ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ Իտալիայի Տոսկանա նահանգի Բանյո Ռիպոլի քաղաքապետարանում նոյեմբերի 2-ը հայտարարվել էր «Հայաստանի օր» եւ հենց այդ օրն էլ տեղի է ունեցել Հայաստանի Շիրակի մարզի Այգեբաց գյուղի ջրային համակարգի վերականգնման ծրագրի շնորհանդեսը: Ծրագիրը ֆինանսավորում է ԵՄ-ը, առաջին փուլում կվերականգնվի գյուղը սնուցող խմելու ջրի 7 կմ խողովակաշարը, երկրորդ փուլում կվերանորոգվի գյուղի ջրամատակարարման ամբողջ ներքին ցանցը: Միայն առաջին փուլի համար հատկացվել է 300 հազար եվրո:
Շնորհանդեսի առիթով Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի եւ Իտալիայի միջեւ նահանգային, քաղաքային եւ գյուղական մակարդակներով ուղիղ կապերի հաստատումը կարեւոր է եւ հույս է հայտնել, որ այս նախաձեռնությունը օրինակ կծառայի նաեւ Իտալիայի մյուս նահանգների եւ քաղաքների համար: