Լրահոս
Օրվա լրահոսը

Դարձյալ խաղողի մասին

Նոյեմբեր 05,2009 00:00

Այս տարի 14 հազար տոննայով քիչ խաղող է մթերվել

Այս տարի Հայաստանում խաղողի մթերումը աղմկոտ էր եւ ոչ այնքան հարթ: Այնքան աղմկոտ, որ անգամ ազատ եւ պատասխանատու հեռուստաընկերությունների եթերներում բողոքավոր գյուղացիներ երեւացին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը մի քանի անգամ պաշտոնապես հայտարարեց, որ խաղողը կմթերվի նախնական պայմանավորվածությունների համաձայն՝ 1 կգ-ն մոտ 130 դրամով: «Առավոտի» սեպտեմբերի 23-ի համարում հրապարակված «Խաղողագործները սպառնում են» նյութում ներկայացրել ենք եւ գյուղնախարարի հավաստիացումները, եւ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի խաղողագործների բողոքները: Խաղողային մեծ աղմուկը կարծես մարում է, բայց ոչ բոլոր դեպքերում է խաղողը մթերվել 130 դրամով:
Արարատի մարզի Արմաշ գյուղից ստացված բողոքը հենց մթերման գնին էր վերաբերում: Արմաշցի խաղողագործները պնդում էին, որ իրենց խաղողը մթերվել է 80-100 դրամով եւ, որ առավել արտառոց է, ասում էին, թե մարզպետարանի եւ գյուղնախարարության որոշ պաշտոնյաներ խաղողը գյուղացիներից էժան վերցնում եւ թանկ գնով հանձնում են մթերակայաններ:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը այս ամենին ի պատասխան ասաց, որ խաղողի մթերման գինը որոշվում է շուկայում պահանջարկ-առաջարկ հարաբերակցության արդյունքում: Եվ, բնականաբար, խաղողը ըստ շաքարայնության եւ սորտայնության՝ տարբեր գներով է մթերվում: Ամենաթանկերից է Արենի խաղողը՝ մեկ կգ-ն՝ 170-180 դրամ, հմուտ խաղողագործն էլ մեկ հեկտարից մինչեւ 7-8 տոննա Արենի է ստանում: Սրա կողքին կա խաղող, որը մթերվում է 100 դրամով: Ըստ գյուղփոխնախարարի, Արմաշ եւ հարեւան գյուղերում այլ խնդիր կար. այստեղ խաղողը շուտ է հասնում եւ հաճախ գյուղացին բերքը հավաքած է լինում, իսկ մթերակայանները՝ դեռ փակ: Բայց, ըստ Սամվել Գալստյանի, մեծ ու անլուծելի խնդիրներ չեն եղել:
Խաղող վերավաճառող պաշտոնյաների մասին լուրերը, ըստ փոխնախարարի, անհեթեթություն են. «Նման բան չկա: Ասողը թող անվանական ասի ու իր ասածի համար պատասխանատու լինի: Այդ լուրերը շատ նման են ջրի հետ կապված լուրերին: Մեկը բողոքում էր, թե մեր գյուղի ջուրը կտրում եք: Գնացինք ստուգեցինք, պարզվեց, որ գյուղի ջրի հարցը չէ, իր ջուրն է, ու ինքն էլ երկու տարի ջրի վարձը չի մուծել»:

Հ. Գ. «Արմինֆո» գործակալությունը, հղում անելով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը, նոյեմբերի 2-ին տեղեկացրեց, որ 2009 թվականին Հայաստանում խաղողի մթերումը 7,8%-ով կրճատվել է. նախատեսվում էր մթերել 140 հազար տոննա, մթերվել է 126 720 տոննա: Առատ անձրեւների հետեւանքով խաղողի մի մասը փտել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել