Աշոտ Բլեյանը՝ հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական
հարաբերությունների մասին
Դեռ սեպտեմբերի սկզբին, հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրմանը հաջորդած առաջին օրերին, «Առավոտին» տված հարցազրույցում Գերագույն խորհրդի պատգամավոր Աշոտ Բլեյանը կարծիք էր հայտնել, որ Հայաստան- Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն ավելի հեշտ կկարգավորվեն, եթե դիտարկվեն մեկ փաթեթում. «Մեզ պետք է հետաքրքրի հարցադրումների ոչ թե ձեւական, այլ էական կողմը: Ես գիտեմ, որ նոր բաժանարար գիծ չի կարող առաջանալ, եւ այդ հարաբերությունների տարանջատումը գրեթե անհնարին կդարձնի դրանց լուծումը»,- ասել էր նա: Արձանագրությունների վավերացման փուլում Աշոտ Բլեյանը շարունակում է պնդել իր կարծիքը: «Այս ամբողջ ընթացքում հայաստանյան հրապարակումներում ես անընդհատ ուզում էի հիմնավորում գտնել, թե ինչո՞ւ չենք ուզում, որ Թուրքիան բացահայտ, օրինական, լեգիտիմ մասնակցի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը: Ո՞րն է այդտեղ վտանգը: Ինչո՞ւ ենք ուզում լարվածության նոր առիթ ստեղծել»,- տարակուսում է Աշոտ Բլեյանը: «Առավոտի» դիտարկմանը, որ հիմնական «դեմ» փաստարկն այն է, որ այդպիսով Հայաստանի դիրքերը ԼՂՀ կարգավորման գործընթացում էականորեն կթուլանան, մեր զրուցակիցն արձագանքեց. «Ես դրա համար եմ հատուկ շեշտում բացահայտ օրինական, իրավական մասնակցությունը, քանի որ, միեւնույն է՝ Թուրքիան կա եւ այդ մասնակցությունն այս կամ այն կերպ ունենում է: Թուրքիան ԵԱՀԿ անդամ պետություն է, տարածաշրջանում կոնկրետ կշիռ ունեցող եւ այլն: Ինչի՞, մինչեւ հիմա չի՞ մասնակցել: Հակառակը, մինչ այժմ այս կամ այն կերպ մասնակցելով գործընթացին՝ Թուրքիան պատասխանատվություն չի կրել»: Աշոտ Բլեյանը ուզում է հայաստանյան հասարակությունից լսել հարցի պատասխանը՝ Թուրքիան շահագրգի՞ռ է, որպեսզի Հայաստանի հետ իր հարաբերությունները կարգավորի, Թուրքիայի շահերից բխո՞ւմ է Հայաստանի հետ բնականոն հարաբերությունների հաստատումը: Իր համոզմամբ՝ այո: Հակառակ դեպքում, վստահ է, որ այս գործընթացն ընդհանրապես չէր սկսվի. «Չեմ կարծում, որ միջազգային գործակցությունն այդքան ուժ ունի, որպեսզի պարտադրի մի բան, որը թուրքերը չեն ուզում: Ուրեմն, այսօր Թուրքիայի շահերից է բխում Հայաստանի հետ բնականոն հարաբերությունների հաստատումը»: Հետեւաբար, Բլեյանը վստահ է, որ Թուրքիան այս ամբողջ պատմության մեջ կարող է դրական դերակատարում ունենալ: Ավելին. «Թուրքերի համար դա կարող է գործուն զղջման ձեւ լինել: Մեկ է՝ թուրքերն էլ, թուրքական իշխանություններն էլ գիտեն, որ ցեղասպանություն եղել է: Իրենք կարող են բացահայտ դա չասել, բայց՝ մեղավոր են եւ պիտի հատուցելու ձեւ գտնեն: Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նրա մասնակցելը կարող էր գործուն զղջումը լինել: Եթե Թուրքիայի եւ Հայաստանի բնականոն հարաբերությունների կարգավորման գլխավոր խոչընդոտ դառնում է Ադրբեջանը, ապա հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման միասնական մոտեցումը, ես վստահ եմ, որ մեր շահերից է բխում: Անկախ նրանից՝ արձանագրություններում կա՞, թե՝ չկա, ով ի՞նչ է ասում, մենք պիտի հրաշալի հասկանանք, որ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը, այն, ինչը որ հայաստանցիներս պիտի որ շատ ուզենայինք, անհնար է առանց հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման: Մենք հարատեւ անհաշտությունից ուզում ենք անցնել տարածաշրջանում վերջնական խաղաղությա՞ն, թե՞ հարատեւ կռվի մի նոր ձեւ ենք գտել: Ես դրանում մեր օգուտը չեմ տեսնում»: Իսկ եթե Թուրքիայի դիրքը նպաստավոր չլինի, ուրեմն՝ «Հարցը լուծում չունի, եւ Հայաստան-Թուրքիա բնականոն հարաբերությունների հաստատումը նորից հետաձգվում է»։
Այդ դեպքում ինչո՞վ բացատրել Թուրքիայի առաջին դեմքերի՝ վերջերս ավելի հաճախ դարձած հայտարարություն-սպառնալիքները, որ արձանագրությունները չեն վավերացվի՝ մինչեւ ազատագրված տարածքները չվերադարձվեն Ադրբեջանին: Արդյոք մենք պատրա՞ստ ենք այդ գնով հարաբերությունների կարգավորմանը՝ «Առավոտի» հարցերին ի պատասխան հնչեց հակադարձումը. «Մենակ թուրքե՞րն են դա հայտարարել: ՄԱԿ-ի մեկ տարի առաջվա որոշումը հիշեք: ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը՝ ո՞վ չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Արձանագրություններում չկա՞ պետությունների տարածքային ամբողջականության մասին: Ինչո՞ւ ենք մենակ թուրքերի ասածը մեր աչքը մտցնում: Դա կա, եւ թուրքերն այլ բան ասել էլ չէին կարող: Այլ բան է, որ խնդիրն ի վերջո հետեւյալն է՝ գտնել մի բանաձեւ, որտեղ հնարավոր լինի համադրել տարածքային ամբողջականությունը եւ ազգերի ինքնորոշումը»: Բլեյանը հիշեցնում է, որ 1997-ին էլ նույն խնդիրն էր, եւ ՀՀ առաջին նախագահն իր հայտնի հոդվածում հենց դա է պարզաբանում: Հարցին՝ այդ բանաձեւը ազատագրված տարածքների վերադա՞րձն է, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ինքը քայլեր չի առաջարկում՝ դրանք թողնելով միջազգային եւ հայաստանյան դիվանագետներին: Նա մի բանում վստահ է. «Չի կարելի, որ սկսված գործընթացը կիսատ մնա: Այլապես, դա կլինի հենց Հայաստանի պարտությունը»: