Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռահար ուսուցումը Պոլիտեխնիկում

Նոյեմբեր 05,2009 00:00

\"\"Դեռեւս 2008թ. ԱՄՆ-ի Հայ ճարտարապետների եւ գիտնականների միությունը (ՀՃԳՄ) եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (ՀՊՃՀ) ձեռնամուխ եղան միջհամալսարանական ցանցի ստեղծմանը, որում պետք է ներգրավված լինեն հնարավորինս մեծ թվով հայաստանյան եւ ամերիկյան կրթական հաստատություններ, եւ որի միջոցով հնարավոր կլինի անցկացնել դասախոսություններ: Ձեւավորվեց խումբ, որի կազմում էին ՀՊՃՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ՀՃԳՄ ներկայացուցիչներ Լեւոն Թորոսը, Ժորա Մանուչարյանը եւ ARPA կազմակերպության նախագահ Հակոբ Փանոսյանը: ՀՃԳՄ անդամների շնորհիվ հեռուստակամուրջներ կազմակերպելու համար համապատասխան սարքավորումներ գնվեցին եւ տեղադրվեցին ՀՊՃՀ-ում: Անցյալ տարվա ընթացքում փորձնական աշխատանքներ էին տարվում այդ ուղղությամբ, կազմվում եւ հաստատվում էր դասախոսությունների ցանկը, որոնք պետք է օնլայն ռեժիմում կարդացվեին ՀՊՃՀ ուսանողների եւ դասախոսների համար: Հեռահար ուսուցումը հիմնովին տարբերվում է ուսուցման ավանդական ձեւերից, քանի որ դասընթացի ունկնդիրներն ու դասախոսը մի լսարանում չեն գտնվում, թեեւ հնարավորություն են ունենում շփվելու, մտքերի փոխանակում կատարելու, հետեւելու դասախոսության ընթացքին վիրտուալ գրատախտակի միջոցով:
2009թ. փետրվարի 18-ին կազմակերպվեց Երեւան-Գլենդել հեռուստակամուրջը, որի ժամանակ տեղի ունեցավ առաջին հեռահար դասախոսությունը ՀՊՃՀ Կիբեռնետիկայի ֆակուլտետի դասախոսների եւ ուսանողների համար: Այն անցկացրեց Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Վաչե Որբերեանը: Իսկ երեկ՝ նոյեմբերի 4-ին, տեղի ունեցավ երկրորդ հեռուստակամուրջը՝ այս անգամ բուհի Էլեկտրատեխնիկական ֆակուլտետի ուսանողների համար: Ամերիկահայ գիտնական, բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ Ռուբեն Նալբանդյանը ֆակուլտետի բարձր կուրսի ուսանողների եւ մագիստրանտների համար կարդաց «Շարժիչների տեխնոլոգիաներ» դասախոսությունը: Հաջորդ երեք շաբաթների ընթացքում կանցկացվի եւս երեք դասախոսություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել