Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ը ԱՈՒԴԻՏ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Նոյեմբեր 06,2009 00:00

«Հոկտեմբերի 22-ին ԱԺ-ում տեղի ունեցած «Հեռուստառադիոհեռարձակման թվայնացման գործընթացը եւ դրա ներդրման հետեւանքները Հայաստանում» թեմայով լսումները կրկին ապացուցեցին, որ Հայաստանում պետական մակարդակով ջանքեր են գործադրվում՝ ոտնահարելու ազատ խոսքը»,- ասված է Հայ ազգային կոնգրեսի՝ երեկ տարածած հայտարարության մեջ:
Կոնգրեսի համոզմամբ, ի հեճուկս հասարակության եւ միջազգային կազմակերպությունների քննադատությանը, նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2008թ. վճռի, որով հաստատվեց, որ խախտվել է «Ա1+»-ի տեղեկատվություն տարածելու իրավունքը, ինչպես նաեւ այն, որ յոթ կապուղիներով մրցույթների արդյունքները ապօրինի էին՝ «կառավարությունը չձեռնարկեց միջոցներ՝ վերացնելու իրավունքի այս հաստատված խախտման հետեւանքները՝ տրամադրելու «Ա1+»-ին կապուղի, ապահովելու ազատ կապուղիներում մրցույթի անցկացումը, կամ առնվազն չնախաձեռնեց հաճախականությունների տիրույթի աուդիտ միջազգային մասնագետների կողմից», եւ օրենքի ընդունումից 14 ամիս անց էլ չի ընդունվել հեռարձակման թվայնացման հայեցակարգը: ՀԱԿ-ը հիշեցրել է նաեւ՝ խորհրդարանական լսումները բացահայտեցին, որ Երեւանում կան չօգտագործված, չհատկացված կապուղիներ, ինչը տարիներ շարունակ ՀՀ կառավարությունը թաքցնում էր:
Կոնգրեսը դատապարտում է իշխանությունների շարունակական գործունեությունը՝ ազատ խոսքի, ազատ մամուլի ճնշման ուղղությամբ, եւ իշխանություններից պահանջում է վերականգնել հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում մրցակցությունն ու մամուլի ազատությունը՝ «շուկայական հարաբերությունների եւ խոսքի ազատության սկզբունքների համաձայն, ինչպես երաշխավորվում է Հայաստանի միջազգայնորեն ստանձնած պարտավորություններով»: Նաեւ որպես առաջին քայլ՝ անհրաժեշտ է համարում շտապ անցկացնել հեռուստա եւ ռադիո հաճախականությունների տիրույթի միջազգային աուդիտ, որի արդյունքներով ազատ կամ արտոնագրի ժամկետը լրացած հաճախականություններում անցկացնել մրցույթներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել