Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սլավիկ-Յապոնչիկը» գիտեր Վարդան Մամիկոնյանին…

Նոյեմբեր 05,2009 00:00

«Օրենքով գողի» ժամանակակից Լեռնիկ Մելքոնյանը հիշում է

\"\"\"\"
Լեռնիկ Մելքոնյանը եւ Յապոնչիկը:

Գիշերվա ուշ ժամ էր, երբ մեր բակի ավտոմեքենաների աղմուկից արթնացա եւ չէի կարողանում քնել, փորձում էի լրագրեր նայել՝ չէր ստացվում: «Հանցագործ աշխարհի թագադրված արքաները» գրքիս հերոսներն ինձ հանգիստ չէին թողնում: Մտքերս կատաղած օվկիանոսի նման ուղեղս էին ալեկոծում, փորձում էին առանց իմ կամքը հարցնելու մեկը մյուսից շուտ դուրս թռչել, գիշերվա խավարի մեջ տարածվել բակով, քաղաքով, ամբողջ աշխարհով ու պատմել ճակատագրով դատապարտված մարդկանց մասին, որոնք իրենց բաժին հասած խաչն են կրում: Մեծ դժվարությամբ զսպելով մտքերս, նրանց շարք կանգնեցրի եւ ամբողջ գիշերը լուսացրի Սլավիկի մասին գրելով:
Մարդ, որը բոլոր իրավիճակներում իրեն կարողանում էր պահել որպես ուժեղ անձ, իսկ ուժեղ լինելը բանականության եւ բարության ծնունդ է, որով օժտված էր «Յապոնչիկը»: Դրա մասին է վկայում այն, որ նա ձեռք էր բերել հանցաշխարհում համաշխարհային ճանաչում ու տասնյակ տարիներ շարունակ իրավապահ մարմինների, լրագրողների եւ հանցաշխարհի ուշադրության կենտրոնում էր:
«Յապոնչիկի» հետ ծանոթանալու առիթ հանդիսացավ մեծ եղբորս՝ Մանուկ Սիմոնովիչի ձերբակալումը Մոսկվայում: Եղբայրս ուներ կյանքի մեծ փորձ, պայծառ միտք, վարել էր պետական բարձր պաշտոններ, ճանաչված մարդ էր հանրապետությունում եւ նրա սահմաններից դուրս: Մանուկը հզոր ուժ էր եւ շատ հարուստ: Հարուստ լինելն էր պատճառը, որ Մոսկվայի առողջարաններից մեկում համամիութենական իրավապահ մարմինները, նախօրոք ծրագրված գործողությունների շնորհիվ, կարողացել էին հինգ կարատանոց մաքուր ադամանդյա քարը իրենց աշխատակցի միջոցով վաճառել եղբորս ու տեղում ձերբակալել:
1978թ. ձմեռը նոր էր սկսվել: Եղբորս արդեն բանտ էին տարել, ես պատրաստվում էի Մոսկվա մեկնել՝ նրան օգտակար լինելու համար: Քանի որ Մոսկվայում քիչ էի եղել, գրեթե լուրջ ծանոթներ չունեի: Այդ իսկ պատճառով Երեւանում հարց ու փորձ էի անում, որպեսզի գտնեի մեկին, ով կարողանար ինձ խորհուրդ տալ, թե ինչ անել, ինչպես օգնել, ում դիմել, ինչից սկսել: Այդ օրերին էր, որ Էդիկ Թադեւոսյանը («Դքի Նորոյի» եղբայրը-խմբ.) տալով «Յապոնչիկի» բնակարանի հեռախոսահամարը, ասաց. «Սլավիկը մի քանի օր է՝ ինչ ազատվել է կալանքից: Նա ազնիվ տղա է, շատ հարցերով կարող է քեզ օգնել, անպայման զանգ տուր»:
Մոսկվայում եղածս առաջին օրն առավոտյան զանգեցի Սլավիկին՝ ներկայանալով ով եմ, ասացի, որ հեռախոսի համարը տվել էր Էդիկը, հարցուփորձ անելուց հետո, իմանալով որտեղ եմ ապրում, ասաց, որ ժամը 4-ին լինեմ համարում, ինքը կգա: Անցնում էին ժամերը, եւ ինչքան սլաքը մոտենում էր 4-ին, ես ավելի էի անհանգստանում, քանի որ, ում հետ հանդիպելու էի, սովորական մարդ չէր կամ բարձր պաշտոնյա, եկողն «օրենքով գող» էր, այն էլ՝ մեծ համբավ ունեցող: Դեռ այն տարիներին խոսում էին նրա մասին՝ որպես հռչակավոր գողի: Ես նրան պատկերացնում էի մի հաղթանդամ տղամարդ, երեսին՝ սպիներ, հանցագործի դիմագծերով աժդահա՝ մի քանի թիկնեղ տղաների հետ, եւ ինքս ինձ մտածում էի, թե ինչո՞ւ կամ ինչպես կարող է ինձ օգնել «օրենքով գողը», այն դեպքում, երբ ինքն անընդհատ պրոբլեմների մեջ է իրավապահների հետ: Այս տողերը գրելիս ինձ թվում է, թե մեկ շաբաթ է անցել այն պահից, երբ նշված ժամին թակեցին «Մոսկվա» հյուրանոցի 909 լյուքս համարի դուռը, որտեղ ապրում էի արդեն մեկ օր: Բացելով դուռը՝ տեսա մոտ 40 տարեկան մի մարդու, կաշվե կիսավերարկուն հագին, ոչ բարձրահասակ, լայն թիկունքով, հաստ պարանոցով, բարակ, կարճ ոսկյա շղթան երեւում էր կապտավուն վերնաշապիկի տակից, ցուրտ ձմռանը երկու կոճակներն արձակված էին, ինչը վկայում էր, որ դիմացս կանգնած մարդն ուներ գերազանց առողջություն եւ Մոսկվայի ցուրտ ձմեռը նրան չէր անհանգստացնում: Մի պահ շփոթված միջանցքի այս ու այն կողմն էի նայում, արդյոք դիմացս կանգնածը այն մա՞րդն էր, որը «Ռուս» ռեստորանում Ալիկի՝ «Ասաֆի» հետ կատարած կրակոցներով ամբողջ Մոսկվայի իշխանություններին եւ իրավապահներին իրարանցման մեջ էր դրել: Նա, գուշակելով մտքերս, որ իրեն մենակ չէի սպասում եւ կասկածում էի, որ ինքն է, բարի հայացքով, ինչն արտահայտվեց նրա դեմքի եւ փոքր-ինչ ճապոնացու նման աչքերի մեջ, մեղմ ժպտաց՝ ձեռքը մեկնելով ինձ, ասաց՝ Սլավիկ: Այդ պահից անցել են երկու տասնյակից ավելի տարիներ, սակայն ես չեմ մոռացել նրա կողմից ցուցաբերված անշահախնդիր օգնությունը եւ այն մարդկային վերաբերմունքը, որ ցույց տվեց իմ նկատմամբ Մոսկվայում գտնված մեկ ամսվա ընթացքում:
Մոսկվայում գտնվելուս այդ ժամանակահատվածում Սլավիկի հետ հանդիպեցի բազմաթիվ անգամ: Ամեն մի հանդիպումից հետո նա ինձ համար դառնում էր ողջախոհության, կյանքի փայլուն ճանաչողության, մարդկային վարվեցողության չափանիշ: Երբ իմացավ, որ երկու օրից վերադառնում եմ Երեւան, հաջորդ օրվա երեկոյի համար Սլավիկն ինձ ճաշի հրավիրեց «Սոֆիա» ռեստորան:
Եղբորս՝ Գրիշայի հետ, որը նույնպես այդ օրերին գտնվում էր Մոսկվայում, գնացինք:
Երբ տաքսին կանգնեց, մեզ դիմավորեցին սեւ կոստյումներով, փողկապներով երկու երիտասարդներ: Նրանց մոտեցման ձեւից, դռնապանների զգաստ կեցվածքից, ադմինիստրատորի պատկառազդու տեսքից, որը մեզ վերին աստիճանի քաղաքավարի ուղեկցեց ճաշասրահ, եղբայրս մի փոքր անհանգստացած ասաց. «Լեռնիկ, երեւի այս մարդիկ մեզ ուրիշի հետ են շփոթում»:
Անցած օրերի ընթացքում ինչ-որ չափով ճանաչելով Սլավիկին, ասացի. «Այս մարդիկ չեն կարող շփոթվել»:
Մենք նշված ժամից ուշացել էինք 20 րոպե: Մտնելով ճաշկերույթի առանձնասրահ, մի պահ շփոթվեցինք: Սրահի մեծությունն ու շքեղությունը զարմանք պատճառեցին: Դրան ավելացրած՝ քսանից ավելի մարդկանց արտաքինը, հագուկապը: Մի պահ ինքս էլ կասկածեցի, չլինի՞ սխալվել ենք: Բայց՝ ոչ, ամեն ինչ ճիշտ էր: Սլավիկին, որին առաջին անգամ էի կոստյումով եւ փողկապով տեսնում, առաջին հայացքից չճանաչեցի: Ինքը, զգալով մեր շփոթվածությունը, կանգնեց, հրավիրեց նստել իր կողքին եւ ներկաներին ծանոթացրեց, ասելով. «Լեռնիկը, Գրիշան իմ հյուրերն են Երեւանից, գործով գտնվում են Մոսկվայում»:
Սեղանի շուրջը գիտության եւ մշակույթի երեւելիներն էին, գործող գեներալներ, նախարարներ…
Սլավիկը գիտեր նաեւ հայ ժողովրդի պատմությունը, խոսում էր տարբեր թեմաներից ու զարմացնում ներկաներին: Իսկ երբ նա խմեց հայ ժողովրդի կենացը, խոսեց Վարդան Մամիկոնյանից, Սարդարապատի ճակատամարտից, հայոց պատմությունից…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել