից հետո պետք չէ խորհել, փնտրել մարդու իրավունքների անգլոսաքսոնական նախահիմքերը… Այնինչ, թերեւս, եղավ այն, որը պիտի լիներ. գիրքը փնտրելիս՝ ես ընկա աթոռից, եւ ցավն ինձ չթողեց քնել մինչեւ լույս, որը հաջորդ օրը զարմանալիորեն մաքուր հայերեն խոսող մի բժիշկ, «Նաիրի» հիվանդանոցում, ձեւակերպեց կոտրվածք՝ նախագարշապարային չորրորդ ոսկրի հիմքի փակ կոտրվածք, եւ ոտքս առավ գիպսի մեջ՝ խորհուրդ տալով երեք շաբաթ տնից դուրս չգալ: Եվ ես հիմա տանը ձախ գիպսապատ ոտքս դիմացի աթոռին դրած՝ մտածում եմ մարդու իրավունքի մասին, որի նախահայրը, իմ կարծիքով, Դանիել Դեֆոն էր: Նայում եմ գիպսի մեջ ամփոփված իմ ոտքին ու մտածում, թե այդ երեւելի գրողի հերոս Ռոբինզոնն ինչպես էր տառապում այն մարդկանց ճակատագրերի համար, որոնց իրենց կարիբյան ազգակիցները ուտում էին: Եվ Ռոբինզոնի ներքին ապստամբությունը հրաշալի էր, բայց մի բան մնում էր ինձ անհասկանալի, թե մարդու իրավունքները պաշտպանող անգլիացին ինչո՞ւ չսովորեց Ուրբաթի լեզուն, այլ նրան սովորեցրեց իր մայրենի լեզուն, չէ՞ որ ինքը գտնվում էր մի կղզում, որը նույն Ուրբաթի հայրենիքն էր: Այսինքն թե՝ ըստ Դանիել Դեֆոյի, մարդու իրավունքը այն էր, ինչ ընդունված էր Անգլիայում, ուստի եւ կարեւոր չէր մյուս ժողովուրդների լեզուները ճանաչել. ինքը օրենսդիր էր, ինքը թելադրող՝ լինելով գերի: Անշուշտ. մարդակերությունը վայրենություն է, բայց մարդակերների քստմնելի սովորույթը վերացնելու համար, թերեւս պետք էր առաջին հերթին նրանց լեզուն սովորել… Ինչեւէ, թերեւս, պետք չէ կեսգիշերին մտածել մարդու իրավունքների մասին եւ փնտրել Դանիել Դեֆո…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել