Մենք արդեն տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի Պետդումայում օրենսդիրները քննարկել են Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեին ՌԴ քաղաքացիությունից զրկելու հնարավորությունը, թեեւ ՌԴ Սահմանադրությունը հստակ սահմանել է, որ Ռուսաստանի քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից: Այդուհանդերձ, երեկ հայտնի դարձավ, որ Վաշաձեն ինքն է հրաժարվել Ռուսաստանի իր քաղաքացիությունից: Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքսը», Վրաստանի արտգործնախարարը երեկ հայտարարել է, թե ինքն արդեն գրավոր եւ պաշտոնապես դիմել է ՌԴ նախագահին՝ խնդրելով չեղյալ համարել իր քաղաքացիությունն ու դրան կից ուղարկել է նաեւ իր ռուսական անձնագիրը: «Այսպիսով՝ ես որոշեցի թեթեւացնել ռուսական կողմի առջեւ դրված խնդիրը. քանի որ ՌԴ Սահմանադրությունը քաղաքացիությունից զրկելու դրույթ չի նախատեսում, ուստի՝ ես ինքս որոշեցի հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից»,- Վրաստանի կառավարության նիստում երեկ հայտարարել է ինքը՝ ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, որ մինչեւ երեկ Վաշաձեն երկքաղաքացիություն ուներ: Նա ՌԴ քաղաքացիություն էր ստացել ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո, իսկ 2007թ.-ին Վրաստանի քաղաքացիություն նրան շնորհվել էր Վրաստանի նախագահի հրամանագրով: