Սեռական կողմնորոշվածությունը բնորոշվում է մշտական հուզական, զգայական, զգացմունքային եւ սեքսուալ հակումներով՝ որոշակի սեռի անձանց հանդեպ: Գոյություն ունի սեռական կողմնորոշվածության երեք տեսակ՝ տարասեռական, նույնասեռական եւ երկսեռական:
Տարասեռականը բնորոշվում է անձի սեքսուալ հակումով դեպի հակառակ սեռի ներկայացուցիչը: Տարասեռական կողմնորոշվածություն ունեցողները բավականություն են ստանում միայն հակառակ սեռի ներկայացուցիչների հետ կենակցելուց:
Նույնասեռականը բնորոշվում է անձի սեքսուալ հակումով դեպի նույն սեռի ներկայացուցիչները: Նույնասեռական կողմնորոշվածություն ունեցողները բավականություն են ստանում իրենց իսկ սեռին պատկանող ներկայացուցիչների հետ կենակցելուց:
Երկսեռականը բնորոշվում է անձի սեքսուալ հակումով դեպի եւ՛ իր սեռի, եւ՛ հակառակ սեռի ներկայացուցիչը: Երկսեռական կողմնորոշվածություն ունեցողները բավականություն են ստանում եւ՛ տղամարդու, եւ՛ կնոջ հետ կենակցելուց:
Մարդու սեռականության ամբողջական պատկերը ստանալու հարցում կարեւոր դեր են խաղում անձի հոգեբանական եւ սոցիալական սեռերի բնութագրումը: Անհրաժեշտ է սեռական կողմնորոշվածությունը տարանջատել սեռական վարքագծից: Ինչպես սեռական կողմնորոշվածությունը, այնպես էլ սեռական վարքագիծը կարող է լինել տարասեռական, նույնասեռական եւ երկսեռական: Հարկ է ընդգծել, որ եթե անձը ցուցաբերում է այնպիսի սեռական վարքագիծ, որը միանգամայն տարբերվում է իր սեռական կողմնորոշվածությունից, ապա տվյալ անձի մոտ բացակայում են սեռական կողմնորոշվածությանը բնորոշ հակումները: Օրինակ, բոլոր տարասեռական կողմնորոշվածություն ունեցող անձինք, հայտնվելով այնպիսի միջավայրում, ուր բացակայում են հակառակ սեռի ներկայացուցիչներ (կալանավայրեր, բանակ), կամ զուտ կենսափորձի նպատակով, երբեմն էլ՝ ալկոհոլի, թմրամիջոցների կամ այլ ազդակների ազդեցության տակ, նրանք կարող են ունենալ պատահական սեռական հարաբերություններ նույն սեռի ներկայացուցչի հետ: Այլ ազդակների բացակայության դեպքում տարասեռականները կամ չեն կիրառում նույնասեռական վարքագիծ, կամ էլ կիրառում են՝ որոշակի շահադիտական նկատառումներից ելնելով (օրինակ՝ մարմնավաճառները փող վաստակելու նպատակով): Այս դեպքում արդեն տարասեռականը հանդես է բերում նույնասեռական վարքագիծ:
Այսօր դեռեւս գոյություն չունեն հստակ պարզաբանումներ մարդու սեռական կողմնորոշվածության ծագումնաբանության եւ պատճառաբանության վերաբերյալ՝ լինի այն տարասեռական, նույնասեռական, թե երկսեռական: Doctors.am-ը նշում է, որ գոյություն ունեցող բոլոր վարկածներն էլ թերի են եւ պահանջում են հետագա ուսումնասիրություն՝ դրանք ապացուցելու կամ հերքելու նպատակով: Ինչպիսին էլ լինի մարդու սեռական կողմնորոշվածությունը, այն պահանջում է հարգալից, հանդուրժողական վերաբերմունք, ինչպես նաեւ սեռական բազմազանությունը որպես այդպիսին ընդունելու խրախուսում, իսկ որոշ դեպքերում՝ մասնագիտական խնամք եւ աջակցություն: