Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՉԱՋՐՈՒՄ՝ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ

Նոյեմբեր 05,2009 00:00

\"\"ՏԻՄ ընտրություններում էլ կանանց մասնակցությունը խիստ փոքր է

Նոյեմբերի 22-ին Տավուշի  մարզի Աչաջուր գյուղում կկայանան համայնքի ղեկավարի, իսկ  Բերդ քաղաքում, Այգեհովիտ, Ենոքավան, Բերդավան, Ջուջեւան, Վերին Կարմիրաղբյուր եւ Չորաթան գյուղերում՝ ավագանու ընտրություններ:  Տավուշի մարզի թիվ 40 (կենտրոնը՝ Նոյեմբերյան) եւ  թիվ 41 (կենտրոնը՝ Իջեւան) ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն արդեն  գրանցել են թեկնածուներին:  Իջեւանի տարածաշրջանի   ամենամեծ գյուղում՝ 4360 բնակիչ ունեցող Աչաջրում համայնքի ղեկավարի թեկնածուները  5-ն են: Բացի գործող համայնքապետ, անկուսակցական Պավել Ղալթախչյանից, այդ պաշտոնին հավակնում են  նախկին համայնքապետ, ՀՀԿ անդամ Համո Գեւորգյանը, ՀՀԿ անդամ, Տավուշի մարզպետարանի առաջատար մասնագետ Աղաբեկ Գալստյանը, Աչաջրի գյուղապետարանի աշխատակազմի քարտուղար, անկուսակցական Յուրի Միրզոյանը եւ անկուսակցական Էդվարդ Խոջայանը (գրանցման ցուցակում նրա զբաղմունքի մասին նշում չկա): ՀՀԿ երկու անդամների՝ նախկին գյուղապետի եւ գյուղապետարանի աշխատակազմի քարտուղարի մրցակցությունը հետաքրքիր է դարձնում այս ընտրությունը: Մարզկենտրոն Իջեւանում շատ հիմնարկությունների ղեկավարներ ծննդով աչաջուրցի են եւ, հավանաբար, նրանք այս կամ այն կերպ կսատարեն թեկնածուներին:  Ավագանու տեղերի համար ընտրապայքարը թեժ է լինելու  սահմանամերձ  3 բնակավայրերում՝ Բերդ քաղաքում, Վերին Կարմիրաղբյուր եւ Այգեհովիտ գյուղերում: Բերդի ավագանու 11 տեղին հավակնում է 20 թեկնածու, որոնց մեջ շատ են պաշտոնյաները՝ «Բերդի բուժմիավորում» ՓԲԸ տնօրեն, ՀՀԿ անդամ Արամ Հարությունյանը, «Աղստեւ-Դեբեդ ջրառ» ՓԲԸ Տավուշի տեղամասի պետ, անկուսակցական Արթուր Երկանյանը, Բերդի ավտոկայարանի տնօրեն, ՕԵԿ անդամ Գեւորգ Քոսակյանը, «ՎՏԲ» բանկի Բերդի մասնաճյուղի տնօրեն, ՀՀԿ անդամ Տիգրան Ավալյանը, «Արդշինինվեստբանկի» մասնաճյուղի կառավարիչ, ՀՀԿ անդամ Վիկտոր Հարությունյանը, Բերդի թիվ 3 դպրոցի տնօրեն, ՀՀԿ անդամ  Արթուր Մելիքյանը, թիվ 1 դպրոցի տնօրեն, ՀՀԿ անդամ Արտուշ Վիրաբյանը, «Հայփոստի» Բերդի մասնաճյուղի տնօրեն, ՀՀԿ անդամ Արթուր Ներսիսյանը եւ այլք: 3355 բնակիչ ունեցող  Այգեհովիտի ավագանու 11 տեղին հավակնում է 14 թեկնածու: Նրանց մեջ է նաեւ Ազգային վիճակագրական ծառայության Տավուշի մարզային գործակալության պետ Աիդա Աչինյանը: Վերին Կարմիրաղբյուրում ավագանու 7 տեղին հավակնում է 11 թեկնածու, որոնց մեծամասնության անվան դիմաց    գրված է՝ «չի աշխատում»: Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջեւան գյուղում ավագանու 5 տեղին հավակնում է 6, Բերդավանի ավագանու 11 տեղին՝ 11 թեկնածու: Բերդի տարածաշրջանի Չորաթան գյուղում ավագանու 7 տեղերը ամբողջությամբ չեն լրացվի. թեկնածուները 5-ն են, Իջեւանի տարածաշրջանի Ենոքավանում ավագանու 5 տեղի համար գրանցվել է  4 թեկնածու:
Այս թեկնածուների մեծամասնությունն անկուսակցական է, իսկ կուսակցական թեկնածուների զգալի մասը՝ հանրապետական: Կան ՕԵԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ անդամներ, ավագանու մեկական թեկնածու ունեն Հայաստանի կոմկուսը եւ ՄԻԱԿ-ը:
Ինչպես ողջ Հայաստանում, Տավուշում էլ ընտրությունները աչքի չեն ընկնում կին թեկնածուների առատությամբ: Համայնքի ղեկավարի կին թեկնածու չկա, իսկ ավագանու անդամի 71 թեկնածուներից ընդամենը 5-ն է կին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել