Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՍԱՀՄԱՆԸ ՊԵՏՔ Է ԲԱՑԻ ՆԱ, ՈՎ ՓԱԿԵԼ Է»

Նոյեմբեր 06,2009 00:00

\"\"ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ, գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը կարծում է, որ արձանագրությունները չվավերացնելու դեպքում տուժող կողմը Թուրքիան է լինելու:

– Հայ-թուրքական սահմանի բացումը որքանո՞վ վտանգավոր կամ օգտակար կարող է լինել մեր տնտեսության համար։
– Սահմանի բացումը իր հետ բազմաթիվ խնդիրներ է բերելու, որոնց լուծմանը մենք պետք է պատրաստ լինենք մինչեւ բացումը: Իսկ սահմանի բացումից հետո եւս բավականին քայլեր ունենք անելու: Խնդիրը ունի երկու կողմ. նախ՝ մենք պետք է պատրաստ լինենք Թուրքիայի կողմից դեպի Հայաստան էժանագին ապրանքի ներկրմանը, այսինքն՝ պետք է կարողանանք պահպանել մեր ներքին շուկան: Իսկ սրա համար հարկավոր է լինելու մանրամասն ուսումնասիրել շուկան: Կարծում եմ, որ այդ քայլերն արդեն արվում են, ուսումնասիրություններն արդեն սկսված են: Պետք է պարզենք նաեւ, թե մեր ներքին օրենսդրական դաշտն ինչքանով է պատրաստ այս խնդիրների լուծմանը: Հիշեցնեմ, որ երբ դեռ արձանագրությունների մասին խոսք չկար, հունիս կամ հուլիս ամսին ԱԱԽ-ն նիստ գումարեց, եւ դրանից հետո ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդես եկավ համապատասխան բացատրությամբ այն մասին, որ որոշակի քայլեր արվում են հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման պայմաններում Հայաստանի դիրքորոշումը ճշտելու եւ մեր երկրի ներքին խնդիրներն այս իրավիճակին համահունչ դարձնելու ուղղությամբ: Մենք պետք է կարողանանք տեսնել, թե ինչ հնարավորություններ ունենք Թուրքիայի տարածքում մեր ապրանքների արտահանման ուղղությամբ: Այստեղ շատ բան ունի անելու մեր երկրի կառավարությունը՝ թեկուզ մաքսային սահմանն ուժեղացնելու առումով, որպեսզի թույլ չտանք, որ մեզ համար նոր այս իրավիճակում տուժի տեղական արտադրողը:
– Թուրքիայում որոշակի անհանգստություն կա, որ հայերը կկարողանան գնել թուրքական հողերը, չգիտեմ՝ որքանով է սա լուրջ, սակայն ձեր կարծիքով՝ որքանո՞վ է իրատեսական թուրքերի այս անհանգստությունը: Մանավանդ, մենք եւս ունենք այս անհանգստությունը, որ թուրքերը նույնը կարող են անել մեր սահմանային հողերի հետ:
– Անհանգստությունն՝ անհանգստություն, սակայն կան օրենքներ, եւ այդ բոլոր հարցերի կարգավորումը տեսնում եմ միայն օրենքով եւ չեմ մտածում, որ դա այդքան լուրջ գործոն է, որպեսզի մենք մեր հարաբերությունները չկարգավորենք: Չեմ մտածում, որ թուրքերը կարող են մեր հողերն առնել, կամ մենք գնալու ենք ամբողջ Թուրքիան առնելու: Ո՛չ մենք ենք Թուրքիան առնելու եւ ո՛չ էլ Թուրքիան է մեր հողերն առնելու: Ավելի լավ է խոսենք ռեալ հարցերի շուրջ: Ավելի լավ է հաշվի նստենք իրականության հետ, քան մտածենք վերացական ինչ-որ բաների մասին: Այս պահին մենք պետք է մտածենք սահմանի բացման մասին: Մենք պետք է մտածենք, որ 16 տարի առաջ փակած սահմանը Թուրքիան ստիպված է լինելու բացել: Եվ այս իրավիճակից մենք պետք է փորձենք մեր օգուտները քաղել: Ես համոզված եմ՝ սահմանի բացումից մեր տնտեսությունը էականորեն շահելու է, մեր գործարարները, որոնք ապրանքներ են ներմուծում կամ ապրանքներ են արտահանում Հայաստանից, բազմիցս ասել են, որ հաշվարկները ցույց են տալիս, որ Փոթի-Հայաստան ճանապարհածախսն այնքան է, որքան աշխարհի ցանկացած կետից մինչեւ Փոթի: Եվ ճանապարհի բացմամբ Հայաստանը հնարավորություն կստանա իր ապրանքների արտահանման եւ ավելի էժան ներմուծման: Մենք պետք է մտածենք հետագայի մասին, իսկ այն շատ հեռու չէ: Մոտ երկու ամիս առաջ ԵՄ համապատասխան հանձնախումբը, որն ուսումնասիրում է 2008-ի օգոստոսին Վրաստանում կատարված դեպքերը, հանդես եկավ հաղորդմամբ, որում Վրաստանում իրավիճակը բնութագրեց պայթյունավտանգ: Իսկ եթե այդ երկրում վիճակն ապակայունանա, Հայաստանը ի՞նչ պայմանների մեջ կհայտնվի: Շատ է խոսվել այս մասին, բայց երեւի արժե սա ուղղակի չմոռանալ: Երբ ընդամենը 5 օր Վրաստանի ճանապարհները փակվեցին, մենք բավականին լուրջ վտանգի առաջ կանգնեցինք, իսկ Հայաստան ներմուծվող ապրանքների 70%-ի փոխադրումը կատարվում է Վրաստանի սահմանով: Մյուս կողմից, չի կարելի մոռանալ հարցի քաղաքական կողմը: Ի վերջո, տարածաշրջանային լուրջ ծրագրեր կան, եւ չի կարելի, որ Հայաստանը մեկուսացված մնա այդ ծրագրերից: Մենք եւս պետք է ինտեգրվենք դրանց: Հայաստանի համար այսօր ստեղծված են բավականին շահեկան պայմաններ: Կարծում եմ, չի կարելի այս պահը բաց թողնել:
– Սակայն չի բացառվում, չէ՞, որ թուրքերը արձանագրությունները վավերացնեն, բայց սահմանը չբացեն: Որո՞նք են լինելու մեր քայլերը, մանավանդ, եկեք չմոռանանք, որ սահմանը մենք չենք փակել, թուրքերն են փակել եւ իրենք էլ պետք է բացեն:
– Թուրքիայի խորհրդարանն արդեն քննարկում է արձանագրությունները, ես կարծում եմ՝ իրենք չեն կարող չվավերացնել: Իսկ նրանց վավերացումից հետո մենք կքննարկենք հարցը: Հավանական է երկու սցենար. նախ՝ որ Թուրքիան չվավերացնի արձանագրությունները: Այս դեպքում պարզ է, որ գործընթացի ողջ պատասխանատվությունը կրելու է թուրքական կողմը: Իսկ երկուստեք վավերացման դեպքում գործընթացներ են գնալու արձանագրություններից բխող քայլեր իրականացնելու ուղղությամբ: Եթե հանկարծ Թուրքիան չբացեց սահմանը, դուք էլ եք ասում՝ ի վերջո սահմանը իրենք են փակել, հետեւաբար, իրենք էլ պետք է բացեն, եւ եթե այդ երկիրը չբացեց սահմանը, նորից պատասխանատվությունն ընկնում է թուրքերի վրա: Ի՞նչ անի Հայաստանն այս դեպքում: Ամեն ինչ շատ պարզ է եւ բաց: Բոլորը տեսնում են, թե ով ով է, տեսնում է աշխարհը, տեսնում են գերտերությունները, որոնք շահագրգռված են այս հարցերում: Պարզ է, որ բոլոր նախկին եւ ներկա մեղքերի համար, նկատի ունեմ, եթե Թուրքիան սահմանը շարունակի փակ պահել, պատասխան է տալու այդ երկիրը, քանի որ Հայաստանը միշտ էլ ապացուցել է, որ պայմանավորվածությունները չի խախտում եւ վստահելի գործընկեր է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել