Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բարեգործություն՝ «Վեդի Ալկոյի» համար

Նոյեմբեր 05,2009 00:00

\"\"Արդեն մի քանի ամիս է, ինչ «Վեդի Ալկո» ոգելից խմիչք արտադրող ընկերության գովազդային հոլովակում համաշխարհային մեծության մի քանի աստղեր՝ Ադրիանո Չելենտանոն, Ժան Պոլ Բելմոնդոն, Ժանսեմը եւ այլք գովազդում են ընկերության «Արենի» եւ «Գետափ Վերնաշեն» գինիները: Հոլովակի՝ եթերում հայտնվելուց ընդամենը մի քանի օր անց, չգիտես ինչու, գովազդող աստղերի շարքից հանվեց Ադրիանո Չելենտանոյի մասնակցությամբ հատվածը: Բանն այն է, որ, ըստ մեր տեղեկությունների, «Վեդի Ալկո» ընկերությունը գովազդային հոլովակը նկարահանել եւ եթեր է հեռարձակել առանց գովազդի անմիջական մասնակիցների գիտության: Իսկ երբ դերասան եւ երգիչ Չելենտանոյի PR- մենեջերները տեղեկացել են այդ գովազդի մասին, «Վեդի Ալկոյի» սեփականատիրոջը, մեղմ ասած՝ զգուշացրել են հոլովակից հանել Չելենտանոյին՝ խնդիրներ չունենալու համար: Այս զգուշացումից հետո էլ դերասանի մասնակցությամբ հատվածը «Արենիի» եւ «Գետափ Վերնաշենի» գովազդից հանվել է: Իսկ աստղերի մասնակցությամբ նկարահանումը, ըստ մեր աղբյուրի, տեղի է ունեցել այսպես: Պարզապես գինիները նվիրել են նրանց, այդ պահին նկարել եւ առանց նրանց տեղյակ պահելու՝ գովազդային հոլովակ պատրաստել ու եթեր հեռարձակել:
Նկատի ունենալով, որ Հայաստանի գովազդային շուկայում նման խախտումները եզակի չեն, «Առավոտը» փորձեց ընկերության պատասխանատուներից ճշտել՝ արդյո՞ք իրենք աստղերի հետ գովազդի վերաբերյալ նախապես պայմանավորվել են, եւ ի՞նչ չափի գումարով են նրանք համաձայնել գովազդել ընկերության գինիները:
«Վեդի Ալկո» ընկերության պատասխանատուներից Դավիթ Դավթյանը պարզաբանեց. «Մենք «Արարատ» հեռուստաալիքով «Հայեր» հեռուստահաղորդման հովանավորն ենք: Հաղորդման շրջանակներում հաղորդավարուհին շրջում է տարբեր երկրներում եւ զրուցում համաշխարհային ատղերի հետ, որոնք էլ բարեգործական հիմունքներով նկարահանվում են մեր գովազդում: Արդեն 50 հոգու նկարահանել ենք, հերթով կցուցադրենք»: Մեր հարցին, իսկ ինչո՞ւ Ա. Չելենտանոյի մասն այլեւս չի ցուցադրվում, պարոն Դավթյանը պատասխանեց. «Այդ մասը լավ չէր ձայնագրվել, որակը լավը չէր, դրա համար էլ հանեցինք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել