Հայաստանում գիտության ֆինանսավորման ծավալները հասնում են 8 մլրդ դրամի, ինչը կազմում է պետական բյուջեի ծախսային մասի 1%-ից էլ քիչ։ Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։ Ըստ վերջինիս՝ ամբողջ աշխարհում գիտության ֆինանսավորման ծավալները գնահատվում են ոչ թե պետական բյուջեի ծախսային մասով, այլ ՀՆԱ-ի տոկոսով։ Tert.am-ը հաղորդում է, որ գիտության տեղական ֆինանսավորումը համաշխարհայինի հետ համեմատելու համար Մարտիրոսյանը մի քանի տվյալներ է ներկայացրել։ Այսպես, զարգացած երկրներում գիտության ֆինանսավորման ծավալները կազմում են ՀՆԱ-ի 4%-ը, իսկ Հայաստանում՝ 0,2%-ը։ Հայաստանի հարեւան երկրներում, մասնավորապես՝ Վրաստանում եւ Ադրբեջանում, այդ ցուցանիշը կազմում է ՀՆԱ-ի 0,5%-ը։
ԳԱԱ նախագահը նաեւ հավելել է, որ համաշխարհային չափանիշներով մեկ գիտնականի վրա հատկացվող ամենամյա ծախսերը, այդ թվում նաեւ՝ աշխատավարձը, կազմում են 120-130 հազար եվրո, իսկ հայ գիտնականինը՝ 3 հազար եվրո։ Մարտիրոսյանը հավելել է, որ այդ հարցը տեղ է գտել նաեւ մինչեւ 2020թ. Գիտության զարգացման ռազմավարությունում։ Այդ փաստաթղթում, որը, ըստ ԳԱԱ-ի նախագահի, կրում է ավելի շատ դեկլարատիվ բնույթ, ներկայացված են ցանկալի ֆինանսավորման նախնական հաշվարկները։ ԳԱԱ նախագահի կարծիքով՝ 2020թ. գիտության ֆինանսավորումը պետք է ավելանա մինչեւ ՀՆԱ-ի 2%-ը, ինչը նշանակում է, որ ֆինանսավորման ներկա ծավալը պետք է ավելանա 10 անգամ։ Դեկտեմբերին կանցկացվի Գիտության զարգացման ռազմավարության ընդհանուր քննարկումը: