Լրահոս
Օրվա լրահոսը

Դալլաքյանի բաց նամակը՝ ՀՀ վարչապետին

Նոյեմբեր 05,2009 00:00

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը բաց նամակով հայտնում է երկրի վարչապետին հետեւյալը. «Ընդհանուր առմամբ համաձայն լինելով շինարարության բնագավառում առկա վիճակին վարչապետի տված գնահատականներին՝ հրապարակայնորեն ներկայացնում եմ ստորեւ կոռուպցիայի դեմ իրական պայքարին ուղղված օրենսդրական որոշ լուծումներ՝ ակնկալելով վարչապետի հրապարակային պատասխանը: Քանի որ Տիգրան Սարգսյանը խորհրդարանական մեծամասնության վարչապետն է, ապա ակնկալում եմ հարգարժան վարչապետի քաղաքական աջակցությունը ԱԺ կողմից ներքոհիշյալ օրինագծերի շուտափույթ ընդունման հարցում:
1) Իմ հեղինակած (օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է դեռեւս 2007 թ. հուլիսի 9-ին) «Կոռուպցիայի կանխարգելման մասին», «Կոռուպցիայի կանխարգելման պետական ծառայության մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որին, ի դեպ, կառավարությունը տվել է բացասական եզրակացություն (07.08.2007թ.):
2) Օրենսդրական նախաձեռնության կարգով դեռեւս 2007թ. հունիսի 20-ին իմ կողմից ներկայացված «Աղետի գոտու վերականգնման 1989-2007թթ. աշխատանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը, որի համաձայն, մասնավորապես, այդ հանձնաժողովի խնդիրներից մեկը պետք է լինի 1989-2007 թթ. աղետի գոտում ներդրված ֆինանսական եւ այլ միջոցների օգտագործման, իրականացված վերականգնողական աշխատանքների, անցկացված շինարարական մրցույթների, բնակարանների բաշխման գործընթացի վերաբերյալ ուսումնասիրությունը:
3) Իմ հեղինակած «Դատախազության մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ԱԺ կանոնակարգ օրենքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը (շրջանառության մեջ է դրվել 2009թ. մարտի 17-ին), որին չնայած կառավարությունը տվել է բացասական եզրակացություն, բայց այն ընդգրկված է ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում: Այդ օրինագծի ընդունման դեպքում ՀՀ գլխավոր դատախազը, Վերահսկիչ պալատի նախագահը եւ Կենտրոնական բանկի նախագահը իրենց ղեկավարած կառույցների տարեկան գործունեության վերաբերյալ հաղորդում կամ հաշվետվություն են ներկայացնում խորհրդարանին, որի հրապարակային քննարկման արդյունքում ԱԺ-ն կարող է ընդունել ուղերձ կամ հայտարարություն՝ վերոհիշյալ մարմինների աշխատանքների վերաբերյալ, տալ քաղաքական գնահատականներ: Այսինքն՝ ԱԺ-ն հրապարակային քննարկման առարկա դարձնելով, օրինակ, դատախազության ամենամյա գործունեությունը, մասնավորապես, կոռուպցիայի՝ այդ թվում շինարարության բնագավառում այդ երեւույթի դեմ մղվող պայքարում կարող է բացասական գնահատել գլխավոր դատախազի հաղորդումը եւ հայտարարություն կամ ուղերձ ընդունել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնանկության անհրաժեշտության մասին: Նույն ընթացակարգը վերաբերում է Վերահսկիչ պալատի նախագահին եւ Կենտրոնական բանկի ղեկավարին: Այդպիսով, որպես քաղաքական մարմին, պառլամենտը քաղաքական լուրջ գործառույթներ է իրականացնում իր իսկ նշանակած վերոհիշյալ պետական ինստիտուտների նկատմամբ:
4) Եվ վերջապես ակնկալում եմ վարչապետի քաղաքական աջակցությունը ս.թ. նոյեմբերի 4-ին իմ կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով շրջանառության մեջ դրված «1998-2009թթ. Հայաստանի Հանրապետությունում իրականացված շինարարական աշխատանքների, այդ թվում՝ բնակարանաշինության, կրթական, առողջապահական եւ մշակութային օբյեկտների շինարարության, ճանապարհաշինության համար ներդրված ֆինանսական եւ այլ միջոցների օգտագործումը, կատարված աշխատանքները, անցկացված շինարարական մրցույթները, քաղաքներում իրացման գոտիների տարածքներում գերակա հանրային շահով պայմանավորված իրականացված շինարարական ծրագրերից գերշահույթների ստացման եւ այդ շահույթներից պետության նկատմամբ ծագած պարտավորությունների կատարումը, այսինքն՝ պետական բյուջե մուտքագրված ֆինանսական միջոցները, նախկինում իրացման գոտիներում հաշվառված (բնակված) քաղաքացիների փոխհատուցման տրամադրման վիճակը, բնակարանների բաշխման գործընթացը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծն ընդունելու հարցում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել