Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ՝ ԿԱՊԱՆՈՒՄ

Նոյեմբեր 05,2009 00:00

\"\"Որոշ գործատուներ աշխատատեղ առաջարկելու փոխարեն իրենց են ներկայացրել, այլք էլ՝ դասընթացների հրավիրել

Կապանի մշակույթի տան ճեմասրահը երեկ մարդաշատ էր: Առավոտյան ժամը 11-ից աշխատանք փնտրող քաղաքացիները շտապել էին ինքնակենսագրականներով ներկայանալ  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ՝ «Ապագա կերտողներ» երիտասարդական հ/կ-ի կազմակերպած աշխատանքի տոնավաճառին, որին մասնակցում էր 44 գործատու՝ մարզի տարբեր տարածաշրջաններից: Աշխատանքի տոնավաճառի հետ մեծ հույսեր կապող աշխատանք փնտրողներից շատերի ակնկալիքներն այդպես էլ չարդարացան, մասնակիցները հեռանում էին  դժգոհությամբ եւ քննադատական խոսքերով: Նրանց ասելով, ներկայացված աշխատատեղերն ուղղակի անհարմարավետ էին:  Գործատուներից շատերը ներկայացել էին 1 կամ 2 թափուր աշխատատեղով, իսկ մյուսներն էլ աշխատանքի փոխարեն առաջարկում էին մասնակցել իրենց կազմակերպության կողմից իրականացվող տարաբնույթ դասընթացների:
Մեղրու գինու գործարանը աշխատանք փնտրողներին ընդամենը մեկ թափուր աշխատատեղ էր առաջարկում, այն էլ՝ պահակի: Իսկ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, որն ունի 3000 աշխատող, աշխատատեղ չէր առաջարկում, այլ, ինչպես ներկայացուցիչները ասացին, շուկան են ուսումնասիրում ու իրենց կատարած աշխատանքները ցուցադրում:
Գորիսում գործող «Որմար» ՍՊԸ-ն, որը ճանապարհաշինարարական աշխատանքներ է իրականացնում, այդ տարածաշրջանում սեզոնային աշխատանքների համար յոթ աշխատատեղ էր առաջարկում:
Սիսիանի տարածաշրջանից «Հասմիկ Ծատուրյան» անհատ ձեռներեցի ներկայացուցիչն էլ նշեց, որ իրենց կարի արտադրամասում կին եւ տղամարդ մասնագետների կարիք են զգում: Չորս թափուր աշխատատեղ էլ ուներ «Շիկահողի պետական արգելոց» ՊՈԱԿ-ը՝ բուսաբան, լանդշաֆտագետ, անտառագետ եւ կենդանաբան: «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն ընդամենը 2 օպերատորի աշխատանք էր առաջարկում՝ տեսահսկման բաժնում: Այս երկու աշխատատեղի համար 10-ից ավելի հայտատու կար: Կապանում գործող «Մթնաշող» ՍՊԸ-ն էլ կաթի վերամշակման մասնագետի, գյուղատնտեսի օգնականի եւ այլ մասնագետների կարիք ուներ:
Աշխատանքի տոնավաճառին մասնակցում էին նաեւ բժշկական կենտրոնները, որոնք հիմնականում բժիշկների պահանջարկ ունեին: «Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲ ընկերությանը մեկ բժիշկ-նարկոլոգ էր անհրաժեշտ: «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն բժիշկներ էր փնտրում, բայց հիմնական դիմողները բուժքույրի աշխատանք էին փնտրում: «Կապանի կանանց ռեսուրս» հ/կ-ն հրավիրում էր մասնակցելու անվճար դասընթացների: Աշխատանքի տոնավաճառին գործատուները ներկայացրել էին 150-ից ավելի թափուր աշխատատեղ:
Տոնավաճառին մասնակցում էին աշխատանք փնտրող տարբեր տարիքի քաղաքացիներ, հիմնականում՝ Կապանից: Շատ էին նաեւ շրջանավարտները, որոնց դժգոհեցնում էին գործատուների պահանջներն ու ներկայացված աշխատատեղերը: «Մենք համալսարանը նոր ենք ավարտել եւ աշխատանքային փորձ չունենք, իսկ գործատուներից շատերը գոնե 1 տարվա աշխատանքային փորձով մարդ են ուզում: Մյուսներն էլ, որոնք կարեւորություն չեն տալիս փորձին, հիմնականում առաջարկում են բանվորի աշխատանք: Ցանկանում ենք ուսմանը համապատասխան աշխատանք գտնել, ինչն այսօրվա տոնավաճառում գտնելն անհնար էր»,- հավելում են երիտասարդները:
Կապանում նման տոնավաճառը առաջին անգամ էր անցկացվում, իսկ Սյունիքի մարզում՝ երկրորդ: 2008 թվականին աշխատանքի տոնավաճառ էր կազմակերպվել Գորիսում: Կապանի տոնավաճառի համար պետական բյուջեից ծախսվել է 700 հազար դրամ: Ընթացիկ տարում պետբյուջեի ֆինանսավորմամբ  աշխատանքի տոնավաճառներ են կազմակերպվել նաեւ Դիլիջանում, Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում: Թե որքանով է հաջողվել Կապանի եւ մյուս տոնավաճառները՝ կպարզվի առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել