Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԻՑ ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ…

Նոյեմբեր 05,2009 00:00

\"\"2010-ի պետական բյուջեով կրթության ոլորտին կհատկացվի 95,5 մլրդ դրամ: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ԿԳ հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն ասաց, որ, տնտեսական ճգնաժամով պայմանավորված, հաջորդ տարվա բյուջեով մի շարք ոլորտներում նախատեսվում են հատկացվող գումարների կրճատումներ: Նրա խոսքով, բացառություն է կազմում գիտության ոլորտը. «Ծախսերը գրեթե մնում են նույն մակարդակի: Պետք է ասեմ, որ 2007-ի համեմատությամբ այս տարի գիտությանը հատկացված գումարներն ավելացել էին, գումարները ծավալային առումով մոտ 8,3 մլրդ դրամ են նախատեսվում, ֆինանսավորումն իրականացվում է երեք հիմնական ուղղություններով՝ բազային, թեմատիկ եւ նպատակային-ծրագրային: Ամենամեծը բազայինն է, որն անմիջապես պահպանմանն է ուղղվում, այն կազմում է 5,2 մլրդ դրամ, իսկ մնացածը՝ 1 միլիարդից ավելին, ուղղվում է թեմատիկ մասին, մնացած գումարները՝ նպատակային-ծրագրային մասինն են, այդ գումարների մեջ մոտ 1 մլրդ 950 միլիոնից ավելին պաշտպանության նախարարության գիտահետազոտական ծրագրերին է ուղղվելու»: Պարոն Դավթյանի տեղեկացմամբ, կրթության ոլորտին հատկացվող գումարների առյուծի բաժինը՝ 65 մլրդ դրամը, նախատեսվում է հանրակրթության ոլորտին ուղղել. «3 միլիարդից ավելին ուղղվելու է կապիտալ վերանորոգման աշխատանքներին, ինչ վերաբերում է մնացած ոլորտներին, ասեմ, որ Հանրային հեռուստատեսությանը տրվող գումարները կմնան նույն մակարդակի, նախատեսվում են ոչ մեծ ավելացումներ՝ կապված դոլար-դրամ փոխարժեքի տարբերության հետ, մոտ մեկ միլիարդով պակասել են մշակույթի ոլորտի ծախսերը»:
Պարոն Դավթյանն անդրադարձավ նաեւ վերջին շրջանում դասագրքերի առաջադրանքների բարդացմանը եւ ասաց. «Իսկապես, սա կրթական համակարգի ցավոտ խնդիրներից է, ես էլ դպրոցահասակ երեխաներ ունեմ եւ ինքս առաջադրանքի պահանջները չեմ հասկանում, այնքան բարդ են կազմված: Կարծում եմ, այստեղ որոշակի փոփոխություններ են անհրաժեշտ»:
Ասուլիսի ավարտին պարոն Դավթյանը պատմեց, որ վերջերս Սանկտ Պետերբուրգ կատարած այցելության ընթացքում արտերկրի գործընկերների հետ քննարկել են կարեւորագույն հարցեր. «Այցելությունը պայմանավորված էր միջխորհրդարանական վեհաժողովի իրավական հանձնաժողովի հետ, որի անդամ եմ նաեւ ես: Պետերբուրգում քննարկել ենք մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, մոդելային օրենքներ, քննարկել ենք 13 հարց. ամենահետաքրքիր հարցը, թերեւս, ապախորհրդարանականների ընտրության, դիտորդական առաքելություն անցկացնելուն վերաբերող հարցերն էին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել