Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՌԵՐԻ ՄԻՋԵՎ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՄԻԱՅՆ ԳՐԱՎՈՐ

Նոյեմբեր 05,2009 00:00

Կանայք որքանո՞վ են օգտվում իրենց իրավունքներից

Սեռերի անհավասարության հիմնախնդիրը անգամ 21-րդ դարում լուրջ խնդիր է ողջ աշխարհում: Խտրականությունը հատկապես կանանց նկատմամբ հիմա էլ ոչ թե առասպել է, այլ իրականություն: Այսօր այն ամենավիճահարույց թեմաներից է:
Սեռերի միջեւ հավասարությունը ենթադրում է կանանց եւ տղամարդկանց հավասար պայմանների ապահովում՝ իրենց բոլոր իրավունքներից օգտվելու համար: Սակայն հավասարությունը չի նշանակում, թե կանայք եւ տղամարդիկ պետք է նույնանան՝ ընդամենը՝ նրանց հնարավորությունները պետք է հավասար լինեն:
Սեռերի միջեւ իրավահավասարությունը նախ պետք է քննարկել մարդու իրավունքների տեսանկյունից: Սա ոչ թե սեռերի կենսաբանական անհավասարություն է, այլ մարդկության կողմից ստեղծված, իրավական համակարգում ընդունված հնարավորությունների եւ դրանց հասնելու համակարգ: Ընդհանրապես հայ կանայք իրենց էությամբ զիջող են ու հակված խաղաղության, քանի որ ի վերուստ կնոջ հիմնական առաքելությունը երեխաների, ընտանիքի, ազգի վերարտադրությունն ու պահպանումն է: Մեր հասարակությունում ընդունված ու շատ պարզունակ մի կարծիք կա, որ հայ կինը միայն պետք է զբաղվի տնային գործերով ու երեխաների դաստիարակությամբ: Այսօր, ճիշտ է, իրավական տեսանկյունից մեր կանայք պաշտպանված են խտրականությունից: ՀՀ օրենսդրությունը կառուցված է իրավահավասարության սկզբունքի վրա, եւ իրավահավասարությունը երաշխավորվում է ՀՀ Սահմանադրությամբ: Հայաստանի կողմից վավերացված կանանց իրավունքների վերաբերյալ մի շարք միջազգային կոնվենցիաները գերակայում են ազգային օրենսդրության դրույթների նկատմամբ: Բայց անհրաժեշտ է ապահովել, որ այդ իրավահավասարությունը չլինի միայն թղթի վրա, այլ վերածվի իրականության:
Թեմայի շուրջ «Առավոտը» զրուցեց «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» նախագահ Լիլիթ Ասատրյանի հետ: Ըստ նրա, կինն է պատասխանատու իր իրավունքները ճանաչելու կամ չճանաչելու հարցում. «Ընդունված է համարել, որ Աստված բոլորին ստեղծել է հավասար: Հավասարությունը կնոջ եւ տղամարդու միջեւ պետք է դիտել իրավունքների հավասարության տեսանկյունից: Իրավունքների տեսակետից՝ այո, բոլորը հավասար են, անկախ իրենց սեռից:  Պարզապես հարց է, թե որքանով են կանայք եւ տղամարդիկ օգտվում իրենց իրավունքներից: Այստեղ խոսքը գենդերային քաղաքականության, գենդերային հավասարության մասին է, բայց ես՝ որպես գործարար կին, նկատում եմ, որ կանայք պետք է առաջին հերթին կին լինեն այն իմաստով, որ իրենք իրենց իրավունքների եւ պաշտպանը լինեն, եւ փորձեն իրենց իրավունքները կիրառելով՝ ստանալ այն, ինչ իրենց անհրաժեշտ է: Արդյունքում հասարակությանը մատուցեն այն՝ ինչի կարիքը որ կա»:
Լ. Ասատրյանի ձեւակերպմամբ՝ ճիշտ է, որ ինչ-որ գործունեություն ծավալելու համար երբեմն ստիպված ես լինում մեծ դժվարությունների եւ բարդությունների միջով անցնել, միայն ապացուցելու համար, որ դու էլ ունես նույն իրավունքը, ինչ տղամարդը, դու էլ կարող ես իրականացնել ծրագրեր, ղեկավարել հաստատություններ. «Բարդությունները շատ են, լինում են նաեւ ոչ բնական պատնեշներ: Բայց կինը պետք է կարողանա եւ պատրաստ լինի ամեն ինչ հաղթահարել եւ ոչ թե սպասի, որ ինչ-որ մեկն իր համար ճանապարհ հարթի: Այս տեսանկյունից ես համաձայն չեմ, երբ կանայք ասում են՝ մեզ ընդամենը հնարավորություններ են պետք: Այդ հնարավորությունները մենք ինքներս մեզ համար պետք է ստեղծենք»:
Լ. Ասատրյանը գտնում է, որ կնոջ եւ տղամարդու միջեւ հավասարությունը երբեմն խիստ անհրաժեշտ է լինում. «Տանը, ընտանիքում, ընկերական շրջապատում, գործնական հարաբերություններում լինում են դեպքեր, երբ ուղղակի պահանջ ես զգում տղամարդու հետ նույն սանդղակի վրա գտնվելու: Այս հավասարությունը սխալ չէ, քանի որ երբեմն տղամարդիկ չեն գիտակցում կանանց խոսքի կարեւորությունը կամ չեն հասկանում, որ ինչ-որ պայմանում, եթե նրանց տեղը կին լիներ, ամեն ինչ այլ ընթացք կստանար: Սակայն տղամարդու հետ հավասար սանդղակի վրա գտնվելը ոչ բոլորին է հատուկ, դա բնավորության ընդգծված գծեր, լրջախոհություն է պահանջում»:
Մեր զրուցակիցը կողմ է կնոջ՝ ընտանիքի լավ մայր լինելու պարտականությանը. «Դա շատ գնահատելի է եւ ամենամեծ արժեքներից մեկն է կնոջ համար, որովհետեւ, անկախ դիրքից եւ ամեն ինչից, կնոջ ամենամեծ առաքելությունը մայր, կին լինելն է: Եթե կինն իրեն տեսնում է միայն այդ ոլորտում եւ գտնում է, որ իրեն երջանիկ է զգում միայն այդկերպ, այդ կնոջը ոչ ոք քննադատելու իրավունք չունի: Մյուսը՝ եթե իրեն գտնում է աշխատանքի մեջ եւ համարում է, որ իրենը միայն դա է, ապա վերջինիս էլ ոչ ոք քննադատելու եւ նրա փոխարին որոշումներ կայացնելու իրավունք չունի: Այսինքն՝ մարդուց է կախված, թե ինքը որ ուղղությունն է ընտրում եւ որն է իրեն հարազատ: Բոլորին է տրված երջանիկ լինելու հնարավորություն. եւ չարժե ասել, թե տղամարդն ավելի մեծ հնարավորություններ ունի երջանիկ լինելու համար, կինը՝ քիչ, կամ կինը պետք է միայն խոհանոցում լինի, տղամարդը՝ դուրսը… Այսօր կարծես ամեն ինչ փոխվում է, կինն արդեն հավասարվել է տղամարդուն եւ ունի բոլոր հնարավորություններն ու ունակությունները հասարակության համար իրականացնելու բարենպաստ գործեր, կարող է ընդունել որոշումներ, ղեկավարել հիմնարկություններ»:
Հարցին՝ ձեր կարծիքով հայ կանայք գիտակցո՞ւմ են, որ իրենք էլ ունեն այն իրավունքները, ինչ տղամարդիկ, Լ. Ասատրյանն ասաց. «Կան կանայք, ովքեր լիարժեք ճանաչում են իրենց իրավունքները, կան նաեւ այնպիսիները, որոնք ունեն բոլոր համապատասխան հնարավորությունները հասարակության լիիրավ անդամ լինելու՝ գործնական առումով, բայց հայկական մտածելակերպին տուրք տալով, ինչ-որ տեղ նաեւ չգիտակցելով եւ չգնահատելով իրենց անհրաժեշտությունը, պարզապես հավանություն տալով իրենց ամուսնու պահանջներին, նստում են տանը եւ դառնում միայն խոհանոցում կարեւորություն ունեցող անձ: Սրանք հիմնականում այն կանայք են, որոնք բնակվում են մարզային բնակավայրերում՝ մայրաքաղաքից դուրս: Այս տիպի կանայք չունեն ինֆորմացիայի աղբյուր, քանի որ ինֆորմացիան էլ կրթություն եւ գիտելիք ստանալու մի ձեւ է, նրանք, բնականաբար, չեն կարողանում ժամանակին համընթաց ստանալ այն տեղեկատվությունը եւ գիտելիքները, որն իրենց անհրաժեշտ է, իսկ արդյունքում՝ ետ են մնում հասարակությունից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել