Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ, շարունակվեց լսվել «Գինդ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ «Օգոստոս» գործակալության: Հիշեցնենք, որ «Գինդ»-ը երկու պահանջով էր դատարան մտել՝ պարտավորեցնել «Օգոստոս» գործակալությանը՝ վճարել պարտք գումարը, որն իբր գոյացել է տպագրության ընթացքում, եւ արգելել «Օգոստոս» գործակալությանը տպագրելու «Չորրորդ իշխանություն» թերթը: Դատավոր Խանդանյանն էլ որոշում էր կայացրել արգելել «Օգոստոս» գործակալությանը՝ տպագրելու «Չորրորդ իշխանություն» թերթը: Անցած դատական նիստի ժամանակ էլ հայցվոր կողմը պահանջեց «Չորրորդ իշխանություն» թերթի ներկայիս հրատարակիչ «Կողմնակի անձանց Մ» ընկերությանը գործում ներգրավել որպես պատասխանողի: Երեկվա դատական նիստի ընթացքում արդեն հայցվոր կողմը հանդես եկավ միջնորդությամբ՝ պահանջելով արգելել «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ին եւ ընդհանրապես բոլոր ընկերություններին, ինչպես նաեւ տպարաններին հրատարակել «Չորրորդ իշխանություն» թերթը: Դատավոր Գագիկ Խանդանյանն էլ բավարարեց նաեւ այս միջնորդությունը՝ հայտարարելով, որ դատարանը որոշում է արգելել «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ին, այլ ընկերություններին եւ տպարաններին հրատարակել «Չորրորդ իշխանություն» թերթը: Այսպիսով գործը մտավ դատաքննության փուլ: Դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 11-ին, ժամը 14:00-ին: