Երեկ Թեհրանում նշվել է ամերիկյան դեսպանատան վրա կատարված հարձակման 30-րդ տարելիցը, որի առնչությամբ բողոքի զանգվածային ցույցեր էին կազմակերպել ե՛ւ իշխանամետ, ե՛ւ ընդդիմադիր ուժերը. առաջինը՝ Միացյալ Նահանգների, իսկ երկրորդը՝ Իրանի գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադի դեմ: Ընդդիմության բողոքի ակցիայի ժամանակ հերթական անգամ բախումներ են գրանցվել ընդդիմության առաջնորդներ եւ նախագահի նախկին թեկնածուներ Միր Հոսեին Մուսաֆիի եւ Մեհդի Քարրուբիի կողմնակիցների եւ ոստիկանական ուժերի միջեւ: «BBC»-ի փոխանցմամբ, ընդդիմության կողմնակից մի քանի հազար ցուցարարներ դուրս են եկել փողոցներ՝ վանկարկելով «Մահ դիկտատորներին» կարգախոսը: Իր ելույթում իսլամական հեղափոխության նախկին առաջնորդներից մեկը՝ այաթոլլա Մոնթազերին, որն այսօր ընդդիմադիր գործչի համարում ունի, հայտարարել է, թե 30 տարի առաջ ամերիկյան դեսպանատան գրավումը մեծ սխալ էր:
Ցուցարարներին ցրելու համար իրանական ոստիկանությունը գործի է դրել մահակներ եւ արցունքաբեր գազ, բայց ցուցարարների թիվը դրանից հետո էլ չի պակասել: Բողոքի ակցիայի ընթացքում հարձակման է ենթարկվել նաեւ Մեհդի Քարրուբին: Աղբյուրի տեղեկություններով, ձերբակալվել է ընդդիմության ակցիայի առնվազն հինգ մասնակից: Միաժամանակ պրոիշխանական ցույցերը, որոնք ուղղված են Միացյալ Նահանգների դեմ, անցել են առանց իշխանությունների կողմից որեւէ միջամտության:
Նախօրեին ընդդիմության առաջնորդներ Մուսաֆին եւ Քարրուբին իրենց կողմնակիցներին կոչ էին արել գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադի դեմ բողոքի ցույցի դուրս գալ, իսկ հեղափոխության պահապանները հայտարարել էին, թե թույլ չեն տա, որ հակաամերիկյան հանրահավաքը վերածվի նախագահի դեմ ցույցի:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 30-ամյա իրադարձություններին նվիրված իր ճառում հայտարարել է, որ Իրանը պետք է ոչ թե հիշի անցյալը, այլ՝ նայի դեպի ապագան: «30 տարիների ընթացքում մենք լսել ենք, թե ինչի դեմ է հանդես գալիս Իրանի կառավարությունը: Հիմա հարցն այն է, թե ինչպե՞ս է նա տեսնում ապագան»,- ասել է Օբաման: