Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՅՊԵՏՀԻԴՐՈՄԵՏԻՆ» ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ

Նոյեմբեր 05,2009 00:00

\"\"«Հայպետհիդրոմետի» մասնագետը հավաստիացնում է, որ իրենց եղանակային կանխատեսումները հիմնականում ճիշտ են, պարզապես մարդիկ են անգրագետ, որ դրանք սխալ են ընկալում:

Շատ է պատահում, երբ հեռուսատատեսությամբ եղանակի մի կանխատեսում է արվում, բայց իրականում բոլորովին այլ եղանակ է լինում: Ասում են կանձրեւի՝ արեւ է լինում, ասում են պարզ եղանակ կլինի՝ անձրեւ ու ամպրոպ է լինում: Սակայն Հայաստանում եղանակային կանխատեսումներ անող «Հիդրոմետ» կազմակերպությունը վստահեցնում է, որ իրենց կանխատեսումները 89-90%-ով արդարացվում են, իսկ դա ամերիկյան եւ եվրոպական օդերեւութաբանական կազմակերպությունների նույն ցուցանիշների համեմատությամբ՝ բավականին բարձր ցուցանիշ է: Թե ինչու մարդիկ չեն վստահում «Հիդրոմետի» տվյալներին՝ «Առավոտի» հետ զրույցում «Հայպետհիդրոմետի» կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը պարզաբանեց, որ իրենք դրա հետ կապված վերլուծություններ են կատարել ու հասկացել, որ ոչ թե իրենք են սխալ կանխատեսում անում, այլ մարդիկ կանխատեսումներից օգտվելու ինտելեկտ չունեն. «Մարդիկ բողոքում են, որ հեռուստատեսությամբ եղանակի տեսություն են լսում, ասում են՝ առանց տեղումների եղանակ, բայց պատուհանից նայում են՝ անձրեւ է գալիս: Սա կախված է մարդու զարգացածության աստիճանից, որովհետեւ մարդը գոնե պետք է հասկանա, որ տվյալ պահի համար երբեք կանխատեսում չեն տալիս, եթե լսում են պրագնոզ, դա վաղվա համար է, ոչ թե օրվա: Եվ այդ խեղաթյուրված կարծիքները, որոնք գալիս են մեր ազգաբնակչության սխալ իրազեկված լինելուց եւ ցածր ինտելեկտից, բերում են մեր հեղինակության եւ անվան անկման»: Ապացուցելու համար, թե եղանակի կանխատեսումներից որքան անտեղյակ ու անգրագետ է մեր հասարակությունը, Գ. Սուրենյանը նշեց, որ մարդիկ ամռանը հաճախ խոսում են, որ 50 աստիճան շոգ է, բայց «Հիդրոմետը» 30 աստիճան է ցույց տալիս, որ խուճապ չստեղծի. «Յուրաքանչյուր տարրական կրթություն ունեցող մարդը, որը սովորել է 5-րդ դասարանի աշխարհագրություն, պետք է իմանա, որ Հայաստանում 42 աստիճանից բարձր ջերմաստիճան երբեք չի գրանցվել, ավելին՝ 50 աստիճան տաքություն նույնիսկ երկրագնդի վրա չի գրանցվել: Նման անգրագետ հայտարարությունները, որ 50, 60, նույնիսկ 70 աստիճան տաքություն է Հայաստանում, վկայում են այն մասին, որ պետք է լուրջ աշխատանք կատարենք, որպեսզի ազգաբնակչությունը կարողանա ճիշտ ընկալել մեր կանխատեսումները»: «Հայպետհիդրոմետի» մասնագետը վստահ է, որ մարդիկ տան ջերմաչափն էլ են սխալ օգտագործում եւ պարզում են, որ իրենց բնակարանում իսկապես 60-70 աստիճան տաքություն է. «Ամռանը ջերմաչափը փակցնում են պատուհանի մոտի պատին, երբ արեւը դուրս է գալիս, քարերը լավ տաքանում են, սնդիկը բարձրանում է 60-70 աստիճան: Մինչդեռ ջերմաչափը պետք է անպայման դրվի ստվերում, ընդ որում, ազատ օդափոխանակության տարածքում: Թող ջերմաչափը հանեն, պատշգամբի ստվերում թելով կախեն, եթե ուզում են ճիշտ ջերմաստիճանն իմանալ»:
«Հիդրոմետի» կանխատեսումներին չեն համապատասխանում նաեւ օպերայի շենքի ճակատին տեղադրված ջերմաչափի տվյալները: Այդ ջերմաչափը մի թիվ է ցույց տալիս, իսկ օպերայի շենքի դիմացի վազող տողով բոլորովին այլ թիվ է երեւում: Մարդը չգիտի՝ հավատա օպերայի շենքի ճակատի՞ ջերմաչափին, թե՞ գրածին: Գ. Սուրենյանի խոսքերով՝ «Օպերայի ջերմաչափը երբեք չի կարող ճիշտ ցույց տալ, որովհետեւ այն ամրացված է տանիքի անմիջական ազդեցության տակ, տանիքը տաքանում է իսկապես 70-80 աստիճան, այդ ջերմությունը փոխանցվում է ջերմաչափի սնդիկին ու ոնց որ ջերմաչափը դնեք ջեռակի վրա, ի՞նչ կստացվի: Ես զբաղվում եմ այս գիտությամբ արդեն 10 տարի, անընդհատ ուշադրություն եմ դարձրել, այդ ջերմաչափը երբեք չի համապատասխանել իրականությանը: Մենք այդ խնդրով դիմել ենք շահագրգիռ մարմիններին, բայց մեր կառավարությունը չի ուզում այդ սխալը շտկել»:
Գագիկ Սուրենյանը հորդորեց մարդկանց վստահել միայն իրենց հրապարակած կանխատեսումներին, որովհետեւ դրանց արդարացումն իսկապես բարձր մակարդակի վրա է, չնայած իրենք էլ են երբեմն սխալվում. «Երկրագնդի վրա չկա նման երկիր, որ մինչեւ 98% կանխատեսման որակ ունենա, որովհետեւ, ի վերջո, գործ ունեն բնության հետ: Նույնիսկ բժշկությունը, որ արդեն հասել է իր զարգացման վերելքներին ու մարդկային կլոններ է ստեղծում, մինչեւ հիմա չի կարողանում ճիշտ ախտորոշում տալ, որովհետեւ բժիշկներն էլ մեզ նման գործ ունեն բնական երեւույթների հետ: Բժիշկը հղի կնոջը ասում է տղա կունենաս, բայց աղջիկ է ծնվում, նույնն էլ մեզ մոտ կարող է լինել»: Ըստ Գ. Սուրենյանի, այսօր բոլոր հեռուստաալիքներով, բացառությամբ «Արմենիա» հեռուստաընկերության, իրենց տրամադրած կանխատեսումներն են հաղորդվում: «Հիդրոմետը» պատասխանատու չէ միայն «Արմենիայի» եղանակի տեսության տվյալների համար: Այնուամենայնիվ, եղել են դեպքեր, երբ «Մետեո TV»-ն «Հիդրոմետի» կանխատեսումը տեխնիկական պատճառներով մի քանի օր կրկնել է եւ թյուրիմացություն է առաջացրել:

Հ. Գ. Նոյեմբերի 2-ին կանխատեսումների բաժնի պետի հետ հարցազրույցի ժամանակ նա ներկայացրեց նաեւ առաջիկա մեկ շաբաթվա եղանակային կանխատեսումները, ըստ որի, մինչեւ ամսի 3-ը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ միայն անձրեւի տեսքով: Գ. Սուրենյանը վստահեցնում էր, որ ձյան տեսքով տեղումներ հանրապետության բնակելի վայրերում չի սպասվում, այդպիսի տեղումներ կլինեն միայն բարձրլեռնային շրջաններում՝ 2500 մետր բարձրությունից վերեւ գտնվող տարածքներում: Մինչդեռ հարցազրույցից հետո դեռ տուն չհասած՝ ընկա կարկուտի տակ: Նշեմ, որ ես ապրում եմ Հարավ-արեւմտյան թաղամասում, որը հաստատ 2500 մետր բարձրության վրա չի գտնվում:
Հաշվի առնելով այս դեպքը՝ ակամայից հավատում ես այն անեկդոտին, որ օդերեւութաբանները սխալվում են ընդամենը մեկ անգամ, բայց՝ ամեն օր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել