Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐՈՅԻ ԳՈՐԾԵՐԸ ԼԱՎ ՉԵՆ

Նոյեմբեր 06,2009 00:00

\"\"ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի «զոհին» տեղափոխել են վերակենդանացման բաժին

«Յուվեցի Կարոյի»՝ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի գործերը գնալով վատանում են եւ երկու պատճառով: Նախ՝ հոկտեմբերի 5-ից՝ Երասխ-Երեւան ավտոճանապարհին, Մարմարաշեն գյուղի հատվածում տեղի ունեցած միջադեպից հետո, Արտաշատի հիվանդանոցում գտնվող եւ պատգամավորի կողմից հրազենային վնասվածքներ ստացած Արթուր Զադոյանի առողջական վիճակն է վատթարացել: Նա օրերս տեղափոխվել է Երեւան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին, որտեղ նրան դեռ վիրահատելու են: Հենց այստեղ՝ բժշկական կենտրոնում, պարզվել է, որ արդեն հայտնի միջադեպի ժամանակ Զադոյանի ոչ թե երկու, այլ չորս կողերն են ջարդվել, որոնցից երկուսը վնասել են նաեւ թոքերը: Բժիշկները մտադիր են վիրահատական միջամտության միջոցով հեռացնել Զադոյանի թոքերում կուտակված ու արդեն լերդացած արյունը: Սրա պատճառը ոչ թե հրազենային վնասվածքներն են, այլ պատգամավորի եղբոր՝ Մասիսի ոստիկանության աշխատակից Սիմոն Կարապետյանի կողմից միջադեպի ժամանակ արդեն թեւի եւ ոտքի հրազենային վնասվածքներից ուշագնաց եղած Զադոյանին քացիներով հարվածելու արդյունքը: Հիմա «Յուվեցի Կարոն», երեւի, պիտի աղոթի, որ Զադոյանի կյանքին ոչինչ չսպառնա, ու նա ապաքինվի, որ ինքը, գոնե, սպանության մեջ չմեղադրվի:
Պատգամավորի գործերը վատ են նաեւ այն պատճառով, որ այս միջադեպի առնչությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող գործի շրջանակներում հավաքվող նյութերն ավելի հաստափոր են դառնում՝ թերեւս, ի վնաս Կարապետյանի: Բանն այն է, որ, «Առավոտի» տեղեկություններով, պատգամավորի դեմ ցուցմունք են տվել նաեւ հոկտեմբերի 5-ին դեպքի վայր ժամանած մասիսցի ոստիկանները, որոնք ականատես են եղել, թե ինչպես է իրենց գործընկեր Սիմոն Կարապետյանը ոտքերով հարվածում գետնին ընկած Զադոյանին: Նրանք Զադոյանին հարվածելու փաստն արձանագրելով հանդերձ, ցուցմունք են տվել, թե հարվածողը եղել է ոչ թե Սիմոն, այլ Կարո Կարապետյանը:
Բացի այդ, նախաքննական մարմինը պարզել է նաեւ հետաքրքիր մի հանգամանք եւս. այն է՝ պատգամավորի «Մերսեդես G 500» մակնիշի ավտոմեքենան, որտեղ սկսվել է նրա եւ Զադոյանի վիճաբանությունը, գողացված մեքենա է:
Իհարկե, պատգամավորի եւ նրա գործողություններից տուժած Զադոյանի միջեւ այս գործի շրջանակներում «բալանս» ապահովելու համար նախաքննական մարմինը նաեւ կողմնակի նյութեր է հավաքում Զադոյանի դեմ: Օրինակ՝ հարցաքննվել է մասիսցի ոմն Ռոմիկ, որը հենց Կ. Կարապետյանի ընկերն է, ցուցմունք է տվել, թե մոտ վեց ամիս առաջ Զադոյանն իրեն «սնդիկի» գործ է առաջարկել: Սա, իհարկե, այս միջադեպի հետ առնչություն չունի, բայց «ձեռքի հետ» ստացված նյութ է: Զադոյանի դեմ երկրորդ ցուցմունք տված անձը միջադեպի սկզբնաղբյուր հանդիսացած վիճաբանության միակ ականատես վկա Օնիկ Հովհաննիսյանն է՝ պատգամավոր Կարապետյանի վարորդը: Նա պնդել է, թե Զադոյանը Կարապետյանի գլխին երկաթե ձողով հարվածելուց եւ մեքենայից իջնելուց հետո փորձել է գուլպայի միջից հանել զենքը եւ սպանել պատգամավորին: Զադոյանը «Առավոտի» հետ զրույցում առաջարկեց «մյուս կողմին» կողմնորոշվել՝ հիմա ինքը Կարոյին որոշել էր սպանել իր հետ, իբր, նախապես վերցրած երկաթե ձողով հարվածելո՞վ, թե՞ զենքով: «Ես օրինական գրանցված զենք ունեմ, բայց այդ օրը ես զենքով չեմ եղել: Եթե ես՝ էն էլ սպանելու դիտավորությամբ, զենքով եղած լինեի, ձեր տրամաբանությամբ՝ լոմո՞վ կխփեի, որ ինձ պաշտպանեմ: Դեպքից հետո մեր տանը, երեւի հենց իրենց ասածների հիման վրա, խուզարկություն է կատարվել, եւ անօրինական ոչինչ չի հայտնաբերվել: Իսկ դեպքի օրը էդ տեղում զենք հայտնաբերվել է, բայց դա իմը չի եղել, եւ դրա վրա իմ մատնահետքերը չեն եղել»,- պարզաբանեց Զադոյանը:
Ինչ վերաբերում է վկա Օնիկին, ապա հիշեցնենք, որ նա նախկինում դատապարտված է եղել, ընդ որում՝ մեկ անգամ նույնիսկ «իր վրա է վերցրել» տարիներ առաջ պատգամավոր Կարապետյանի անչափահաս որդու՝ Վիլիկի մեղքը, ինչի մասին նաեւ մամուլում էր գրվել: Վերջինս լինելով «ջիփի» ղեկին՝ Ավանի «գուդապի» մոտ վրաերթի էր ենթարկել երկու հոգու՝ այժմ նախարար Հրանուշ Հակոբյանի ազգականներին, որոնցից մեկը մահացել էր, ու Օնիկը «շեֆի» որդուն փրկելու համար պատրաստակամությամբ հայտարարել էր, թե մեքենայի ղեկին ինքն է եղել:
Ա. Զադոյանից մենք փորձեցինք ճշտել նաեւ մամուլում հրապարակված տեղեկությունները իր 8 անգամ դատված լինելու մասին:
«Դա պարզունակ զրպարտություն է, ես ոչ մի դատվածություն չունեմ՝ ո՛չ արտերկրում, ո՛չ Հայաստանում: Դա ինքներդ պարզեք. դիմեք ոստիկանությանը, ինտերպոլին ու ճշտեք: Պրոբլեմներ արտերկրում ունեցել եմ, մի անգամ ինձ դեպորտ են արել: Մի անգամ էլ, 1991 կամ 92 թվականներին, Իրանից մեքենայով Հայաստան գալիս 3,5 լիտրանոց, շարիկավոր խցանով, փակ շշով «Վիսկի» էի բերել, որ Նոր տարուն բացենք: Էն ժամանակ Հայաստանում տենց բաներ չկային: Իրանում օրենքով ալկոհոլը արգելված է. շիշ բացել, հյուրասիրել, խմել չկա: Բայց սահմանում շիշը տեսնելով՝ համարեցին, որ դա մաքսանենգ ապրանք է ու ինձ եւ ընկերոջս մի օր սահմանում պահելուց հետո մեկուսարան տեղափոխեցին: Հետո եկան, ասացին, թե դատարանը մեզ դրամական տուգանքի է ենթարկել: Էդ տուգանքը մուծելուց հետո մեզ թողեցին: Էս է եղել: Էդ օդից վերցրած բաներ են, ոնց որ 57 հազար դոլար պարտքի պատմությունը: Նման բան չի եղել: Կարոն եթե մեկին 57 հազար փող տար, 257-ը հաստատ հետ էր վերցնելու: Ես էդ գիտեմ: Ամբողջ Արտաշատին հարցրեք: Ես 4 տարի դպրոցում մանկավարժ-մարզիչ եմ աշխատել, գործարանում կարի արտադրամասի պետ եմ եղել, երկու գործարանի տնօրեն եմ եղել ու դատվածություն էլ չունեմ»,- հակադարձեց Զադոյանը՝ հավելելով, թե պատգամավոր Կարոն թող ի՛ր շրջապատի դատված ու չդատվածներից, ինտերպոլի կողմից հետախուզման մեջ գտնվողներից խոսի:
Վերջինս մեր հարցին ի պատասխան՝ ասաց, թե իր մասնակցությամբ որեւէ առերեսում չի կատարվել, թերեւս, իր առողջական վիճակից ելնելով: Բայցեւ հայտարարեց, թե շարունակելու է պնդել, որ նախաքննական մարմինն այս գործով իրեն տուժող ճանաչի:
Հարցրինք նաեւ, թե ինչո՞ւ է իր՝ Զադոյանի որդի քննիչը ազդում այս գործը քննող ՀՔԾ-ի վրա: «Իմ տղան, ի տարբերություն պատգամավորի կարգավիճակ ունեցող Կարոյի, ընդամենը մեկ տարվա աշխատող է: Ձեզ եմ հարցնում՝ նա կարո՞ղ է կամ այդքան հնարավորություն ունի՞ ՀՔԾ-ի վրա ազդելու»,- հռետորական ու բազմանշանակ հարցադրում արեց Ա. Զադոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել