Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐ

Նոյեմբեր 05,2009 00:00

Տալի հուշամրցաշարից հետո՝ բլիցի աշխարհի առաջնություն

\"\"Երեկ Մոսկվայում պետք է անցկացվեր շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի 4-րդ հուշամրցաշարի գլխավոր մրցաշարի մեկնարկային տուրի վիճակահանությունը, որին մասնակցող 10 ուժեղագույն գրոսմայստերների մեջ է նաեւ Լեւոն Արոնյանը: Շախմատասերներին հիշեցնենք, որ Լեւոնը 2006 թվականին կայացած անդրանիկ մրցաշարում Պետեր Լեկոյի եւ Ռուսլան Պոնոմարյովի հետ միասին բաժանել է 1-3-րդ տեղերը:
Թե այս անգամ ո՞վ կդառնա հաղթող, կիմանանք մրցաշարի ավարտից հետո: Իսկ մինչ այդ տեղեկացնենք նաեւ, որ նույն հուշամրցաշարի շրջանակներում նոյեմբերի 16-ին մեկնարկելու է արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որին, բացի վերոնշյալ գրոսմայստերներից, մասնակցելու հրավերներ են ուղարկվել Ալեքսանդրա Կոսինցեւային, Դոմինգեսին, Գրիշչուկին, Յակովենկոյին, Յուդիթ Պոլգարին, Կարյակինին, Գաշիմովին, Մամեդյարովին, Բարեեւին, Տկաչովին եւ Չժոու Ցզյանչաոյին:

Ավետիքը տասնյակի մեջ է

Արգենտինայի Պուերտո Մադրին քաղաքում շախմատի աշխարհի մինչեւ 20 տարեկան երիտասարդների եւ աղջիկների առաջնությունը հատեց եզրագիծը:
Տղաների պայքարում հանդես եկող գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը եզրափակիչ տուրում ոչ-ոքի արեց Չինաստանի ներկայացուցիչ Յու Յանգիի հետ եւ 8,5 միավորով մրցաշարային ամփոփիչ աղյուսակում հանգրվանեց ութերորդ հորիզոնականում: Ճիշտ է, մինչեւ վերջին երեք-չորս տուրերը հայաստանցի շախմատիստը պայքարում էր մրցանակային տեղ գրավելու համար, սակայն, ի վերջո, անմասն մնաց մեդալից, բայց 83 մասնակիցների մեջ առաջին տասնյակում տեղ զբաղեցնելը բավականին լավ արդյունք կարելի է համարել:
Առաջնության երկրորդ հատվածն անհաջող անցկացրեց աղջիկների պայքարին մասնակցած Աննա Հայրապետյանը: 9-12-րդ տուրերում կրած չորս անընդմեջ պարտությունները թուլացրին նրա՝ մինչ այդ ունեցած բավականին ամուր դիրքերը: Իսկ եզրափակիչ՝ 13-րդ, տուրում արգենտինացի Ֆլորենսիա-Մարիա Ֆեռնանդեսի հետ խաղաղ դաշն կնքելուց հետո Աննան 6,0 միավորով 45 մասնակիցների մեջ պայքարն ավարտեց 28-րդ տեղում:

\"\"Հաջող մրցելույթներ՝ Սանկտ Պետերբուրգում

Սանկտ Պետերբուրգում անցկացված Չիգորինի հուշամրցաշարում հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, ինը հնարավորից վաստակելով 7,0 միավոր, գրոսմայստերներ Վոլկովի, Ժու Վեյքի, Ռիչագովի եւ Դեվյատկինի հետ միասին բաժանել է 1-5-րդ տեղերը:
Մեր հանրապետության մյուս ներկայացուցիչներից Ռոբերտ Հովհաննիսյանն իր անվան դիմաց գրանցել է 6,5, իսկ Զավեն Անդրիասյանը, Լեւոն Բաբուջյանը եւ Վարդգես Թովմասյանը՝ 6,0-ական միավոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել