Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայերը պետք է ատամ ցույց տան»

Նոյեմբեր 05,2009 00:00

Համոզված է «Մխացող պատրույգ» ֆիլմի հեղինակ Ջիվան Ավետիսյանը

«Մադրիդյան սկզբունքները ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մշակված մի փաստաթուղթ է, որ իրականացնի Ադրբեջանի կամ Թուրքիայի բաղձալի երազանքը, վերջիվերջո՝ այդ սկզբունքների իրականացման արդյունքում մենք չենք ունենա Ղարաբաղ»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Մադրիդյան սկզբունքների մասին առաջին վավերագրական «Մխացող պատրույգ» ֆիլմի հեղինակ Ջիվան Ավետիսյանը: Նա գտնում է, որ հասարակությունը, բնավ տեղյակ չլինելով, թե ինչ փաստաթուղթ է ստորագրվում, մի օր էլ կարող է արթնանալ ու պարզել, որ եւս մեկ փաստաթուղթ է ստորագրվել պատկան մարմինների կողմից, ինչպես եղավ օգոստոսի վերջին եւ սեպտեմբերի սկզբին: Ջ. Ավետիսյանը զարմանալի է համարում, որ փաստաթղթում ինքնորոշման իրավունքի մասին կետը ներկայացվում է որպես ձեռքբերում. «Ղարաբաղն արդեն իսկ ինքնորոշված է, դրա մասին երկրորդ անգամ խոսելն անիմաստ է: Ղարաբաղցին չի պատրաստվում հողեր տալ, նա կանգնած է իր հողի վրա եւ ասում է՝ ինչ որ հիմա ունենք, դա լավագույնն է, իհարկե, չմոռանալով նաեւ Շահումյանը, Գետաշենը, Կիրովաբադը եւ այլն»:
Այլատյացության կանխարգելման նախաձեռնության խորհրդի անդամ Տիգրան Քոչարյանն էլ թյուրիմացություն է համարում այն, որ թեպետ Մադրիդյան սկզբունքներում քննարկվում է Արցախի հարցը, բայց ԼՂ վարչապետը այդ մասին տեղյակ չէ. «Մեր դիվանագիտության մեջ 2007 թվականի վերջին  սեղանին դրված Մադրիդյան սկզբունքները հավանաբար ամենից առեղծվածային փաստաթուղթն է, որի մասին հասարակությունը ընդհանրապես տեղեկություն չունի: ԼՂՀ վարչապետն էլ օրերս ասաց, որ այդ փաստաթուղթը չի տեսել եւ սկզբունքներին վերաբերող տեղեկատվություն ստանում է միայն մամուլից»:
«Մխացող պատրույգում» ներկայացվում է, որ այս փաստաթղթի արդյունքում հայկական ուժերը պետք է դուրս գան իրենց վերահսկողության տակ գտնվող այն տարածքներից, որոնք արյունով ու քրտինքով են ձեռք բերվել, խոսվում է նաեւ փախստականների վերադարձի մասին: Ռեժիսորի փոխանցմամբ, պետական պաշտոնյաներից համաձայնել է խոսել միայն ԼՂՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը եւ Պարգեւ սրբազանը: Ջ. Ավետիսյանը նշեց, որ փորձել է հանդիպել նաեւ ԼՂ նախագահի, արտգործնախարարի, ԱԺ նախագահի հետ, ստացել է «գեղեցիկ մերժում՝ զբաղված ենք եւ չենք կարող»:
«Արցախի հասարակությունը մարդիկ են ու տեղեկացված չեն, թե ինչ է կատարվում: Տասից մեկը հազիվ թե իմանա Դավութօղլուն ով է, էլ որտեղի՞ց իմանա, որ նա ամեն օր կամ երկու օրը մեկ հայտարարություն է անում, որ հայ-թուրքական հարաբերությունների հիմքում Լեռնային Ղարաբաղն է: Որդի, հարազատ կորցրած արցախցիների հույսն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը չի գնա այդ քայլին: Եթե մենք հիմա տարածքներ հանձնենք, պատերազմն ավելի է մոտենալու, որովհետեւ մեր թշնամիների ախորժակն ավելի կմեծանա: Լեռնային Ղարաբաղը պետք է լինի հիմնական բանակցային կողմ, Ադրբեջանը ուզի, թե՝ չուզի դա»,- ասաց Ջ. Ավետիսյանը: Ըստ նրա՝ եթե հայերն ուզում են տարածաշրջանում խաղաղ ապրել, այս վայրկյանից պետք է սկսեն «ատամ» ցույց տալ, ինչը արել են «Մխացող պատրույգում»: Նրա կարծիքով՝ Հայաստանի կառավարությունը համարժեք չի պատասխանում հարեւանների քայլերին, ինչին նա կանդրադառնա առաջիկայում նկարահանելիք ֆիլմի 3-րդ մասում: «Գերմանիայի համալսարաններից մեկի պրոֆեսորը պատմում է, որ թուրք ուսանողները գրադարաններից ցեղասպանության վերաբերյալ գրքեր են վերցնում ու հետ չեն բերում, ասելով՝ կորցրել ենք,  վճարում են 100 եվրո: Այսպես թուրքերը մեզ ոչ միայն տարածաշրջանից են մաքրում, այլ ողջ աշխարհի երեսից»,- փաստում է բանախոսը:
Տ. Քոչարյանի խոսքով՝ այլատյացությունը զարգացած է հատկապես Ադրբեջանում, սակայն Թուրքիայում էլ՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղի ժամանակ լրագրողներն արդեն առնչվել են հայատյացության դրսեւորումների հետ: Նրա կարծիքով՝ տեղեկատվական դաշտում այժմ «բարդակ» է: «Եթե հետազոտենք ադրբեջանցի պաշտոնյաների ելույթները, նրանց պլանների մեջ երեւում է Մադրիդյան սկզբունքների շարունակությունը, դա Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի տեղափոխումն է, ու Լաչինի անցումը՝ ադրբեջանցիներին: Սյունիքն էլ ադրբեջանցիների համար շատ կարեւոր է, նրանք այն ունենալու նպատակից հետ չեն կանգնի: Պետք է մտածել նաեւ Մեղրիի, Կապանի, Գորիսի անվտանգությունը պահպանելու մասին»,- նշեց Տ. Քոչարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել