Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԴՐՍՈՒՄ» ՄԵՂՐ ՉԵՆ ԲԱԺԱՆՈՒՄ

Նոյեմբեր 05,2009 00:00

«44 աստիճանի վրա» ներկայացման «դասերը»

\"\"\"\"
Կ. Խաչատրյանն ու Վ. Գեւորգյանը:

Երեւանի պետական «Համազգային» թատրոնը, որի ղեկավարն  է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, ուրույն ձեռագիր ունի: Երեւի պատճառն այն է, որ այստեղ անընդհատ երիտասարդ ավյուն է «ներարկվում»: Թատրոնի հաջողված բեմադրություններից է նաեւ «44 աստիճանի վրա» մեկ գործողությամբ դրաման, որի բեմադրիչն է վերջին շրջանում սերիալում նկարահանվող շնորհալի դերասան Զոհրապ Բեկ-Գասպարենցը: Նկարչական ձեւավորումը կատարել է Վանանդ Շիրազը, երաժշտականը՝ Արա Թորոսյանը։ «44 աստիճանի վրա» ներկայացման մեջ խաղում են Վարշամ Գեւորգյանը (Մգրո կամ Մկրտիչ), Տաթեւիկ Ղազարյանը (Սիրանուշ) եւ Կարեն Խաչատրյանը (Կարապետ): Ծագումով գյումրեցի Կարենը հենց գյումրեցու էլ մարմնավորել էր, իսկ Վարշամից հրաշալի սփյուռքահայ էր «ստացվել»: Ինչ վերաբերում է Տաթեւիկին, առաջին անգամը չէ, որ նա հիացնում է հանդիսատեսին:
Բեմադրությունը արտագաղթի մասին նուրբ հումորով ներկայացվող պատմություն է: Սփյուռքահայ Մկրտիչն ու Սիրանուշը, հարեւան Կարապետի խոսքով ասած՝ «Սանֆրինցիսկոյից» հեռացել ու հաստատվել են հայրենիքում: Ճիշտ է, իրենց գյուղում մարդիկ ոչ հայերեն՝ «տելեվիզոր», «զաբոռ», «լամպոչկա» եւ  այլ բառեր են գործածում, բայց ընդհանուր առմամբ իրենք գոհ են, որ Հայաստանում են: Սփյուռքահայ ամուսիններն ունեն իրենց փոքրիկ տնտեսությունը. Մգրոն մեղու է պահում, ամեն առավոտ իրեն արթնացնող աքաղաղին խոստանում է մորթել, ամեն գիշեր էլ՝ կնոջը աստղ նվիրել: Օրեցօր գյուղը դատարկվում է, Մգրոն զարմանում է հեռացողների վրա՝ մի՞թե «դրսում» մեղր են բաժանում, ախր իրենք հենց «դրսից» են եկել: Վերջում բանալիների տրցակ է հայտնվում նրանց  ցանկապատին. գյուղից հեռանում է անգամ քահանան՝ տեր Ղուկասը: Ամուսիններն իրենց միակ հարեւանին՝ Կարապետին, որ մի քիչ փնթփնթան է, բայց անչափ բարի, ամեն գնով փորձում են ետ պահել հայրենի գյուղը լքելու մտադրությունից: Մգրոն նրա համար անգամ բաց է անում իր ամենանվիրական գաղտնիքը՝ ցույց է  տալիս 44 աստիճանի վրա գտնվող ու միայն իրենց գյուղից երեւացող աստղը: Բայց՝ ապարդյուն: Ամենահաս Կարապետը, որ բոլոր ընտանիքների պատերին մեխ խփողն ու անսարք իրերը նորոգողն էր, նույնպես հեռանում է՝ սփյուռքահայ ընտանիքին թողնելով լքված օջախների ու մեղվափեթակների հետ:
Թվում է՝ էլ  չկա լավատեսության նշույլ անգամ, Սիրանուշն ու Մգրոն էլ պիտի հեռանան, սակայն… գլխավոր հերոսը չի ընկրկում. «Քանի մեկ կենդանի շունչ ալ կա հոս՝ անոր համար ես հոս պիտի մնամ»:
Փաստենք, որ  երեք դերասանների խաղն էլ տպավորիչ էր, ազդու, սակայն ներկայացումը մի փոքր ձգձգված էր, մի քիչ էլ՝ ավելորդ զգացմունքային: Մյուս կողմից էլ երեւի պետք  են նման բեմադրությունները, մանավանդ մեր օրերում ջերմության ու զգացմունքայնության դեֆիցիտ կա, հայրենասիրությունն էլ ամեն ուժ եւ անհատ  հարմարեցնում է սեփական շահերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել