Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Նոյեմբեր 05,2009 00:00

ԵԿՄ անդամ, մարտական գործողությունների ժամանակ 3 անգամ վիրավորված, Աշտարակի «Նոր Եդեսիա» ջոկատի հրամանատար Գեւորգ Հայրապետյանը (հայտնի է «Գեւորգ 4-րդ» անունով) ներկայումս գտնվում է արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:
Պահեստի փոխգնդապետ Գ. Հայրապետյանը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, ԱԱԾ մարմինների կողմից ձերբակալվեց հոկտեմբերի 21-ին եւ մեղադրվում է պետական դավաճանություն՝ լրտեսության ձեւով (Քրօրի 299 հ.) հոդվածով:
Ըստ Գ. Հայրապետյանի, չնայած իր մասին հաղորդագրությունը տարածվել է հոկտեմբերի 21-ին, սակայն իրեն ձերբակալել են սեպտեմբերի 2-ին: Գ. Հայրապետյանը չի ընդունում իրեն մեղսագրվածը եւ օրեր առաջ նամակով դիմել է ՀՀ նախագահին, հայտնելով, որ կապ չունի լրտեսության եւ հայրենիքի դավաճանության հետ:
«Դատեք ինքներդ: Ես պատերազմի տարիներին կորցրել եմ շատ ընկերների, հարազատների: Միայն նրանց արյունն ինձ համար արդեն իսկ սրբություն է եւ չեմ կարող ուրանալ այդ ամենը:
Ես արժանացել եմ բազմաթիվ պարգեւների, ինչպես ՀՀ-ի, այնպես էլ ԼՂՀ-ի կողմից: Իմ գործը քննող քննիչը լավ է հասկանում, թե ինչ է նշանակում ազատամարտիկի համար «դավաճանություն» բառը: Նա երբեւիցե չի եղել մարտի դաշտում, չի մասնակցել մարտական գործողությունների, չի տեսել, թե ինչպես է զոհվում իմ հարազատը, ընկերը, մերձավորը: Եթե տեսներ ու զգար այդ ամենը, անշուշտ, կհասկանար, թե ինչ է նշանակում ինձ համար «լրտես-դավաճան» բառը: Ես վստահ եմ, որ իմ մարտական ընկերները հավատում են իմ անմեղությանը», գրել էր Գ. Հայրապետյանը:
Ազատամարտիկի գնահատմամբ, իրենց նմաններին մեկուսացնում են, քանի որ՝ «Մենք խանգարելու ենք հանձնել մեր հողերը: Այս ամենն ուրիշ բացատրություն չունի»:
Դիմելով նաեւ «Առավոտին»՝ նա հայտնում է. «Ես ինձ վիրավորված եմ զգում, քանի որ մեղավոր չեմ: Ես ինձ համարել եմ Հայրենիքի եւ ժողովրդի զավակը, եւ ցանկացած ժամանակ պատրաստ եմ եղել զոհաբերվել հանուն իմ ժողովրդի եւ իմ հայրենիքի: Ես դավաճան չեմ, Աստված վկա»:
Նա նաեւ զգուշացնում է. «Այս ամենը, որ կատարվում է ինձ հետ, հնարավոր է կատարվի ձեզանից յուրաքանչյուրի հետ: Այս «բեսպրեդելը» շուտով կվերջանա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել