Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

13 գյուղի մեկ կամուրջը

Նոյեմբեր 05,2009 00:00

\"\"Գյուղացիները դժգոհ են շինարարության տեմպերից, իսկ նախարարությունը պնդում է, որ ամեն ինչ նորմերի մեջ է

Արմավիրի մարզի Երասխահունի կամուրջը, որից օգտվում են 13 գյուղական համայնքներ (Մարգարա, Վարդանաշեն, Արազափ, Փշատավան, Տանձուտ, Այգեշատ եւ այլն), արդեն չորս ամիս է՝ չի գործում: 60-ականներին կառուցած կամուրջը նախորդ աշնանը վերջնականապես շարքից դուրս եկավ: Երթեւեկության ու կյանքի համար վտանգավոր դարձած կամրջի անանցանելիության մասին բնակիչների բազմաթիվ ահազանգերն էլի անարդյունք կմնային, եթե, բարեբախտաբար, ծայրահեղ այդ իրավիճակը չհամընկներ 2008 թ. ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի՝ այդ տարածք կատարելիք նախընտրական այցին: Այցից մի քանի օր առաջ վթարային կամրջի վրա շինարարներ երեւացին, կցոնեցին-կարկատեցին հույժ վտանգավոր հատվածները՝ հիմնանորոգումը թողնելով գարնանը:
Այս տարվա մայիսին շինարարները կրկին գործի անցան: Պետական միջոցների հաշվին կամրջի երկու կողմերում պանելային հենապատեր կառուցեցին, բետոնապատեցին կամրջի հատակն ու հեռացան: Վարդանաշենի բնակիչ Նորիկ Ավետիսյանի ասելով՝ ինքը բանվորների հետ զրույցից իմացել է, որ նրանք «խռովել են՝ փողերը չստանալու պատճառով: Դրա համար էլ կիսատ են թողել ու գնացել»:
Հոկտեմբերի 23-ին Վայոց ձորի մարզում, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության զարգացման ծրագրերի եւ ներդրումների վարչության պետ Գրիգոր Մնացականյանը ասել էր, որ Երասխահունի կամրջի հիմնանորոգման աշխատանքները դադարեցված չեն, պարզապես բետոնապատելուց հետո թողել են, որ չորանա: Ըստ պաշտոնյայի՝ շինարարները աշխատանքները կվերսկսեն երկուշաբթի օրը: Թե ո՞ր տարվա ո՞ր երկուշաբթին, պարոն Մնացականյանը չի նշել, որովհետեւ հոկտեմբերի 23-ից արդեն երկու երկուշաբթի անցել է, մինչդեռ կամուրջը ինչպես կար, այնպես էլ մնացել է:
Ու քանի դեռ կամուրջը չի գործում, 13 գյուղեր հասնելու համար վարորդները ստիպված են 1 կմ գրունտային դժվարանցանելի ճանապարհով շրջանցել կամուրջը: Արազափցի Տիգրան Հարությունյանն իր աճեցրած բերքն այս ճանապարհով է քաղաք հասցնում ու նկատում է. «Մինչեւ էդ դարուփոսերն անցնում եմ՝ բերքն էլ է փչանում, մեքենան էլ: Որեւէ մեկը կփոխհատուցի՞ իմ կրած վնասը»:
Եթե չոր եղանակին վարորդները դժգոհում են դաշտամիջյան ճանապարհի դժվարանցանելիությունից, ապա անձրեւային եղանակների դեպքում այդ միակ ուղին էլ է «վերանում»: «Էս հողը դառնում ա ցեխ, տիլ, ահավոր սայթաքուն: Մենակ մեծ մեքենաները կարան ռիսկի դիմել՝ անցնել էս ճանապարհով: Եթե շփոթվենք, մեր մարդատարներով ճամփա ելնենք, հավատացեք՝ էս ցեխի մեջ էնքան կլռվենք-կմնանք, մինչեւ տրակտորներով գան-հանեն: Բա ըսենց անտերություն կլնի՞»,- ասաց վարդանաշենցի Ստեփան Մկրտչյանը: Գրունտային այդ միակ ճանապարհն այլ անակնկալ էլ է մատուցում: Անձրեւոտ օրերին վարարում, ափերից դուրս է գալիս կամրջի տակով հոսող առուն եւ հեղեղում քաղաքի հետ կապող գյուղացիների այդ միակ ճանապարհը:
Բնակիչների ասելով՝ իրենք կամրջաշինարարներից իմացել էին, որ կամրջի հիմնանորոգումից հետո պետք է վերանորոգվեր նաեւ ճանապարհի 10 կմ-անոց հատվածը. «բայց ոչ կամրջի նորոգումն ավարտեցին, ոչ էլ ճանապարհի վերանորոգումը սկսեցին»:
13 գյուղ շտապում է նորոգված տեսնել կամուրջն ու ճանապարհը, բայց համոզված էլ չէ, որ նորոգումից հետո դրանք երկար կյանք կունենան: Պատճառը, ըստ նրանց՝ ավազահանքից դուրս եկող 40-50 տոննա ավազով բեռնված մեքենաներն են, որոնց ծանրության տակ եւ կամուրջը, եւ ճանապարհի ասֆալտը երկար չեն դիմանա:
Վարորդների կարծիքով՝ ճանապարհը վերանորոգելու հարցում պետք է շահագրգռված լինի հենց ավազահանքի տերը՝ Նելլի Գրիգորյանը, ով միլիոններ է կուտակում՝ միջպետական նշանակության ճանապարհը փչացնելով:
Պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն: Նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը տեղեկացրեց, որ «այս տարվա մայիսի 20-ին Պետական գնումների գործակալության եւ «Մոնտաժտրանսշին» ՓԲԸ-ի միջեւ կնքվել է Մարգարա-Վանաձոր-Տաշիր 5+300 կմ կամրջի հիմնանորոգման պայմանագիր: Պայմանագրի ստորագրումից 10 օր անց սկսվել են հիմնանորոգման աշխատանքները: «Մոնտաժտրանսշին» ընկերությունը յուրաքանչյուր ամսվա կատարողականը ներկայացրել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն: Վերջին կատարողականը վերաբերում է օգոստոս ամսվան, քանի որ այդ ամսում շինարարն իրականացրել է բետոնային աշխատանքներ եւ օգոստոսի 26-ին ավարտել: Ըստ շինարարական նորմերի, բետոնը պետք է չորանա 30-40 օրում, եւ այդ ընթացքում, բնականաբար, կամրջի վրա արգելվում է որեւէ աշխատանք կատարել: Ելնելով վերոնշյալ հանգամանքից, «Մոնտաժտրանսշինի» աշխատակիցները կամրջի վերանորոգման աշխատանքները վերսկսել են հոկտեմբերին: Այս պահին կամրջի վրա կատարվում են բետոնային աշխատանքներ եւ ըստ նախատեսված ժամկետի այն կհանձնվի շահագործման: Պայմանագրով նախատեսվում է աշխատանքներն ավարտել այս տարվա դեկտեմբերի 25-ին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել