Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախարարությունը չի բացառում, որ կան ապօրինի գործող տաքսիներ

Նոյեմբեր 05,2009 00:00

«Առավոտ» օրաթերթի նոյեմբերի 3-ի համարում տպագրված «Տաքսի ծառայությունները գործում են ապօրինի» հոդվածում անդրադարձել էինք այն խնդրին, որ տասնյակ տաքսի ծառայությունների մեքենաներ գործում են առանց դեղին պետհամարանիշների, այսինքն՝ առանց լիցենզավորման, ինչը օրենքի խախտում է: Երեկ խնդրի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը. «ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ՀՀ տրանսպորտային տեսչության կողմից այս տարվա մարտ ամսից մինչեւ նոյեմբերի 4-ը ՀՀ ոստիկանության պետավտոտեսչության աշխատակիցների հետ համատեղ մարդատար տաքսի-ավտոմոբիլներով իրականացվող ուղեւորափոխադրումների նկատմամբ իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում կազմվել է 2700 արձանագրություն, այդ թվում՝ 821-ը անհատ վարորդների, 1879-ը՝ կազմակերպությունների նկատմամբ: 1639 արձանագրություն կազմվել է սպիտակ հիմնագույնի պետհամարանիշներով տրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպությունների, իսկ 240-ը՝ դեղին պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների նկատմամբ՝ կապված սակաչափիչի, երթուղային թերթիկի եւ այլնի բացակայության հետ: Ըստ հոդվածի՝ «Բազմաթիվ տաքսի ծառայությունների սեփականատերեր դեղին համարանիշներ հանեցին ընդամենը մի քանի մեքենաների համար, իսկ մյուսները մնացին սպիտակ պետհամարանիշներով եւ շարունակեցին աշխատել առաջվա նման անօրինական դաշտում»:
Նշենք, որ օրենքը թույլ է տալիս գրանցվել եւ ստանալ մարդատար տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ իրականացնող կազմակերպության լիցենզիա, իսկ այնուհետեւ համալրել մեքենաների քանակը: Քանի որ լիցենզավորման գործընթացը, ինչպես նաեւ համալրման ընթացքը պահանջում են որոշակի ժամանակահատված, ուստի սահմանված կարգով ներկայացված տրանսպորտային միջոցները կարող են շահագործվել: Բացի այդ, դեռեւս շարունակում են որպես տաքսի ծառայություն մատուցող շահագործվել սպիտակ հիմնագույնի պետհամարանիշներով 10 տարուց ավելի շահագործված տրանսպորտային միջոցները: Հաջորդ տարեսկզբից այդ մեքենաներով կդադարեցվի տաքսի ծառայությունների մատուցումը: Այդուհանդերձ, չենք բացառում, որ կան կազմակերպություններին պատկանող սպիտակ պետհամարանիշներով տաքսի մեքենաներ, որոնք գործում են ոչ օրինական դաշտում: Այդ իսկ պատճառով պետավտոտեսչության հետ համատեղ ստուգայցերը շարունակական են լինելու:
Ինչ վերաբերում է ձեր կողմից նշված անօրինական դաշտում աշխատող տաքսի ծառայություններին, ապա միայն դրանց նկատմամբ տարբեր խախտումների համար կազմվել է 115 արձանագրություն, իսկ 3-ի՝ «Իս-իս»-ի, «Անանի»-ի եւ «Չաո»-ի լիցենզիաների գործունեությունը կասեցվել է, եւ այդ գործընթացը շարունակվում է: Համաձայն գործող կարգի, մինչեւ յուրաքանչյուր ամսվա 10-ը լիցենզավորված եւ լիցենզիայի ուժը կորցրած կազմակերպությունների մասին տեղեկատվությունը տրամադրվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել