«Առավոտը» բազմիցս է տեղեկացրել, որ ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ու նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները ՀՀ մարզեր այցերի ժամանակ պարտադիր խոսում են համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը բարձրացնելու մասին: Սա այնքան կարեւոր է, որ սեփական եկամուտների հավաքագրման հարցում թերանալու՝ նախատեսվածի 50%-ից էլ պակաս եկամուտներ հավաքելու համար Արարատի եւ Արմավիրի մարզպետների այս տարվա առաջին հինգ ամիսների աշխատանքը նախարարությունը անբավարար գնահատեց: Դատելով ՏԿ նախարարության կոլեգիայի նոյեմբերի 3-ի նիստում հրապարակված արդյունքներից՝ «պատժիչ գործողությունները» արդյունավետ են եղել:
Տարածքային կառավարման նախարարությունից տեղեկացանք, որ 2009 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության համայնքների (ներառյալ Երեւանը) ընդհանուր եկամուտների փաստացի հավաքագրումները կազմել են 36, 416 միլիարդ դրամ՝ նախատեսված 40,480 միլիարդի փոխարեն, կամ 90% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ համայնքների ընդհանուր եկամուտների հավաքագրումների ցուցանիշն աճել է 26.9%-ով կամ 7,724 միլիարդ դրամով:
«Առավոտը» ներկայացրել է նաեւ «Հողի հարկի արտոնությունների մասին» ՀՀ օրենքի կիրառման մանրամասները: Եթե մինչեւ այս տարվա վերջ հողօգտագործողները մարեն անցած տարիների պարտքերը, կազատվեն տույժ ու տուգանքներից: Համայնքապետերը, սակայն, այնքան են ոգեւորվել կուտակված ապառքների մարման գործով, որ թերացել են ընթացիկ տարվա հողի հարկի գանձման հարցում։
Սա նկատի ունենալով էլ նախարար Արմեն Գեւորգյանը կրկին նշել է, որ համայնքների ղեկավարները եւ մարզպետները հատկապես ուշադրություն դարձնեն նաեւ այս տարվա հողի հարկի հավաքագրմանը, որպեսզի առաջիկայում դրանք եւս չդառնան ապառքներ։