Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյան. «Բաքու մեկնելն իրատեսական չէ»

Նոյեմբեր 05,2009 00:00

\"\"Հայաստանի շախմատի ազգային հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը, «Panorama. am»-ի փոխանցմամբ, ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում խոսել է Եվրոպայի թիմային առաջնության մասին, անդրադարձել այն հարցին, թե ինչո՞ւ չի ժամանելու Բաքու՝ մասնակցելու հավակնորդների մրցաշարին, վերլուծել նաեւ մայրցամաքային ստուգատեսի շրջանակներում կայացած Հուսեյնով-Սարգսյան պարտիան:
Լեւոն Արոնյանը համամիտ չէ, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի գործերը հաջող չեն ընթացել: Նա վստահ է, որ թիմի վերջնական արդյունքի վրա բացասական ազդեցություն է թողել կուտակված հոգնածությունը: Լեւոն Արոնյանը, առաջնորդվելով զուտ մարզական չափորոշիչներով, հայտարարել է նաեւ, որ Ադրբեջանի հավաքականը վաղուց արդեն պետք է տիրացած լիներ մայրցամաքի չեմպիոնի կոչմանը, քանի որ իր կազմում բարձրակարգ խաղացողներ ունի:
Այնուամենայնիվ, Հայաստանի ընտրանին կարողացավ պարտության մատնել ապագա չեմպիոնին: «Դրանք շատ բարդ պարտիաներ էին: Ես ոչ-ոքի խաղացի Ռաջաբովի հետ, երկրորդ եւ չորրորդ խաղատախտակների վրա նույնպես միավորը կիսվեց: Բայց Սարգսյանին հաջողվեց հաղթել: Գադիր Հուսեյնովն իսկապես առավելություն ուներ, սակայն սխալ թույլ տվեց: Իսկ Սարգսյանը շատ փորձառու է, գիտի, թե ինչպես պետք է նման դեպքերում պատժել եւ բեկել պարտիայի ընթացքը, ինչը եւ արեց: Ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանի հավաքականի հաղթանակն ինձ համար անսպասելի չէր, իսկ ահա Ուկրաինան զարմացրեց: Այդ թիմն այնքան կայուն չէր խաղում, որպեսզի զբաղեցներ մրցանակային երրորդ տեղը: Նրանց, եթե անկեղծ լինենք, ես չէի տեսնում մրցանակակիրների շարքում»,- հայտարարել է Լեւոն Արոնյանը:
Իսկ թե ինչո՞ւ չի ցանկացել մասնակցել Բաքվում տեղի ունենալիք աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին, Լեւոն Արոնյանն այսպես է պատասխանել. «Եկեք իրատես լինենք. Բաքվի ու Ադրբեջանի հանդեպ ողջ հարգանքով հանդերձ՝ ես դժվար թե ինձ այնտեղ հարմարավետ զգայի»: Լրագրողը, իհարկե, նշել է, որ անվտանգության երաշխիքներ տրված էին, ի վերջո, հայ ըմբիշները ժամանել են Բաքու, ադրբեջանցի ձյուդոիստները՝ Երեւան: Լեւոն Արոնյանն ստիպված է եղել բացատրել, թե ինչո՞վ է շախմատը տարբերվում ձյուդոյից ու ըմբշամարտից:
«Մի համեմատեք: Նրանց հենց դա էր պետք, ադրենալինի պես ինչ-որ բան: Շախմատիստները շատ դժվար են հոգեբանորեն տրամադրվում: Եթե անհրաժեշտ լիներ թուլանալ եւ դուրս գալ զբոսնելու, Բաքվում դժվար թե կարողանայի դա անել հանգիստ հոգով, ինչը շատ ուժեղ կանդրադառնար իմ արդյունքների վրա: Այնպես որ՝ Բաքու գալն իրատեսական չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել