Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

$1000-ի պատճառով ոտքը կորցնում է

Նոյեմբեր 05,2009 00:00

\"\"Ո՞ւմ համար է պետպատվերով բուժումը

37-ամյա Հայկ Մարգարյանը $1000 չունենալու պատճառով զրկվում է երկրորդ ոտքից: Եղվարդ քաղաքի Զաքարյան 27 հասցեի բնակիչը կես տարուց ավելի բուժվում է Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում՝ պայքարելով անոթային ծանր հիվանդության դեմ: 4 ամիս հիվանդանոցում մնալուց հետո, այս տարվա հունիսին բժիշկները ճարահատյալ հեռացրել են նրա աջ ոտքը, այժմ էլ, Հայկի պատմելով, հնարավոր է զրկվի նաեւ մյուս ոտքից, քանի որ անհրաժեշտություն է առաջացել անոթը փոխել, իսկ ինքը փող չունի այն գնելու. ապրում է սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում:
Հայկն ունի 2 անչափահաս երեխա, կինը՝ Հրանուշ Մարգարյանը, եւս չի աշխատում, եկամտի միակ աղբյուրը «Փարոսից» ստացած 36 000 դրամն է, հաշմանդամության թոշակ էլ դեռ չի ստանում, չհաշված, որ ընտանիքը պարտքերի մեջ խեղդված է: Բանն այն է, որ Միքայելյանի հիվանդանոցում բուժվելը եւս Հայկ Մարգարյանի վրա էժան չի նստել, այն 1 միլիոն 600 հազար դրամ է արժեցել, որը հիվանդը ձեռք է բերել բանկերից պարտքով գումար վերցնելով: «Ես այժմ առաջին կարգի հաշմանդամ եմ, սակայն վստահ եմ, որ պետպատվերն ինձ համար չէ: Էսօր գրեթե բոլոր բուժծառայությունները մասնավոր են, ու դժվար թե որեւէ մեկը ինձ ընդառաջի: Օրերս գնացի ոտքս նկարելու, էստեղ էլ ինձ նախազգուշացրին, որ հույսս պետպատվերի վրա չդնեմ ու գլխիս ճարը տեսնեմ: Միայն 20 հազար դրամ էդտեղ եմ մուծել: Ինձ մարդիկ բացահայտ ասացին, որ սա մասնավոր հիմնարկ է, եւ հաշմանդամության կարգը նշանակություն չունի»,- հուսալքված պատմում է Հայկը: Նախորդ չորս ամիսներին, հիվանդանոցում պառկած լինելու ժամանակ, այս ընտանիքին միայն օգնել են Եղվարդի քաղաքապետը եւ առողջապահության նախարարությունը: Վերջինը 40 հազար դրամ է փոխանցել հիվանդանոցում մահճակալ զբաղեցնելու համար: Բնականաբար, այդ ժամանակ դեռեւս հաշմանդամության կարգ չունեցող Հայկը չէր կարող մտածել պետպատվերի մասին, թեեւ նախարարությունից հասկացրել էին, որ կարգ ունենալու դեպքում էլ իր օգտագործած թանկարժեք դեղորայքը դժվար թե պետպատվերի մեջ մտնի: «Մի օրվա սիստեման ինձ վրա 45000 դրամ է նստել, պատկերացրեք՝ 3 ամիս գրեթե ամեն օր թանկարժեք դեղերով սիստեմաներ եմ ընդունել: Բժիշկները սկզբում հույս էին տալիս, թե կփրկեն ոտքս, բայց 4-րդ ամսում ստիպված եղան հեռացնել, այլապես փտախտ էր սկսվելու: Մինչ օրս էլ չեմ կարող պրոթեզավորվել, որովհետեւ վիրահատությունից հետո առաջացած վերքերը դեռ չեն լավացել: Բայց խնդիրն այն է, որ չեմ կարողանում գետնին դնել նաեւ մյուս ոտքս: Չգիտեմ, ինչո՞վ բուժումս շարունակեմ»,- նեղսրտեց Հայկ Մարգարյանը:
Նրա պատմելով, այս հիվանդությունը իր մոտ ի հայտ է եկել պատահաբար՝ աշխատանքի գնալիս: Հայկը կոշկակարի մոտ ձեւարար է աշխատել: Նա տան դարպասների մոտ միանգամից ընկել է: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել